Հիշողություն Երկրորդ աշխարհամարտի մասին. անվանագրերով թուղթ՝ ոսկու փոխարեն" />

Ադրբեջանցիներն՝ իրենց վետերան պապերի մասին

Հիշողություն Երկրորդ աշխարհամարտի մասին. անվանագրերով թուղթ՝ ոսկու փոխարեն

Մայիսի 9-ն Ադրբեջանում նշում են որպես ֆաշիզմի դեմ հաղթանակի օր: Այս օրը նաև վիճում են, թե արդյո՞ք այդ տոնը ‘մերն է’ և ինչպես ընդունել այն: Ինչ-որ մեկի համար այն պետության կողմից մեր վզին փաթաթած պատերազմի զոհասեղանին դրված զոհերի վերաբերյալ սգո օր է: Մյուսի համար՝ չարի հանդեպ բարության հաղթանակի տոն: Սակայն բոլոր դեպքերում յուրաքանչյուր ադրբեջանական ընտանիք Երկրորդ աշխարհամարտի մասին իր պատմությունն ունի: Եվ եթե պատմությունը երջանիկ ավարտ է ունեցել և զինվորը տուն է վերադարձել, թոռները մեծ հոգատարությամբ պահպանում են այդ պատմությունները, որպեսզի փոխանցեն իրենց երեխաներին:

Նատաշա

 

Նատաշան և նրա պապը, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Լեոնիդ Աբդուլլաևը՝ (1924թ. ծնված)

Պապս ճակատ է մեկնել 16 տարեկանում: Գաղտնի է արել, քանի որ անչափահասներին հրաժարվում էին գրանցել:

Նրա պատկերացումը պատերազմի մասին հետևյալն էր. տանկերի և մեքենաների շարասյուն, հավասարաչափ շարժում և մշտական ճռճռոց, որը լսվում է ողջ ճանապարհի ընթացքում: «Սկզբում ես մտածում էի, որ հողն է, – պատմում էր պապս, – բայց հետո տեսա, որ մեքենաները դիերի վրայով էին գնում: Անիվների տակ կոտրվում էին ոսկորներ, դեմքեր և եթե գետին ցատկեիր, կոշիկներդ արյունից կարմրում և կպչուն էին դառնում»: «Սարսափելի՞ էր», – զարհուրեցի ես: «Սկզբում այո, բայց հետո հարմարվում ես և նույնիսկ չես նկատում դա»:

Հրետանի տեղափոխելուց առաջ պապիկին տուգանային գումարտակի հրամանատար են նշանակել: Նրա «թիմը» երկու խմբի է բաժանվում. փորձառու հանցագործների, ովքեր ժարգոնով էին խոսում, և աքսորված քաղբանտարկյալների, ովքեր Պլինիոս Ավագի խոսքերն էին մեջբերում:

Հասկանալի է, որ իրավիճակը լարված էր: Սակայն պապին՝ 17-ամյա պատանուն, սիրում էին բոլորը՝ «տղաս» անվանելով և միշտ հոգ տանելով նրա համար: Շուտով նրա գլխավերևում ական է պայթում, վիրավորվում է և կանտուզիա է ստանում: Հոսպիտալ տանելը վտանգավոր էր, բոլոր ճանապարհները գնդակոծում էին: Այդ ժամանակ տուգանային բատալյոնը հայտարարում է, որ իրենք հոգ կտանեն նրա մասին և ոչ մի տեղ բաց չեն թողնի:

Նրա հիվանդության ընթացքում գումարտակում ոչ մի ընդհարում չի եղել: Պապիկս մասնակցել է Վիեննայի և Բուդապեշտի գրավմանը, երբեք չէր պատմում մարտերի մասին, միայն այն մասին, որ Վիեննան հրաշք քաղաք է և ինչ երջանիկ է, որ եղել է այնտեղ: Նա պատմում էր, թե ինչպես էին խորհրդային զինվորներն, ովքեր այ ժամանակ արդեն լավ սնունդ ունեին, այն տալիս սոված կանանց ու երեխաներին գյուղերում և քաղաքի արվարձաններում:

Նրա գրեթե բոլոր զինակիցները Եվրոպայից հայրենիք էին վերադարձել՝ հետները բերելով մեծ քանակությամբ ոսկի: Քաղաքների գրավումից հետո բոլոր ոսկու խանութները բաց են եղել և գնդակոծված, նրանք էլ առիթից օգտվել էին: Ի զարմանս տատիս, պապս ոչինչ չէր բերել պատերազմից բացի մետաղյա ածելուց, որով սափրվում էր հետագա 60 տարիների ընթացքում, և նամակների համար զարմանալի բարակության վարդագույն թղթից՝ անվանագրերով և նույնպիսի ծրարներով: Հարցին, թե ինչու է բերել, պատասխանել է՝ գեղեցիկ են:

«Ես միայն մի տոն ունեմ՝ մայիսի 9-ը, – միշտ ասում էր պապս: – Դա իմ Նոր տարին է, ծնունդը և մնացածը»:

Պապս է ինձ սովորեցրել հեծանիվ քշել, վազում էր հետևիցս ամուր բռնելով նստարանը: Մենք նրա հետ ֆուտբոլ, վոլեյբոլ էինք խաղում, բոլոր տղայական խաղերը, որը ես սիրում էի: Նա ինձ սովորեցրել էր նաև վարդակներ փոխել և փոշեկուլներ սարքել:

Եկատերինա

 

Եկատերինան և նրա պապը՝ Ալեքսանդր Նիկոլաևը (1918թ. ծնված)

Ես պապիս երբեք չեմ տեսել, նրա մասին պատմություններ մորիցս եմ լսել և շատ ջանքեր եմ գործադրել տեղեկություն հավաքելու այն վայրերի մասին, որտեղ նա ծառայել է:

Պապս Աստրախանի շրջանի «Չոռնի Յար» գյուղից է: Վեց երեխա ունեցող ընտանիքում ընդամենը մեկ կով կար: Սակայն նրանց կուլակ էին համարել և աքսորել Ղազախստան: Դա 1923-ին էր: Պապիս չորս տարեկան փոքր քույրը ճանապարհին մահացել էր, այնտեղ էլ թաղել էին: Ղազախստանից հետո կրկին վերադարձել են «Չոռնի Յար»: Այստեղից էլ 1939 թվին նրան բանակ են տարել: Նա միանգամից հայտնվել է  Ֆիննական պատերազմում, հետո, 1941թվին՝ ուղարկել են ռազմաճակատ: Գնդացրորդ է եղել և ծառայել է 201-րդ հրթիռահետևակային գնդում: Գերի է ընկել 1941-ին: Նրա կողքն ական է պայթել, կանտուզիա է ստացել, կուրացել և խլացել է, այդպես էլ գերի են վերցրել:

Մորս նա երբեք չի պատմել պատերազմի, գերության մասին, սակայն տարբեր զրույցների կտորներից եզրակացրել ենք, որ նա Մերձբալթիկայի Սալասպիլս համակենրտոնացման ճամբարում է եղել: Ոչ միայն գերությունն է անցկացրել, այլև կառուցել է այն: Գազային խցիկից նրան մի լեհ կին է փրկել: Պապս երբեք նրա մասին ոչինչ չէր պատմում, սակայն լուսանկարը հետն է եղել ողջ պատերազմի ընթացքում և մինչև մահ պահում էր դա: Մենք երկար ժամանակ փորձել ենք ճշտել ուրախ և շիկահեր կնոջ անունը, ով պապիս փրկել էր մահից, սակայն ապարդյուն:

Բոլոր նախկին ռազմագերիներին աքսորում էին Սիբիր, սակայն պապիս բախտը բերեց, նրա փաստաթղթերը բարի աշխատակցի ձեռք էին ընկել, և նա ոչ միայն չէր աքսորել, այլև ոչնչացրել էր բոլոր թղթերը: Ես ամենուր դիմել եմ, գրել եմ բոլոր կառույցներին, նույնիսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարության արխիվին եմ հարցում ուղարկել, սակայն այդպես էլ ոչինչ չեմ գտել: Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդը չի էլ եղել:

Ինքը երբեք չէր պատմում ռազմաճակատի և գերության մասին: Միայն եղբոր հետ էր կիսվում՝ զգուշացնելով ամեն ինչ գաղտնի պահել: Եղբայրն էլ մինչև մահ՝ 1962թ, այդպես էլ ոչ մեկին ոչինչ չասաց:

Գաիբ

 

Գաիբը և նրա տատը՝ Թամարա Վորոնինան է (1923թ. ծնված)

Նա ծնվել է Նովոսիբիրսկի շրջանի Թաթարսկ քաղաքում: Դպրոցից հետո որոշել է բալետի պարուհի դառնալ, սակայն ավարտելուց մի քանի օր անց պատերազմ է սկսել: Բնականաբար երիտասարդ Թամարան, ինչպես և բոլորը, պատերազմ է գնացել:

Երբ, պատերազմն արդեն ետևում էր և տուն գնալու ժամանակն էր, չգիտեմ՝ աշխարհագրորեն ինչպես է  ստացվել, որ վերադարձել են Բաքվով: Եվ ահա նա մի աղջկա հետ իջել է մեր մայրաքաղաքի կայարանում՝ իրերը ձեռքին, սպասասրահում տեղավորվել, որպեսզի առավոտյան գնացքով մեկնի հեռուներ: Թամարա Վորոնինան քնում է, չգիտեմ՝ ինչ երազներ է տեսնում, միայն գիտեմ, որ նրա ուղեկիցը ոչ մի երազ չի տեսնում: Թամարան արթնանում է, տեսնում՝ ոչ ընկերուհին կա, ոչ իրերը:

Գողացված իրերի մեջ են եղել նաև փաստաթղթերն ու տոմսերը: Ահա այսպես Թամարա Վորոնինան միայնակ է իրեն անծանոթ քաղաքում: Ի՞նչ անել:
Բոլոր մանրամասներն չգիտեմ, սակայն Թամարան սկսել է տարբեր տեղերում աշխատել հացի գումար վաստակելու համար: Այդ վայրերից մեկն էլ եղել է Հաշմանդամների տունը:

Նրա այսպես ասած հիվանդների մեջ կար մեկը, ում համար առանձնահատուկ էր հոգ տանում: Ինչ-որ ժամանակ անց Թամարան հայտնաբերում է, որ հղի է: Չխուսափելով պատասխանատվությունից, հիվանդը նրան ամուսնության առաջարկ է անում:

Նա ադրբեջանցի էր և բարեկամները մեծապես դեմ էին: Սակայն տղամարդը հաստատակամ էր և ամուսնությունը տեղի ունեցավ: Երկու երեխա ունեցան: Որոշ ժամանակ անց Թամարայի ամուսինը կուրացավ և նա ստիպված էր երկու երեխաներին գրեթե միայնակ մեծացնել և հոգ տանել ամուսնու համար: Այնուհետեև ամուսինը մահացել է: Հետո երեխաներն են մեծացել և սեփական ընտանիքներ կազմել:

Թամարան ողջ կյանքն ապրել է որդիներից մեկի հետ, որը մեկ տղա ու մեկ աղջիկ ունի: Որդին (ես եմ) պապիս անունն եմ կրում, նույն այն հաշմանդամի, ում այդքան սրտացավորեն խնամում էր Թամարան՝ այժմ արդեն Ալիևան:

Բոլորովին վերջերս նա կենդանի էր, գրեթե 90 տարի ապրեց: Նա նույպես կուրացել էր, սակայն շոշափելով շարժվում էր, իր սպիտակեղենը լվանում: Ամեն առավոտ իրեն ստիպում էր վեր կենալ, անկողինը հավաքել և դուրս գալ սենյակից:

Տատս ասում էր. «Ամենագլխավորը՝ կանգ չառնել»:

Ֆարհադ

 

Ֆարհադը և նրա պապը՝ Գադամշահ Սադիխովն էր (1921թ. ծնված)

Պապս բանակ է գնացել 1941 թվի օգոստոսին՝ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո: Նա մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, մարտերից մեկի ժամանակ փոխարինել է զոհված հրամանատարին և գումարտակը հարձակման տարել: Սակայն ընդամենը ռազմական բժիշկ է եղել: Նախաձեռնության և արիության համար Մարտական կարմիր դրոշի շքանշան են շնորհել:

Այդ ժամանակ նրա գումարտակը խրամատավորվել էր Ռոստովից ոչ հեռու գտնվող Կրյուկովում: Դաժան մարտեր էին սպասվում մեկ այլ ուղղությամբ, այնպես որ այդտեղ համեմատաբար հանգիստ էր: Գումարտակի հրամանատարը ջոկատով գնում է մթերային գումակը և ևս մի քանի գումարտակներ դիմավորելու, որոնք պետք է միանային Գադամշահի խմբին: Սակայն գերմանացիները հարձակվում են այդ ջոկատի վրա, այնուհետև ուղղվում դեպի Կրյուկով:

Գադամշահը հրամանատարությունն իր վրա է վերցնում: Մարդիկ քիչ էին: Կրյուկովում ինչ-որ ազգային երաժշտական գործիքների թանգարան կար: Երբ գերմանացիները մոտենում են, պապս շարում է զինվորների մի մասին և ուղղում գերմանացիների դեմ: Զինվորները սկսում են նվագել գործիքներով, երգել ու պարել, մի խոսքով, աղմկել, որքան հնարավոր է բարձր: Մինչ գերմանացիները փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում, գումարտակի երկրորդ մասը թիկունքից հարձակվում է նրանց վրա:

1943 թվին պապս ընդամենը 22 տարեկան էր: Հետո կանտուզիա է ստացել, մեկ թեթև և մեկ ծանր վնասվածք: Եվ մարտական սխրանքների համար բազմաթիվ մեդալներ:

Ես ինքս նրան չեմ տեսել, մահացել է 1966-ին, սակայն հայրս էր պատմում նրա մասին: Ասում էր, որ  քիչ էր քնում և շատ կարդում, դասավանդում էր բժշկական համալսարանում և փիլիսոփայական գրքեր ու բանաստեղծություններ գրում: Ասում էին՝ ընկերասեր և հյուրասեր մարդ էր:

Պապս ընդամենը 45 տարի է ապրել և գլխավորն ինչ ինձ մնացել է պապիցս՝ նրա բանաստեղծություններն են, հոդվածները, պատմվածքները: Դրանցից վերջինը 65 թվականին՝ իմ ծնվելուց 15 տարի առաջ է գրել:


Կարդալ ավելին JAMnews-ում