Այժմ նա խոստանում է մերկացնել պետական գլխավոր հեռուստաալիքի սուտը " />

Ադրբեջանցի բլոգեր և խղճի նախկին գերին երկրորդ փորձից կարողացել է երկրից դուրս գալ

Այժմ նա խոստանում է մերկացնել պետական գլխավոր հեռուստաալիքի սուտը

Բլոգեր և խղճի նախկին գերի Մեհման Հուսեյնովին թույլ են տվել երկրից դուրս գալ։ Ավելի վաղ՝ ապրիլի 9-ին, նրան արգելել էին Ադրբեջանից մեկնել։

Հուսեյնովը փորձել էր Բաքվից Բեռլին մեկնել, որպեսզի այնտեղից Ստրասբուրգ հասներ մի քանի միջազգային կոնֆերանսների մասնակցելու։ Սակայն սահմանապահները հայտարարել էին, որ գլխավոր դատախազությունը երկիրը լքելու արգելք է սահմանել նրա համար։ Պատճառն էլ չէին նշել, ինչպես հաղորդել էր Turan գործակալությունը։

Մեհման Հուսեյնովը վիդեոբլոգեր է, որն ակտիվորեն քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին։ 2017թ-ի մարտին նա դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման ոստիկանի հասցեին զրպարտության մեղադրանքով, երբ բողոքել էր ոստիկանական բաժանմունքում կտտանքների ենթարկվելուց։ Միջազգային կազմակերպությունները նրան քաղբանտարկյալ էին ճանաչել։

 

2018թ-ի դեկտեմբերի վերջին, երբ նրա ազատազրկման ժամկետին մի քանի ամիս էր մնում, Մեհմանին մեղադրեցին արդարադատության լեյտենանտի ծեծելու համար։ Դա նրան նոր պատիժով էր սպառնում։ Որպես բողոքի նշան բլոգերը հացադուլ հայտարարեց, որին միացան բազմաթիվ քաղբանտարկյալներ և ընդդիմադիր ակտիվիստներ։ Գործը մեծ հնչեղություն ստացավ և նույնիսկ ընդդիմության ցույցի առիթ դարձավ։ Մեհմանի դեմ նոր գործը կարճվեց։

Հուսեյնովն ամբողջությամբ կրել է իր երկամյա պատիժն ու ազատ արձակվելուց հետո արտասահման մեկնելու անձնագիր ստացել։ Այդ օրվանից նրա դեմ նոր մեղադրանքներ չեն առաջադրվել։ Այսինքն՝ երկիրը լքելու արգելքի որևէ իրավական հիմք չպետք է լիներ։

Մեկնելուց առաջ Մեհմանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ այս խնդրի հրապարակումը նպաստել էր դրա լուծմանը։ Նա նշել էր, որ կայանալիք հանդիպումների և կոնֆերսնաների ժամանակ պատրաստվում է քննարկել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մամուլի ազատությունը, մարդու իրավունքներն ու քաղբանտարկյալները։ Նա խոստացել էր նաև Ադրբեջանի գլխավոր պետական Aztv հեռուստաալիքին ստիպել «զղջալ իր գոյության համար»։ Բանն այն է, որ Aztv-ն անընդհատ ռեպորտաժներ է ցուցադրում այն մասին, թե «Եվրոպան փլուզվում է», և Ադրեջանում դա կատակի առիթ է դարձել։

Ադրբեջանի ստոպ-ցուցակ․ ի՞նչ է դա

Այսպես կոչված «ստոպ-ցուցակը» մարդկանց ցուցակ է, որոնց ինչ-որ պատճառով արգելվում է լքել Ադրբեջանը։ Մշտապես թարմացվող ցուցակին կարելի է ծանոթանալ ներքին գործերի նախարարության կյաքում։ Սակայն այդ ցուցակում հայտնվելու մասին ոչ ոքի չեն հաղորդում, և, որպես կանոն, մարդիկ այդ մասին իմանում են ուրիշ երկիր մեկնելիս։

Տվյալ պահին ելքի արգելքը տարածվում է, օրինակ, մի քանի լրագրողների վրա, որոնք համագործակցում են Meydan.tv տեղեկատվական կայքի հետ։ Նրանք բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Բողոքը բավարարվել էր, դատարանը ճանաչել էր այդ լրագրողների իրավունքների խախտումն ու պարտավորեցրել փոխհատուցում վճարել նրանց։ Ադրբեջանի կառավարությունը դեռ ոչ մի միջոց չի ձեռնարկել։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում