Մարդիկ դժգոհ են և կարծում են, որ տուգանքները չափազանց մեղմ պատիժ են " />

Ադրբեջանցի պաշտոնյան տուգանվել է ծովն աղտոտելու համար: Սա սեզոնի ընթացքում արդեն երկրորդ դեպքն է

Մարդիկ դժգոհ են և կարծում են, որ տուգանքները չափազանց մեղմ պատիժ են

Բաքվի ջրմուղի վարչության պետ Գաբիլ Գուլիևին որպես պաշտոնյայի տուգանել են 2500 մանաթով (մոտ 1480 դոլար) կեղտաջրերը Բաքվի Բուզովնա ավանում Կասպից ծով լցնելու համար:

Դրան նախորդել էր բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության «թեժ գծին» ստացված բողոքի զանգը: Անցկացված փորձաքննությունը ցույց էր տվել, որ իրականում ջրի կազմում աղտոտող նյութերի մակարդակը գերազանցում է նորման:

Ջրմուղը կոմունալ ձեռնարկություն է, որը զբաղվում է Ադրբեջանի քաղաքների ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ:

Բուզովնան Բաքվի մոտ գտնվող առափնյա ավաններից մեկն է: Ամռանն այդ լողափին են հանգստանում քաղաքացիները: Յուրաքանչյուր սեզոնին մարդիկ բողոքում են, որ ծովն այստեղ (ինչպես և մյուս լողափերին) կեղտոտ է, և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում: Սակայն այս ամառ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ պաշտոնյաներին պատժում են կեղտաջրերը ծով լցնելու համար: Մոտ մեկ ամիս առաջ նույն բանի համար տուգանվել էր Սումգայիթ քաղաքի ջրմուղի պետը: Ծովի աղտոտման համար նա 3000 մանաթ էր վճարել (1775 դոլար):

Սակայն սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ տուգանքները չափազանց մեղմ պատիժ են, և իրենց տարբերակներն են առաջարկում.

«Նրանց ոչ թե տուգանել է պետք, այլ կալանավորել»:

«Նրան պետք էր աշխատանքից ազատել»:

«Նրան էր պետք այդ կեղտաջրերի մեջ մտցնել…»:

Միաժամանակ մարդիկ սկսեցին խոսել այն մասին, թե արդյոք արժե լողալ տեղի լողափերում.

«Ես 2005թ-ից Կասպից ծովում չեմ լողում, ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս: Չարժե կյանքը վտանգի ենթարկել»:

«Շատ եմ ուզում ծով մեկնել, սակայն արտասահմանյան հանգստավայրերի համար այս տարի ոչ փողը հերիքեց, ոչ ժամանակը, իսկ մեր ծովից զզվում եմ: Առավելևս թույլ չեմ տա, որ երեխաներս մտնեն այդ ջուրը»:

«Մեր լողափերում լողալիս գլխավորը չմտածելն է այն մասին, թե ինչ կեղտ է լողում այդ ջրում՝ սկսած աղիքային ցուպիկից մինչև հայտնի չէ թե ինչ: Եվ ինչպես ենք մենք դեռ ողջ մնացել…»:


Կարդալ ավելին JAMnews-ում