Պատմում է հոգեբանը" />

Ադրբեջանցիների 7 տարածված մոլորություն հոգեթերապիայի մասին

Պատմում է հոգեբանը

« Անկեղծ ասած, վաղուց էի ուզում ձեզ մոտ գալ, – մեղավոր ժպտում է տասնմեկերորդ դասարանցին, – բայց վախենում էի, որ բոլորը մտածեն, թե գիժ եմ»:

Նրան քաջալերում եմ, նույնիսկ մի փոքր հերոսացնում: Եվ դա ճիշտ է: Նա հաղթահարել է հոգեկան հիվանդի համբավ ձեռք բերելու վախն ու եկել հոգեթերապևտի մոտ: Այժմ արդեն դեռահասը շատ ավելի հեշտ կլուծի իր խնդիրը՝ ավարտական և ընդունելության քննությունների պատճառով առաջացած սթրեսը:

Շատ ավելի մեծ տարիքի և փորձառու մարդիկ վախենում են հոգեբանի շեմն անցնել և միայնակ են մնում իրենց խնդիրների հետ:

Քանի որ,

Միֆ № 1. հոգեբանությունը գժերի համար է

Հոգական հիվանդություններ ունեցող մարդկանց մասին հոգ է տանում հոգեբուժությունը: Հոգեբանությունն օգնության ձեռք է մեկնում են առողջ մարդուն: Մարդուն, որը դժվարություններ ունի և ի վիճակի չէ ինքնուրույն լուծել իր խնդիրը:

Միֆ № 2. ուժեղ մարդն ինքն է հաղթահարում իր խնդիրները, նրան օգնություն պետք չէ

Իհարկե, դա այդպես չէ: Որովհետև խնդիրն ինքնուրույն լուծելու համար պետք է ճկուն լինել: Կարողանալ և ինքդ քեզ ձեռք մեկնել, և օգնությունից օգտվել: Նա, ով օգնություն չի խնդրում, ոչ թե ուժեղ է, այլ չոր: Կկոտրվի առաջին իսկ քամուց:

Մի փոխաբերություն պատմեմ: Զորեղ մարդը միայնակ կարող է մի ամբողջ դաշտ հերկել: Սակայն որպեսզի դա հողի համար օգտակար լինի, նա պետք է գլուխ հանի գյուղատնտեսությունից: Իմանա, թե ինչպես տրակտոր կառավարել, ինչ խորությամբ փորել, ինչպես պահպանել բույսերի արմատները, ինչպես չկեղտոտել մոտակա գետակը: Ինչպես ինքը մահու չափ չհոգնի այդ անելիս:

Այլապես նրա բոլոր գործողությունները դատարկ և վնասատու են:

Նույնը հոգեթերապիան է: Բավական չէ ուժեղ և պատրաստ լինել միանձնյա պայքարել կյանքի խնդիրների հետ: Պետք է կարողանաս դժվարին իրավիճակում լավագույնս ինքդ քեզ հետ հարաբերվել: Ճիշտ հարցեր տալ, հասկանալ և խոստովանել սեփական գործողությունների իսկական շարժառիթները: Հաշվի առնել ուժեղ և թույլ կողմերը, հաշվարկել ուժերը: Հաճախ գիտակցումը, ինքնագնահատականը բարձրացնող ու դժվարին զգացողություններ ապրելու, սեփական անձի համար հենք լինելու և ուրիշների վրա հույս դնելու ունակությունը զարգացնող գործիքներ են պետք:

Այնպես, որ, դա ուժի հարց չէ, այլ ինքդ քեզ վերաբերվելու գիտակցում: Այն բարձրանում է, երբ մարդն այցելում է հոգեթերապևտին: Սկզբում դուք ամեն ինչ միասին եք անում, այնուհետև ձեզ մոտ խնդիրները ինքնուրույն հաղթահարելու հմտություններ են ի հայտ գալիս:

Միֆ № 3: «Ես ունեմ ընկերներ, իմ ինչի՞ն է պետք հոգեթերապևտը»

Ընկերները հսկայական ռեսուրս են: Երբ ձեր գլուխը ցավում է, կամ փորացավ է սկսել, նրանք կօգնեն, ձեր կողքին կլինեն, պատուհան կբացեն, դեղատնից ակտիվացված ածուխ կբերեն, մի բաժակ ջուր կտան: Սակայն եթե գլուխն արդեն երեք օր է ուժեղ ցավում է, իսկ որովայնում տհաճությունը վերածվել է ծակոցների և սրտխառնոցով է ուղեկցվում, ապա դուք շտապօգնություն եք կանչում կամ հավաքում ձեզ բուժող բժշկի համարը: Ինչո՞ւ: Որովհետև ընկերների գիտելիքներն ու օգնելու հնարավորությունները սահմանափակ են: Նման դեպքերում դուք ձեր կյանքի և առողջության համար պատասխանատվությունը կիսում եք մասնագետի հետ:

Նույնը հոգեթերապիայի դեպքում է:

Միֆ № 4: «Հոգեբանը հատուկ բոլորին կպատմի կամ պարզապես բերանից կթռցնի իմ խնդիրները»

Հոգեբաններն ու հոգեթերապևտներն իրենց հաճախորդներին երաշխավորում են գաղտնիություն: Դա հիմնարար սկզբունքներից մեկն է, որոնք քննարկվում են առաջին հանդիպմանը:

Ձեր ընկերուհին սարսափած է, որ իր հոգեբանը պատմում է իր այլ հաճախորդների խնդիրների մասի՞ն: Նրանց անուննե՞րն է նշում, աշխատավայրն ու բնակության վա՞յրը:

Հետաքրքրվեք՝ արդյոք նա ինքնակոչ գուրուի կամ խաբեբայի մո՞տ չի գնում: Կամ հոգեբանի-պարահոգեբանի-աստղաբանի-մանուալ թերապևտի-աչքի բժշկի անլուրջ սերտիֆիկատով «մասնագետի» մոտ: Ինչպե՞ս է նրան գտել և ո՞ւմ խորհրդով:

Օրինական ճանապարհով սերտիֆիկացված մասնագետների շրջանում, որոնց մոտ եք հայտնվել վստահություն ներշնչող ալիքներով, անմաքուր խղճով մարդու հանդիպելու շանսը մեծ չէ: Առաջին հերթին, հոգեբաններն ինքներն են նախապես անձնական թերապիա անցնում և շատ լավ գիտեն, թե ինչ է գաղտնիությունը: Երկրորդ հերթին, նրանց համար կարևոր է իրենց հեղինակությունը: Նրանք դրա հաշվին դեռ փող պետք է աշխատեն:

Միֆ համար 5: «Իմ խնդրի մասին ես կարող եմ կարդալ համացանցում, իսկ հոգեբանություն սովորել գրքերից: Հոգեբանն ինձ ոչ մի նոր բան ասի, ես իմ մասին առանց այդ էլ ամեն ինչ գիտեմ»

Իմ շատ ծանոթներ սիրում են հոգեբանական տերմինաբանության իմացությամբ փայլել: Բացահայտել, իրենց կարծիքով, հասարակ գործընթացները: Հաճախ պիտակներ կպցնելուց և մակերեսային մոտեցումից հեռու չեն գնում:

Ինքնակրթությունը ցանկացած ոլորտում գովելի է, եթե դա չի հավակնում փոխարինել պրոֆեսիոնալ օգնությունը: Օգտակար է իմանալ, որ ատամի պսակը էմալից, դենտինից և պուլպայից է կազմված և ենթադրել, թե ինչից է առաջացել ցավը: Սակայն բուժելը ատամնաբույժի գործն է: Այդպես չէ՞:

Հոգեթերապիան, ինչպես ցանկացած այլ պրոֆեսիոնալ օգնություն, այնքան էլ այն չէ, թե ինչպես հասկանալ խնդիրը: Այլ այն, թե ինչպես մարդը սովորի իրեն հասկանալ, իր հետ ընկերություն անել և շփվել բարդ իրավիճակներում:

Միֆերը հետապնդում են նաև նրանց, ովքեր հասել են հոգեթերապևտի կաբինետ:

Միֆ № 6: «Հոգեբանն ամեն ինչ գիտի այն մասին, թե ինչպես ճիշտ ապրել, և ինձ էլ կսովորեցնի: Մի քանի խորհուրդ կտա, և ես անթերի կդառնամ»

Պատրաստի դեղատոմսեր չկան: Ինչպես և չկա կյանքի ճիշտ սխեմա կամ անթերի մարդիկ: Իր յուրաքանչյուր հաճախորդի հոգեթերապևտն ուղեկցում է նրա անձնական ճանապարհին: Նրանք միասին անձի համար լավագույն նոր հնարավորություններ են գտնում: Ինչը ճիշտ է մեկի համար, ոչ մի օգուտ չի տա մյուսին: Մեծ հաշվով, հոգեբանը խորհուրդներ չի տալիս. դուք ինքներդ նրա միջոցով գտնում եք ձեր իսկ հարցերի պատասխանները:

Միֆ № 7: «Հոգեբանի հետ աշխատանքից հետո բոլոր խնդիրներն ընդմիշտ կանհետանան: Կամ ես դրանց նկատմամբ անտարբեր կդառնամ»

Խնդիրները չեն անհետանում: Եվ դուք չեք վերածվում մադամ Թյուսոյի տիկնիկի:

Դուք դառնում եք մի մարդ, որն ի վիճակի է խնդիրներ լուծել: Ձեզ համար ամենահարմար տարբերակով: Հոգեբանի աշխատանքի լավագույն արդյունքն ու հպարտությունն ինքնուրույն հաճախորդն է:

Սակայն դա չի նշանակում, որ դուք երբեք էլ ցավ կամ վախ չեք զգալու:

Այսպիսին են հոգեթերապիայի մասին Ադրբեջանում տարածված հիմնական միֆերը:

Եվս մեկով էլ կկիսվեմ՝ ամենատարածված և իրականությունից կտրված միֆով.

«Ադրբեջանում ոչ ոք հոգեբանի մոտ չի գնում»

Որակավորված մասնագետների օնլայն և օֆլայն ժամանակը րոպե առ րոպե գրանցված է: Նրանց սպասում են այն մարդիկ, ովքեր կայնքի որակի բարելավման կարիքն ունեն:

Նրանց մեծ հատվածը շրջանների բնակիչներ են:

«Մենք վերջերս հաճախ ենք վիճում, և սեքսում էլ ամեն ինչ նորմալ չէ», – մտահոգվում է ընտանեկան զույգը Շեմախիից: Հոգեբանի մոտ գնալու համար նրանք Բաքու են եկել առավոտ շուտ՝ երեխաներին բարեկամների մոտ թողնելով:

Այնպես որ ճիշտ ժամանակն է ասացվածքի համար. «Շունը հաչում է, քարավանը՝ գնում»:


Կարդալ ավելին JAMnews-ում