Մարկ Ցուկերբերգը պատերազմ է հայտարարել ռուսալեզու «համացանցային թրոլերին» " />

Ադրբեջանցի օգտատերերը հայտնվել են Ֆեյսբուքի «սև ցուցակում»

Մարկ Ցուկերբերգը պատերազմ է հայտարարել ռուսալեզու «համացանցային թրոլերին»

Աշխարհի խոշորագույն սոցցանց Ֆեյսբուքում արգելափակվել են այն օգտատերերի էջերն ու հաշվառման գրառումները, որոնք կասկածվում են ռուսական «Համացանցային հետազոտություններ գործակալության» (IRA) հետ համագործակցության համար, որն առավել հայտնի է որպես «թրոլերի ֆաբրիկա»:

Այս մասին Reuters-ին հայտարարել է Ֆեյսբուքի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:

Վերջինիս խոսքով, նշված գործակալությունը «հարյուրավոր կեղծ էջերից» կազմված ցանց է ստեղծել 2016թ-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու և Ադրբեջանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի ռուսալեզու բնակիչների համար նախատեսված տեղեկատվությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար:

Ցուկերբերգը հաղորդել է այդ արշավի կապակցությամբ 273 ռուսալեզու էջ ջնջելու մասին: Երեքշաբթի՝ ապրիլի 3-ին, Ֆեյսբուքը սկսել է ջնջել «թրոլերի ֆաբրիկայի» ռուսալեզու էջերը:

«Այդ ռուսական գործակալությունը բազմիցս գործել է խաբեությամբ՝ փորձելով մանիպուլյացիայի ենթարկել ԱՄՆ, ԵՎրոպայի և Ռուսաստանի բնակիչներին, և մենք չենք ցանկանում տեսնել այն Ֆեյսբուքում աշխարհի ոչ մի ծայրում», – գրել է Ցուկերբերգն իր էջում:

Մոտակա շաբաթների ընթացքում Ֆեյսբուքը խոստանում է թարմացում թողարկել, որի օգնությամբ սոցցանցի օգտատերերը կարող են ստուգել, թե արդյոք նրանք գրանցված են այն էջերին, որոնք գաղտնի կերպով կառավարվում են գործակալության կողմից:

Ցուկերբերգը պնդում է, որ այդ միջոցն ուղղված է ամբողջ աշխարհում ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությանը:

Ապրիլի 10-ին Ցուկերբերգը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ մանրամասն կպատմի թրոլերի դեմ պայքարի միջոցների մասին:

Ֆեյսբուքի հաշվետվության համաձայն՝ ջնջված էջերին գրանցված է եղել մոտ մեկ միլիոն մարդ ամբողջ աշխարհից, նրանցից 29 հազարն՝ Ադրբեջանից:

Բացի այդ, Ֆեյսբուքը ջնջել կամ արգելափակել է մի շարք թրոլերի էջեր հենց Ադրբեջանում:

Սակայն այս սոցցանցի որոշ արգելափակված օգտատերեր պնդում են, որ ոչ մի կապ չեն ունեցել և չունեն «թրոլերի ֆաբրիկայի» հետ, այնուամենայնիվ, Ֆեյսբուքը ոչ մի կերպ չի արձագանքում նրանց բողոքներին և դիմումներին:


Կարդալ ավելին JAMnews-ում