Ադրբեջանը պարզեցրել է վիզային ռեժիմը մոտ 90 երկրների հետ " />

Ադրբեջան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է գրեթե մեկ երրորդով

Ադրբեջանը պարզեցրել է վիզային ռեժիմը մոտ 90 երկրների հետ

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում Ադրբեջան է այցելել 200 հազարով ավելի շատ զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Դա մոտ 30%-ով աճ է ենթադրում: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը:

Վիզային ռեժիմի պարզեցումը զբոսաշրջիկների թվի ավելացման կարևոր պատճառ է: «Մենք մեր դռներն ենք բացել մոտ 90 երկրների առջև», – նախարարի խոսքերն է մեջբերում ԱՊԱ գործակալությունը:

Այս տարի, ըստ Ադրբեջանի նախարարի՝ սպասվում է ԱՄԷ-ից զբոսաշրջիկների մեծ հոսք:

Նախարարը հավելել է, որ «զբոսաշրջային ոլորտում այս տարին մեզ համար փորձաշրջան կլինի»:

Առանձնահատուկ հույսեր են կապվում «Գրան-պրի Ադրբեջանի» և «Ֆորմուլա-1»-ի հետ, որոնք Բաքվում կանցկացվեն հունիսի 22-ից 25-ը: Գարաևը նշել է, որ «Ֆորմուլա-1»-ի ժամանակ երկրում լցվում է խոշոր հյուրանոցային ցանցերի 95 տոկոսը: «Արդեն պատվերներ կան: Բացի այդ, Պարսից ծոցի երկրներից զբոսաշրջիկները կարող են հանգստանալ ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև շրջաններում»:

Նախարարը հավելել է նաև, որ երկրում աստիճանաբար զարգանում է հոսթելների ցանցը, որոնք առանձնակի տարածում ունեն երիտասարդ ճանապարհորդների շրջանում: Այդպիսի հոսթելներում գիշերակացը մոտ 10 մանաթ (5.3 եվրո) է կազմում:


Կարդալ ավելին JAMnews-ում