Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստի հերթական կալանքը" />

Ադրբեջանցի ընդդիմադիր գործչին սկզբից սպառնացել են «գամել», հետո առևանգել են և դատապարտել 30-օրյա կալանքի

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստի հերթական կալանքը

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Ռուսլան Ամիրլին առևանգվել է սեպտեմբերի 10-ին, իսկ հաջորդ օրը 30-օրյա վարչական կալանքի դատապարտվել մանր խուլիգանության մեղադրանքով։ Դրանից առաջ նրան սպառնացել են և խոստացել «գամել» կուսակցության առաջնորդին։

• Ադրբեջանցի քաղբանտարկյալները պատմում են բանտային կյանքի մասին 

• Նամակներ հայաստանյան բանտից․ քաղցր երազանքի դառնությունը

Իրադարձությունների ժամանակագրությունը

Ռուսլան Ամիրլին «կամավորների» խմբից է, որոնք պահպանում են կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի անվտանգությունը։

«Մի քանի օր առաջ ոմն Ֆուադ Մուրադով զանգահարել է Ռուսլանին և ասել, որ նրան գամելու է ինձ 150մմ մեխերով», – պատմել է Քերիմլին ֆեյսբուքյան իր էջում։

Սեպտեմբերի 10-ի ցերեկը կուսակիցները հաղորդել են, որ 7-8 մարդ առևանգել է Ռուսլան Ամիրլիին փողոցից և տարել անհայտ ուղղությամբ։

Սեպտեմբերի 11-ի կեսօրին պարզվել է, որ Ամիրլին գիշերն անցկացրել է ոստիկանական բաժանմունքում, իսկ առավոտյան նրան դատարան են տարել։

Ժողովրդական ճակատի ակտիվիստներն ու լրագրողները հավաքվել են դատարանի շենքի մոտ, սակայն ոստիկանությունը նրանց ներս չի թողել, և ծեծկռտուք է առաջացել։

Արդյունքում՝ դատարանը Ռուսլան Ամիրլիին դատապարտել է 30-օրյա վարչական կալանքի մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու համար։

Ըստ պաշտոնական վարկածի՝ Ամիրլին «փողոցում անհասցե հայհոյում էր, իսկ երբ ոստիկանները նրան դիտողություն են արել, նա չի ենթարկվել»։

Ամիրլին ասում է, որ իրեն առանց պատճառի ձերբակալել են քաղաքացիական հագուստով անձինք, երբ ինքը դուրս գալիս է եղել օնկոլոգիական կենտրոնից, որտեղ բուժվում է իր քույրը։

Կուսակցությունում այս կալանքը քաղաքական ենթատեքստ ունեցող են համարում։

Ժողովրդական ճակատն ու Ադրբեջանի իշխանությունները

Ադրբեջանի ժողովրդական ճակատն ազգային-ժողովրդական կուսակցություն է, որը գոյություն ունի 1988թ-ից։

Այս կուսակցությունը շատ լարված հարաբերություններ ունի իշխանությունների հետ։ Միայն 2019թ-ին դրա մի քանի տասնյակ անդամ կալանավորվել է ոստիկանությանը դիմադրելու և խուլիգանության համար։

Կուսակցության որոշ անդամներ բանտում են անցկացրել կամ շարունակում են այնտեղ գտնվել ավելի լուրջ մեղադրանքներով։

• Ադրբեջանցի խղճի գերին ազատ է արձակվել հնգամյա բանտից հետո

Բացի այդ, իշխանությունները պարբերաբար մերժում են Ժողովրդական ճակատին և թույլտվություն չեն տալիս ցույցեր անցկացնել, չեն հրավիրում քաղաքական միջոցառումներին և ընդհանրապես խանգարում են մասնակցել երկրի քաղաքական կյանքին։


Կարդալ ավելին JAMnews-ում