Արգելքը վերաբերում է քաղաքական գրականությանը " />

Ադրբեջանցի լրագրողին բանտում արգելում են կարդալ

Արգելքը վերաբերում է քաղաքական գրականությանը

Ազատազրկման դատապարտված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին բանտում հրաժարվում են քաղաքական գրականություն տրամադրել և թույլ չեն տալիս հանդիպել հարազատների և ընկերների հետ։ Այս մասին պատմել է NİDA հասարակական շարժման ներկայացուցիչ Սամիր Ասադլին՝ հավելելով, որ Մուխտարլին պատրաստվում է դատարան դիմել։

«Ամեն անգամ մենք նրա համար գրքեր ենք տանում, իսկ նրանք վերադարձնում են», – ասում է Ասադլին։

Քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մեհման Սադիղովը դա հերքում է։ Ըստ նրա՝ երկրի օրենսդրությունն արգելում է բանտարկյալներին տալ միայն այն գրքերը, որոնց բովանդակությունն ուղղված է ազգային, կրոնական և ռասայական թշնամանք սերմանելուն, ինչպես նաև պոռնկագրական գրականություն։ Մնացած գրքերը դատապարտյալները կարող են անարգել ստանալ։

Լրագրող Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական կառավարության խիստ քննադատ, նա մի քանի տարի Վրաստանում է ապրել ընդհուպ մինչև 2017թ-ի մայիսի 29-ը, երբ առևանգվեց Թբիլիսիի կենտրոնից և հաջորդ օրն իսկ հայտնվեց Բաքվում և մեղադրվեց սահմանի ապօրինի հատման և մաքսանենգության համար։ Արդյունքում՝ նրան դատապարտեցին վեց տարվա ազատազրկման։

Այդ միջադեպը մեծ ռեզոնանս և միջազգային սկանդալ առաջացրեց։ Վրաստանի իշխանությունները, որոնք մեղադրվեցին այդ առևանգմանը հանցակից լինելու համար, ստիպված էին արդարանալ և սեփական քաղաքացիների, և ադրբեջանցիների առջև, իսկ միջազգային կազմակերպությունները պահանջում էին Մուխտարլիի հանդեպ արդարության վերականգնում։ Սակայն փաստացի լրագրողը դեռևս ճաղերի ետևում է։ Այժմ, երբ «Հանրապետաական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը պայմանականորեն ազատ է արձակվել, Աֆղան Մուխտարլիին կարելի է անվանել աշխարհի «ամենահայտնի» ադրբեջանցի քաղբանտարկյալ։


Կարդալ ավելին JAMnews-ում