Արդյո՞ք արժե այնտեղ մեկնել աշխատելու, բիզնես անելու, հանգստանալու" />

Ադրբեջանցիները պատմում են Չինաստանի մասին

Արդյո՞ք արժե այնտեղ մեկնել աշխատելու, բիզնես անելու, հանգստանալու

Գուանչժոու, Тhe Chenghuang (City God) Pavilion. Վուշան բլուր, որի գագաթին հին բուդիստական տաճար կա: Կարմիր ցուցանակները բարեմաղթանքներ են: Դրանք պետք է կախել և զանգը խփել հատուկ փայտով, որը շղթայով է կախված:

Չինաստանն ադրբեջանցի զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունը չէ: Մի փոքր ավելի լավ են գործերն առևտրի ոլորտում: Իսկ էլ ի՞նչ կարելի է այնտեղ անել Made in China հայտնի գրությամբ ապրանք գնելուց բացի: Չինաստանում հանգստի, բիզնեսի և աշխատանքի մասին պատմում են ադրբեջանցիները, որոնք չեն վախեցել վիզայի հոգսերից և տոմսերի թանկությունից:

Թե ինչպես էր Մեհթին աշխատում Չինաստանում

«Ինձ գայթակղեցին Չինաստանում ֆիլմի նկարահանումների մասնակցող ընկերոջս պատմությունները, և ես ուզեցի բախտս փորձել անծանոթ երկրում: Որոշեցի անգլերենի դասախոս աշխատել երեխաների և դեռահասների համար, հենց այդ ոլորտում են այնտեղ արտասահմանցիները գնահատվում: Ես կանգ առա ընկերոջս մոտ և սկսեցի աշխատանք փնտրել, ինչը Չինաստանում կատարվում է հատուկ չատերի միջոցով, որոնք whatsapp են հիշեցնում: Պետք է բաժանորդագրվել աշխատանքի տեղավորման գործակալների առաջարկներին և համապատասխան աշխատանքի սպասել: Թվում է, թե պարզ գործընթաց է, սակայն այն բավականին երկար է, գործատուները սկզբում համաձայնում են, սակայն որոշ ժամանակ անց թեկնածուն իմանում է, որ չի համապատասխանել:

Ես ուշացել էի, աշխատատեղեր գրեթե չէին մնացել: Ի վերջո աշխատանքի տեղավորվեցի մանկապարտեզում, սակայն կնախընտրեի դեռահասների հետ աշխատել: Իմ խմբում 15-30 երեխա կար, և եթե ոմանց նոր ուսուցիչը դուր եկավ, ապա մնացածները վախենում էին արտասովոր արտաքինով մարդուց, թաքնվում և լաց լինում: Չինացիները երեխաներին թույլ են տալիս անել ամեն ինչ, այդ պատճառով էլ խումբը ղեկավարելն այնքան էլ հեշտ չէր:

Փորձաշրջանի ընթացքում տհաճ մանրամասներ ի հայտ եկան. չնայած որ պայմանագրում նշված էր, որ գործատուն պետք է բնակարան տրամադրի, նա հրաժարվեց դա անել: Դասաժամերի տևողությունն ամեն օր աճում էր, աշխատանքն ավելի ու ավելի վաղ էր պետք սկսել, իսկ աշխատավարձը նույնն էր մնում:

Երբ գործատուն կանչեց ինձ և ասաց, որ ես պետք է լրացուցիչ դասաժամեր վերցնեմ, չնայած որ ես դեռ իմ հիմնական աշխատանքի համար աշխատավարձ չէի ստացել, ես որոշեցի, որ համբերությունս հատել է: Ինչպես հասկացա, Չինաստանում ընդունված չէ գործատուին ինչ-որ հարցում մերժել անկախ նրանից, որ այս կամ այն պարտավորությունները կարող են պայմանագրում նշված չլինել, այդ պատճառով էլ շեֆը զարմացած էր:

Ընդհանուր առմամբ ես Չինաստանում ապրեցի 4 ամիս, ծանոթացա տեղի կենցաղին և կենսակերպին: Չինական փորձն ինձ համար հետաքրքիր արկած էր, չնայած պարզվեց, որ ի հեճուկս արտասահմանցիների հանդեպ տեղի բնակչության սիրուն, այդ երկրում գումար վաստակելը հեշտ բան չէ»:

Գուանչժոու: Ծառեր The Chenghuang (City God) Pavilion-ի շուրջ

Թե ինչպես էր Սամիրը բիզնես անում Չինաստանում

«Ես Չինաստան էի մեկնել մեր ընկերության տարբերանշանով ապրանքի խմբաքանակ պատվիրելու համար: Ապրանքի կաստոմիզացիան և ձևավորումը հիանալի են անում Չինաստանում, բացի այդ, կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի խթանի արտահանումը, այդ պատճառով էլ ավելի հեշտ է բերել տարբերանշանով պատրաստի ապրանքը, քան ամեն ինչ Բաքվում անել, շահավետությունը 100-200% է կազմում:

Չինաստանի բիզնես-մայրաքաղաքներից մեկում՝ Իվու քաղաքում, մի քանի խոշոր բիզնես-կենտրոններ կան, որոնք մոլեր են հիշեցնում այն տարբերությամբ, որ սրճարանների և խանութների փոխարեն յուրաքանչյուր հարկում ընկերությունների գրասենյակներ են: Մի հարկում կարող է մինչև 1000 գրասենյակ լինել, դրանք բոլորը մեկ օրում այցելելու համար մի ամբողջ օր չի հերիքի:

Ինձ օգնում էին միջնորդները, որոնք իրենց ծառայությունների համար 1-2% համեստ միջնորդավճար էին գանձում: Դա բացատրվում է նրանով, որ Չինաստանի կառավարոթյունը խթանում է արտահանումն, ու միջնորդներն արտադրողներից-վաճառողներից մինչև 10% ռետրոբոնուս են ստանում, իսկ պատվիրատուների համար ապրանք ընտրելու և գործարքի վերահսկման գործում նրանց օգնությունը բավականին էժան է լինում:

Քիչ չեն հմուտ ադրբեջանցիները, որոնք հիմնվել են Չինաստանում և բիզնեսով են զբաղվում արդեն առանց միջնորդների: Մեր հայրենակիցները մեծ առավելություններ ունեն մյուսների հանդեպ. առաջին հերթին, ադրբեջաներենը մոտ է ույգուրերենին, և մարդիկ սկսում են բիզնեսով զբաղվել ույգուրների միջոցով, որոնք Չինաստանում մոտ 11 միլիոն են կազմում: Երկրորդ հերթին, ադրբեջանցիները սովորաբար ռուսերեն են խոսում, այնպես որ նրանց համար բաց են նախկին ԽՍՀՄ բոլոր երկրները, իսկ եթե նրանք գիտեն նաև անգլերեն, ապա՝ ողջ աշխարհը: Ժամանկի ընթացքում ոմանք սեփական արտադրությունն են հիմնում, օրինակ, Չինաստանի առանցքակալների խոշոր գործարաններից մեկն ադրբեջանցու է պատկանում:

Ի դեպ, խոսակցություններն այն մասին, որ չինական ապրանքն անորակ է, միֆ է: Չինաստանը ցանկացած որակի ապրանք է տրամադրում, սակայն գնորդները սովորաբար նախընտրում են էժանը, այդ պատճառով էլ այդպիսի տպավորություն է ստեղծվում»:

Շանհայ: Լիու Հայսու արվեստների թանգարանի տարածքի այգին: Չինացիները շատ են սիրում թմբլիկներին, շատ ուշադիր են ուտելիքի և կուշտ լինելու հանդեպ, ինչն էլ խորհրդանշում են այս քանդակները (կշտացվածություն)

Թե ինչպես էր Ջամիլիան հանգստանում Չինաստանում

«Չինաստանը հանգստանալու համար լավագույն վայրը չէ: Գլխավոր խնդիրը սնունդն էր, չնայած որ ես սովորաբար մեծ հետաքրքրությամբ եմ փորձում ազգային խոհանոցը: Ես եղել եմ Ուրումչիում. սնունդն այնտեղ պատրաստում են հակասանիտարական պայմաններում, կաթը պահում են ոչ սառնարանում, շուկայում չորացրած գորտ ու մողես են վաճառում: Չգիտեմ՝ արդյոք տեղացիներն ուտում են դա, թե դա միայն զբոսաշրջիկների համար է:

Փոխարենն ինձ դուր եկան գեղեցիկ համայնապատկերներն ու Շանհայի համաշխարհային ֆինանսական կենտրոն այցելությունը՝ բարձրությամբ աշխարհի յոթերորդ երկնաքերը: Այնտեղ հատակը ապակուց է վերևի հարկերում, թվում էր, թե ցանկացած պահի կարող ես վայր ընկնել, կարծես ցատկես առանց պարաշյուտի:

Չինաստանում հանիգստը բարդացնում է այն, որ տեղացիները լեզուներ չգիտեն, ստիպված ես ժեստերի լեզվով խոսել: Լինում է նաև, որ հյուրանոցի ընդունարանի աշխատակիցներն անգլերեն չեն իմանում: Այդ պատճառով էլ Չինաստան պետք է մեկնել լավ նախապատրաստված, լավ է, եթե այնտեղ ծանոթներ ունենաս, որոնք կարող են կողմնորոշվել տեղական խոհանոցում և ցույց տալ տեսարժան վայրերը»:

Գուանչժոու, իր սկզբնական տեսքով պահպանված հնագույն փողոց՝ Qinghefang Ancient Street: Գիրուկը աստվածություն է, որը պաշտպանում է երեխաներին
Բուսաբանական այգի Գուանչժոուի հանգստյան գոտում (Qinhzhivu Westlake District). Գետակի մոտ սիրում են մեդիտացիա անել տարեցները:

Շանհայ

Կարդալ ավելին JAMnews-ում