Խադիջա Իսմայիլի խոսքով՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի օգնականը սպառնացել է չեղարկել ներկայացումը, եթե ինքը լինի հանդիսատեսի շարքում: " />

Ադրբեջանցի հայտնի հետաքննող լրագրողին թույլ չեն տվել մտնել թատրոն՝ ներկայացման

Խադիջա Իսմայիլի խոսքով՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի օգնականը սպառնացել է չեղարկել ներկայացումը, եթե ինքը լինի հանդիսատեսի շարքում:

Ադրբեջանցի հայտնի լրագրող, նախագահ Ալիևի ընտանիքի բիզնեսների մասին մի քանի սկանդալային բացահայտումների հեղինակ Խադիջա Իսմայիլը ստիպված է եղել լքել օպերայի և բալետի պետական թատրոնի շենքը այն բանից հետո, երբ զգուշացնող գրություն է ստացել առ այն, որ ներկայացումը հնարավոր է չեղարկվի, եթե նա ներկա լինի հանդիսատեսի շարքում:

Խադիջան հրավիրված էր «Մկների և մարդկանց մասին» ներկայացման պրեմիերային, որը բեմադրվել էր ամերիկացի գրող Ջոն Ստեյնբեքի պատմվածքի հիման վրա: Ներկայացումը բեմադրվել էր «Էսա» թատրոնում՝ վերջինիս առաջին տարեդարձի կապակցությամբ. «Էսա» թատրոնը հայտնի է նրանով, որ դերասանների մեծ մասը սահմանափակ հնարավորությունների տեր մարդիկ են («Էսա» բառը թարգմանաբար նշանակում է «հենակ», «հաշմանդամի փայտ»): Ներկայացման հովանավորներից մեկը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն էր:

Սակայն թատրոնի մուտքի մոտ լրագրողին սպասվում էր գրություն՝ զգուշացմամբ, որ ներկայացումը կարող է չեղարկվել, եթե նա հայտնվի դահլիճում՝ հանդիսատեսի շարքում: Խադիջա Իսմայիլը Facebookի իր էջում գրել է, որ այդ հրահանգը եկել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի օգնական Յուսիֆ Մամեդալիևից, որը նույնպես դահլիճում է եղել և տեսել է Խադիջային, երբ վերջինս դուրս էր գալիս մեքենայից:

Ավելի ուշ պարզվել է, որ նույն ներկայացմանը հրավիրված է եղել նաև Ադրբեջանի նախագահի ավագ դուստր Լեյլա Ալիևան:

«Ես չէի ցանկանում տապալել միջոցառումը, ուստի որոշեցի լքել թատրոնը: Իմ գործընկերներից մի քանիսն էլ հետևեցին ինձ՝ որպես զորակցության նշան: Ես նրանց կհրավիրեի ինչոր տեղ սուրճ խմելու, բայց վախենում եմ՝ այդ սրճարանն էլ փակեն այնտեղ մեր ներկայությունից հետո»,- գրել է Խադիջան:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան զանգահարել է Խադիջա Իսմայիլին և ասել, որ շատ հիասթափված է այդ միջադեպի կապակցությամբ:

«Էսա» թատրոնի տնօրեն, դերասան Օրհան Ալիգյոզադը meydan.tvին ասել է, որ չի իմացել այդ միջադեպի մասին:

«Ես շատ վրդովված եմ: Ինձ համար պարզ չէ՝ ինչու կարող էր նման բան տեղի ունենալ»: Ինքը՝ Խադիջան, ի պատասխա մեր հարցման, ասել է, որ թատերախմբին որևէ հարցում չի մեղադրում:


Կարդալ ավելին JAMnews-ում