Իշխանությունները պնդում են, որ ԵԱՏՄ-ում մնալը բխում է Հայաստանի շահերից " />

Ազգային ժողովը մերժել է Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ընդդիմության առաջարկը

Իշխանությունները պնդում են, որ ԵԱՏՄ-ում մնալը բխում է Հայաստանի շահերից

Հայաստանի խորհրդարանը մերժել է Հայաստանի Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին նախագիծը: Այն ներկայացրել էր ընդդիմադիր «Ելք» կուսակցությունների դաշինքը, որի մոտեցմամբ 2015թ.-ից ԵԱՏՄ-ին անդամակցող Հայաստանն այդ կառույցից որևէ դրական տեղաշարժ կամ օգուտ չի ստացել: Ընդդիմադիրների վկայությամբ, դա հաստատում են այս տարիների ընթացքում կատարված բոլոր ուսումնասիրությունները:

Ազգային ժողովի մեծամասնությունը դեմ է քվեարկել նախագծին՝ պնդելով, որ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի շահերից է բխում:

 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտադրված է անդամակցել Մաքսային միությանը, որի հիմքում էլ հետագայում ստեղծվեց Եվրասիական տնտեսական միությունը: ԵԱՏՄ անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը: 

Մինչև քվեարկությունը «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ իրենց ներկայացրած նախագիծը «թացը չորից տարբերակող» նախագիծ է: Նա նշել է, որ հունվարի 1-ից, ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ պայմանագրեր, որոնց համաձայն Հայաստանում ապրանքները թանկանալու են, քանի որ բարձրացվելու են երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք մուտք գործող ապրանքների մաքսատուրքերը: Եվ քաղաքացիներին թանկացումների և հավելյալ սոցիալական բարդությունների առաջ չկանգնեցնելու համար ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ, քանի դեռ այս պայմանագրերը ուժի մեջ չեն մտել:

Մինչ Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրումը, որն արդեն տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին, իշխանությունն առաջ էր բերում այն փաստարկը, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց նախաձեռնելը «հնարավոր է խանգարի ստորագրման պրոցեսին»: «Ելքի» պատգամավորների պդնմամբ, այժմ Հայաստանը պետք է ազատվի ԵԱՏՄ անդամակցության համաձայնագրից և շարժվի զարգացման ուղիով, շրջադարձ կատարի դեպի Եվրոպական միություն:

«ԵԱՏՄ տարածքը սանկցիաների տակ է, որի պատճառով Հայաստանն է տուժում, և անգամ ԵԱՏՄ-ի համաձայնագրի երաշխիքներն ու դրույթները չեն գործում ԵԱՏՄ տարածքում։ Այսինքն՝ դա մի միություն է, որտեղ մենք, ըստ էության, անելիք չունենք, և դա Հայաստանի տնտեսությունը զարգացնելու որևէ հնարավորություն չունի»,- շեշտել է ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը:

Իշխանությունը ներկայացնող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է՝ ԵԱՏՄ-ն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կառույց է, և Հայաստանը քաղաքական խնդիրներ է լուծում այդ կառույցում:

«Քաղաքական տեսակետից ակնհայտ է, որ ԵԱՏՄ անդամակցությունը բխում է Հայաստանի անվտանգության երաշխիքներից: Ցանկացած անդամություն ցանկացած վերազգային կառույցում բերում է պարտավորություններ, կարող եք կոչել ինքնիշխանության սահմանափակում, փոխանակում կամ ինչ ուզում եք… Նորմալ է, որ որևէ պետություն անդամակցելով որևէ վերազգային կառույցի՝ ստանձնում է որոշ պարտավորություններ»,- հայտարարել է Աշոտյանը:

Իշխանության ներկայացուցիչը ասել է, որ Հայաստանը բալանսավորված արտաքին քաղաքականություն է վարում՝ լինելով ԵԱՏՄ անդամ, համագործակցում է նաև Եվրամիության հետ:

Ավելի վաղ JAMnews-ն անդրադարձել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին և դրա շուրջ ծավալված քննարկումներին:

Հայաստանում քննարկում են ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին առաջարկությունը


Կարդալ ավելին JAMnews-ում