Իր մեղքը Ֆուադ Ղահրամանլին չի ընդունում և ասում է, որ պաշտոնից հրաժարվել է «հանուն իր առաջնորդի և կուսակցության» " />

Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը հրաժարական է տվել․ դուստրը նրան մեղադրել է ընտանեկան բռնության հանար

Իր մեղքը Ֆուադ Ղահրամանլին չի ընդունում և ասում է, որ պաշտոնից հրաժարվել է «հանուն իր առաջնորդի և կուսակցության»

Սեպտեմբերի 21 

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին հրաժարական է տվել այն բանից հետո, երբ նրա ավագ դուստրը նրան մեղադրել է ընտանեկան բռնության համար։ Նրա քայլը սոցցանցերում և լրատվամիջոցներում մեծ արձագանք է ստացել։ Իր որոշումը Ղահրամանլին բացատրել է նրանով, որ չի ուզում վնաս հասցնել կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին և կուսակցությանը։ 

«Ես միշտ պատրաստ եմ եղել զոհել ինձ ի շահ իմ առաջնորդի և կուսակցության։ Եվ այժմ նույնպես մտածում եմ ոչ թե իմ իրավացիության, այլ այն մասին, որ ոչ ոք չկարողանա օգտվել այս իրավիճակից և արատավորել «Ժողովրդական ճակատի» անունը, – գրել է Ղահրամանլին իր ֆեյսբուքյան էջում։

Նա նաև կոչ է արել «Ժողովրդական ճակատի» համակիրներին գալ սեպտեմբերի 28-ի հանրահավաքին, որը նվիրված է քաղբանտարկյալներին և ժողովրդավարական ընտրություններին։ 

Սեպտեմբերի 20 

Դուստրն ընտանեկան բռնության, դաժանության և սադիզմի մեջ է մեղադրել ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլիին։ Դա շոկի է ենթարկել հասարակության ակտիվ մասին և մարդկանց երկու «ճամբարի» բաժանել։ Մի մասը պաշտպանում է աղջկան և հիանում նրա արարքով։ Մյուսները փորձում են «բռնեցնել նրա սուտը» և արդարացնում են հորը։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ դա տեղի է ունեցել «Ժողովրդական ճակատի» հերթական հանրահավաքի նախօրեին։

• Մեկնաբանություն․ Ինչո՞ւ են Ադրբեջանում արդարացնում ընտանեկան բռնությունը

• Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ ընտանեկան խնդիրներ մահվան ելքով

«Հանցագործն ու սադիստը»

18-ամյա Սելջանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իր հայրը՝ Ֆուադ Ղահրամանլին «հանցագործ է, որը սեփական դստեր ծունկն ու կնոջ մատներն է կոտրում»։

Աղջիկը պատմել է, թե ինչ սարսափելի մթնորոլտ է տիրում իրենց ընտանիքում արդեն տասը տարի։ Թե ինչպես է հայրը մշտապես ծեծում կնոջն ու դստերը, ծաղրում նրանց, սկանդալներ սարքում։ Իսկ նրա կուսակիցները կոչ են անում ընդդիմադրի կնոջը լռել նրա կարիերան չփչացնելու համար։

Սելջանի խոսքով, որն այժմ Եվրոպայում է սովորում, ինքն իր պարտքն է համարում ճշմարտության մասին խոսել։ Քանի որ խոսքը ոչ միայն իր հոր, այլ նաև քաղաքական գործչի մասին է, որն ամբիոնից խոսում է մարդու իրավունքների, ազատության և արդարության մասին։

«Նա դրամատիզացնում է»

Ֆուադ Ղահրամանլին «Ժողովրդական ճակատ» կուսակցության երկրորդ անձն է, նախկին քաղբանտարկյալ։

Ավագ դուստր Սելջանից բացի նա նաև կրտսեր դուստր ունի՝ 15-ամյա Սանայը։

Ֆեյսբուքյան մերկացնող գրառումից հետո Ֆուադ Ղահրամանլին սկզբից պնդում էր, որ իր դստեր էջը կոտրել են։

Սակայն Սելջանը հաստատել է, որ հոր մասին գրառումը հենց ինքն է գրել։

Այդ ժամանակ Ղահրամանլին փոխել է իր դիրքորոշումն ու սկսել խոսել, որ իր դուստրը պարզապես «դրամատիզացնում է»։ Ասել է, թե իրենց ընտանիքում ծանր փուլ է եղել, սակայն ամեն ինչ վաղուց հարթվել է, ոչ մի սարսափ երբեք չի եղել, իսկ Սելջանը չափազանց երիտասարդ է և էմոցիոնալ։ Եվ նրա այդ էմոցիոնալությունից, ըստ Ղահրամանլիի, օգտվել են իր քաղաքական ընդդիմախոսները։

Սակայն Ֆուադ Ղահրամանլիի կինը հաստատել է դստեր խոսքերը։ Մանրամասներ չներկայացնելով՝ նա միայն ասել է, որ Սելջանը ճիշտ է ասում։

«Սարսափելի՞ է», թե՞ «Ընտանեկան գործ»

Ֆուադ Ղահրամանլիին այս հարցում սատարել են նրա համախոհներից շատերը։ Ահա նրանց առաջադրած «վարկածներն» ու «փաստարկները»․

  • աղջիկը գժվել է;
  • սա իշխանությունների և մրցակիցների ծուղակներն են, որպեսզի մարդկանց շեղեն «ժողովրդական ճակատի»՝ սեպտեմբերի 28-ին կայանալիք հանրահավաքից;
  • Ֆուադ Ղահրամանլին բանտում կտտանքների միջով է անցել, այդ պատճառով էլ նրան կարելի է ներել;
  • աղջիկն ուզում է Հոլանդիայում քաղաքական ապաստան ստանալ, դա ֆեմինիստական զառանցանք է, բացի այդ, խաչ է կրում [Ադրբեջանն աշխարհիկ պետություն է, սակայն խաչ կրելը որոշ մուսուլմաններ կարող են ընկալել որպես անբարոյականության նշան – խմբ․]։

Քիչ չեն նաև նրանք, ովքեր համարում են, որ ծեծը սովորական «ընտանեկան գործ է», ընտանիքի ղեկավարը դրա իրավունքն ունի, և օտարները չպետք է միջամտեն։

Սակայն սոցցանցերի օգտատերերի մեծ մասը սատարում է Սելջանին։ Մարդիկ ասում են, որ նա շատ քաջ և կարևոր արարք է կատարել։ Նրանք ապրումակցում են աղջկան, նրա մորն ու քրոջը, և լիակատար հիասթափություն հայտնում «Ժողովրդական ճակատից»։

Այս իրավիճակը կարևոր է նաև այն պատճառով, որ այն հերթական անգամ (և շատ սուր ձևով) բարձրացրել է ընտանեկան բռնության թեման Ադրբեջանում։


Կարդալ ավելին JAMnews-ում