Խղճի նախկին գերի Գիաս Իբրահիմովին ոստիկանություն են հրավիրել «պրոֆիլակտիկ զրույցի»" />

Ադրբեջանցի ակտիվիստին ոստիկանությունում նախազգուշացրել են, որ չեն կարող նրան պաշտպանել նախագահի երկրպագուներից

Խղճի նախկին գերի Գիաս Իբրահիմովին ոստիկանություն են հրավիրել «պրոֆիլակտիկ զրույցի»

Մոտ 30 մարդ, որոնց մեծ մասը լրագրողներ էին, հավաքվել էր Բաքվի ոստիկանության քաղաքային գլխավոր վարչության առջև, ուր ակտիվիստ Գիաս Իբրահիմովին բերել էին «պրոֆիլակտիկ զրույցի»։ Հավաքվածները փորձում էին կռահել, թե արդյոք Գիասին նույնպես ձերբակալելու են, ինչպես նրա համախոհ Բայրամ Մամեդովին, որին վերջերս 30 օրվա կալանքի էին դատապարտել։

• Բայրամ Մամեդովն ասում է, որ իրեն կտտանքների են ենթարկել

• Կտտանքներ, առևանգումներ, շինծու գործեր․ վրացի նախկին դատախազի բացահայտումները

Ո՞վ է Գիաս Իբրահիմովը

2016 թ-ին Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը տատապարտվել էին տասը տարվա ազատազրկման թմրանյութերի վաճառքի մեղադրանքով։ Դրանից անմիջապես առաջ նրանք հակակառավարական կարգախոս էին գրել Ադրբեջանի նախկին նախագահ և ներկայիս նախագահի հայր Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին։ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրանց խղճի գերի էր ճանաչել։ Ադրբեջանում նրանց «հուշարձանի գերի» էին ասում։

2019թ-ի մարտի 16-ին Գիասն ու Բայրամն ազատ էին արձակվել 399 մարդու համաներման շրջանակում, որոնց թվում էր 50 քաղբանտարկյալ։

Մարտի 30-ին Բայրամին կրկին ձերբակալեցին և 30 օրվա վարչական կալանքի դատապարտեցին՝ մեղադրելով ոստիկանությանը չենթարկվելու համար։

Ի՞նչ է տեղի ունեցել Գիասի հետ

Ապրիլի 3-ի առավոտյան Գիաս Իբրահիմովին մի քանի անգամ զանգահարել են՝ պահանջելով ներկայանալ Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն։ Սակայն ակտիվիստը հրաժարվել է՝ խնդրելով իրեն պաշտոնական ծանուցագիր ուղարկել։

Ավելի ուշ երկու ոստիկաններ են եկել նրա տուն և փորձել տանել երիտասարդին, սակայն նա կրկին հրաժարվել է։ Ոստիկանները հեռացել են և վերադարձել մի քանի ժամից, այս անգամ՝ ծանուցագրով։ Դրանում պատճառները նշված չեն եղել։

Գիասը գլխավոր վարչություն է գնացել լրագրողների ուղեկցությամբ։

Սոցցանցերում ուղիղ եթերի շնորհիվ, որի ընթացքում Գիասը պատմել է կատարվածի մասին, գործը միանգամից մեծ հնչեղություն է ստացել։ Ներքին գործերի նախարարությունը Բի-Բի-Սիի ադրբեջանական ծառայությանը հաղորդել է, որ Գիասի հետ ուզում են զրուցել և բաց թողնել։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ դա ստանդարտ ընթացակարգ է․ նախագահի հրամանագրով ներում շնորհվածներին բոլորին հրավիրում են այդպիսի զրույցի։

Գիասը ոստիկանությունից դուրս է եկել մեկուկես ժամ անց։ Նրա խոսքով՝ իրեն ոստիկանություն կանչելու պատճառը ի պաշտպանություն Բայրամի արված իր վերջին գրառումն է եղել, որում ոստիկանությունը նախագահի հասցեին արված վիրավորանք է տեսել։ Գիասը պնդել է, որ այդ ամենը միայն հորինվածք է, քանի որ գրառման մեջ նախագահի մասին ոչ մի հիշատակում չկա, իսկ «Ալիև» ազգանունը, որը նա օգտագործել է, Ադրբեջանում ամենատարածվածներից մեկն է։

Արդյունքում՝ նրան բաց են թողել՝ զգուշացնելով, որ ոստիկանությունը նրան ոչնչով չի կարող օգնել, եթե նախագահի բազմաթիվ երկրպագուները որոշեն նրան խելք սովորեցնել «փողոցում»։


Կարդալ ավելին JAMnews-ում