Անհասցե նամակներ, թաքցրած գերեզմաններ և հին զինվորական համազգեստ" />

Ադրբեջանցի վետերանները պատմում են Երկրորդ աշխարհամարտի մասին

Անհասցե նամակներ, թաքցրած գերեզմաններ և հին զինվորական համազգեստ

Առաջին անգամ հրապարակվել է 2018 թվականի մայիսի 9-ին

Ադրբեջանում Երկրորդ աշխարհամարտի մոտ 200 վետերան է մնացել: Անցյալ տարի նրանց թիվը մոտ 800 էր: Որքան նրանք պակասում են, այնքան ավելի արժեքավոր են դառնում նրանց պատմած պատմությունները:

Աղաև Ասքեր, 1922

1940թ-ին ընդունվեցի Ծովային ակադեմիա: Երբ պատերազմը սկսվեց, մեզ համալսարանից տարան Սևաստոպոլ: Մենք պետք է սուզանավերում հետախուզություն անցկացնեինք, որպեսզի որոշեինք այն օբյեկտները, որոնք պետք է ռմբակոծվեն:

Սուզանավում մենք նախապես չգիտեինք․ թե ուր ենք գնում: Այդ ընթացքում նամակներ էինք գրում: Փոխանցում էինք միմյանց, որ, եթե մեզնից մեկը մահանա, մյուսը նամակները հարազատներին հասցնի: Իսկ ես չգիտեի, թե ում գրել: Որովհետև ոչ ոք չունեի՝ ոչ հայր, ոչ մայր, ոչ եղբայր, ոչ քույր:

1945թ-ին Հաղթանակի օրը նշեցի ռումինական Կոնստանցա քաղաքում: Հայրենիք ես չվերադարձա, քանի որ Բաքվում ինձ ոչ ոք չէր սպասում: Հետո ինձ Մոզդոկ ուղարկեցին աշխատելու: 1967թ-ին ընտանիք կազմեցի և հետո միայն Բաքու վերադարձա:

Իսմայիլ Ֆարաջով, 1924

Ես ծառայում էի 77-րդ դիվիզիայում: Եղել եմ Բեռլինում:

Մի անգամ Մոլդովայում՝ Իզմայիլիա անվամբ շրջանի մոտակայքում, ուժեղ գնդակոծության տակ ընկանք: Այն ժամանակ 204 ադրբեջանցի զոհվեց, և շատերը վիրավորվեցին: Բոլոր զոհվածներին հնարավոր չէր հուղարկավորել, մենք պարզապես մեծ փոսեր էինք փորում, դիերը լցնում այնտեղ և հողով ծածկում: Ոչ մի կերպ չէինք նշում այդ վայրերը, որ «գերեզմանները» չգտնեն ու չքանդեն:

1945թ-ին ես Բեռլինից Մոսկվա եկա: Ապրեցի այնտեղ մեկ տարի, հետո Բաքու վերադարձա և սկսեցի աշխատել որպես պատմության ուսուցիչ:

Մարիա Ստեպանովա, 1923

Ես ծնվել եմ Ռուսաստանի Օրենբուրգի գուբերնիայում: Երբ պատերազմը սկսվեց, կամավոր ճակատ մեկնեցի: 1942թ-ից մասնակցել եմ Ստալինգրադի մարտերին:

Գրոհի ժամանակ մեր հետևից միշտ բուժքույրեր էին գալիս: Մարտերից մեկի ժամանակ մի դաշտ եկանք, որտեղ մեզնից առաջ գերմանացիներն ուրիշ գունդ էին ռմբակոծել, այնտեղ շատ էին վիրավորները: Այսօրվա պես հիշում եմ. մեր բուժքույրերից մեկն օգնում էր վիրավորին, իսկ նա ասաց, որ հեռանանք, թե չէ մեզ էլ կսպանեն: Բուժքույրը պատասխանեց. «Եղբայրս պատերազմ է մեկնել, նա էլ է հիմա վիրավոր, ի՞նչ կլինի, եթե նրան ոչ ոք չօգնի»:

1945թ-ին ես ամուսնացա ադրբեջանցի մի տղայի հետ, որի հետ ճակատում էինք ծանոթացել, և Ադրբեջան տեղափոխվեցի:

Ալեքսանդր Գրիտչենկո, 1922

Այն պատճառով, որ մենք ծովային ուժերում էինք ծառայում, մեզ առաջինը պատերազմ տարան: Մենք տևական ժամանակ ցամաք դուրս չէինք գալիս: Ստիպված էինք բավարարվել սննդի այն պաշարով, որ կար նավի վրա: Ձգտում էինք այնպես անել, որ ոչ ոք սոված չմնա: Անկեղծ ասած, հաճախ ուտելու ժամանակ չէր էլ լինում:

Ամենից շատ ուզում էինք, որ այդ ամենն ավարտվի և ողջ տուն վերադառնանք: Շատ սարսափելի էր:

Սեյֆուլա Բախիշով, 1922

Ես հրետանիում էի: Մասնակցել եմ Ուկրաինայի և Բելառուսի մարտերին: Երկու անգամ վիրավորվել եմ:

1945թ-ին մենք Բեռլինի մոտ էինք և հրամանի էինք սպասում քաղաք մտնելու համար: Հետո հաղթանակի մասին լուր ստացանք և Գերմանիայից Մոսկվա վերադարձանք: Իսկ հետո ես երկար ժամանակ չէի կարողանում տուն վերադառնալ. մեզ ասում էին, որ զինվորների պակաս կա: 1948թ-ին միայն տուն ուղարկեցին:

Երբ վերադառնում էինք, մեզ ասացին, որ հանձնենք նոր համազգեստն, ու փոխարենը հինը տվեցին: Համազգեստի պակաս էլ կար:


Կարդալ ավելին JAMnews-ում