Իշխող մեծամասնությունը որոշեց չզիջել դիրքերը, ընդդիմադիր շարժումը կշարունակի անհնազանդության գործողությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ " />

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Իշխող մեծամասնությունը որոշեց չզիջել դիրքերը, ընդդիմադիր շարժումը կշարունակի անհնազանդության գործողությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

Քիչ առաջ Հայաստանի Ազգային ժողովը դեմ քվեարկեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում: Համաժողովրդական շարժման առաջնորդը չստացավ պատգամավորների մեծամասնության ձայները՝ երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին խորհրդարանական 4 ուժերից 3-ը, բայց դա բավարար չէր: Դեմ քվեարկեց իշխող մեծամասնությունը: Արդյունքում Փաշինյանը ստացավ 45 կողմ ձայն, 56 պատգամավոր դեմ քվեարկեց նրա թեկնածությանը:

Սահմանադրության համաձայն 7 օր անց Ազգային ժողովը գումարելու է ևս մեկ նիստ, որտեղ նորից քննարկվելու է վարչապետի թեկնածության հարցը: Խորհրդարանական մյուս խմբակցությունները հնարավորություն կունենան առաջադրել վարչապետի իրենց նախընտրած թեկնածուին: Ընտրության երկրորդ փուլի ժամանակ կրկին վարչապետ չընտրելու պարագայում Ազգային ժողովը կցրվի և կնշանակվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Դեռևս հայտնի չէ, արդյո՞ք 7 օր անց որևէ խմբակցություն կներկայացնի իր թեկնածուին, թե՞ Նիկոլ Փաշինյանը կրկին կլինի այս պաշտոնի միակ հավակնորդը:

Քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանը գնաց Հանրապետության հրապարակ, որտեղ նրան էին սպասում հազարավոր մարդիկ: Նրանք հենց այստեղից հետևում էին խորհրդարանական քննարկման ողջ ընթացքին, որն ի դեպ ժամեր տևեց: Ընդդիմադիր շարժման առաջնորդը կոչ արեց վաղվանից՝ մայիսի 2-ից շարունակել անհնազանդության գործողությունները:

REUTERS/Gleb Garanich

Հիշեցնենք, որ դրանք սկսվեցին ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընդվզումներով: Սարգսյանը մինչ այդ արդեն 10 տարի երկրի նախագահն էր: Հետագայում, Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո բողոքի ակցիաները վերաճեցին  հզոր բազմահազարանոց շարժման ընդդեմ նրա ղեկավարած Հանրապետական կուսակցության իշխանության դեմ: Ապրիլից Հայսատանը ամբաղջությամբ անցել է խորհրդարանական կառավարման: Ազգային ժողովի մեծամասնությունը  կազմում են Հանրապետական կուսակցության պատգամավորները:

Ինչո՞ւ դեմ քվեարկեց Հանրապետական մեծամասնությունը

Իշխող խմբակցության պատգամավորներն ասում էին, որ Նիկոլ Փաշինյանի տեսլականն արտաքին և ներքին հարցերում, ըստ էության, չի տարբերվում մինչ օրս իշխանությունների կողմից վարած քաղաքականությունից: ՀՀԿ-ական պատգամավորներն ընդգծում էին, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու պարագայում երկրում կխորանա ճգնաժամը:

«Որ կոճակն էլ սեղմենք, «դեմ», թե «կողմ» կրելու ենք պատասխանատվություն: Սա վտանգավոր է: Աթոռի վտանգը չէ հարցը, մենք կորցրել ենք վստահությունը ուժային կենտրոնների կողմից»,- հայտարարել է պատգամավոր Կարեն Բեքարյանը:

ՀՀԿ-ական պատգամավորներից շատերը նշել են, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ դառնալ վարչապետ, որովհետև փորձառու չէ, նա աչքի է ընկել հրապարակներում, ԱԺ-ում, լրատվական դաշտում, բայց ոչ աշխարհաքաղաքական ոլորտում:

«Դուք ասացիք՝ «Մերժենք Սերժ Սարգսյանին»՝ գնաց, մերժեցիք Կարեն Կարապետյանին՝ գնաց, մենք չառաջադրեցինք մեր թեկնածուին: Բայց երկրին պետք է ընդդիմություն, այլակարծություն, ազատության արտահայտման հնարավորություն։ Ժողովրդավարությունը տոտալիտար դրսևորումներով չի հաստատվում: …Չեմ ուզում, որ Փաշինյանը, ով դարձավ հայկական Մանդելա, հանկարծ դառնա Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետը»,- շեշտեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:


Կարդալ ավելին JAMnews-ում