Ինչպե՞ս ծախսել գումարը ճգնաժամը հաղթահարելու համար: Իրական ընտանիքների բյուջեները" />

Ադրբեջանցիները պատմում են ամենանվիրականի մասին

Ինչպե՞ս ծախսել գումարը ճգնաժամը հաղթահարելու համար: Իրական ընտանիքների բյուջեները

Այսօր մենք անում ենք սարսափելի մի բան՝ հաշվում ենք ուրիշի փողերը: Մեզ հետաքրքիր էր, թե ինչպես է փոխվել տարբեր խավերի արդբեջանցիների ընտանեկան բյուջեն արժեզրկված մանաթի ժամանակներում:

Սամիրը և Լեյլան մնացել են առանց ռեստորանների

Սամիրը նավթային ընկերությունում աշխատանքի պաշտպանության մասնագետ է, Լեյլան՝ ֆրիլանս քոփիրայթեր: Նրանք ունեն մեկ երեխա՝ փոքրիկ աղջիկ:

Նրանց ընտանիքի մոտավոր բյուջեն 1500 մանաթ է (մոտ 875 ԱՄՆ դոլար):

Հաշվարկը կանոնավոր կերպով կատարվում է համացանցում՝ Zenmoney ծրագրով: Իր եկամուտը ընտանիքը գնահատում է որպես միջին, սակայն ընդհանուր առմամբ ֆինանսական վիճակը չի բավարարում:

Սամիրի և Լեյլայի տունը գտնվում է փոքրիկ փողոցի վրա՝ երկաթուղային վարչությունից քիչ հեռու: Նախկինում հանրակացարան հանդիսացող վերակառուցված շենքը գտնվում է երկհարկանի ավտոլվացման կետի դեմ-դիմաց, շուրջբոլորը փոքրիկ խանութներ են:

Լեյլան տան պատուհանից ձեռքով է անում, մենք բարձրանում ենք. այստեղ ընդհանուր միջանցք է, որից բացվում է մուտքը դեպի կոկիկ բնակարան:

«Մեր բախտը բերել է, քանի որ մեր բոլոր ծանոթներից միայն մենք ունենք պետական հիփոթեք, այսինքն՝ մանաթով: Յուրաքանչյուր ամիս մենք վճարում ենք 231 մանաթ: Անցյալ ամիս էլեկտրաէներգիայի դիմաց վճարել ենք 125 մանաթ: Սարսափելի՛ է: Նախկինում՝ մինչև երեխայի ծնվելը, ես հոդվածներ էի գրում տարբեր պարբերականների համար, ինչի դիմաց ստանում էի 30 մանաթ: Նախքան արժեզրկումը դա կազմում էր 40 ԱՄՆ դոլար, այժմ՝ 19 ԱՄՆ դոլար, – պատմում է Լեյլան, – իհարկե, տեղավորվում ենք, սակայն գումար տնտեսել չի ստացվում»:

Մանաթի արժեզրկումից հետո ընտանիքը ստիպված էր շատ բաներից հրաժարվել: «Նախքինում գնումներ էի կատարում առցանց՝ հագուստ, տարբեր իրեր, երեխայի համար խաղալիքներ: Հիմա դա արդեն ձեռնտու չէ: Նախքան ճգնաժամը, երբ չէի հասցնում ճաշ եփել, կարող էի կիսաֆաբրիկատներ գնել՝ կոտլետ, նրբերշիկ, սակայն հիմա արդեն չի ստացվում: Անգամ դադարել ենք սրճարան գնալ: Կարող ենք միայն ամիսը մեկ անգամ սնվել որևէ առևտրի կենտրոնում` հիմնականում KFC-ում: Մենք փորձում ենք սնվել առողջ սննդակարգով. գնում ենք տարեկանի հաց, կարմիր բրինձ, երեխան միշտ ուտում է դդմիկ և բրոկկոլի: Այս ամենը էժան չէ: Չենք գնում գազավորված ըմպելիքներ, իսկ քաղցր՝ շատ հազվադեպ: Ամուսինս սնվում է նաև աշխատանքի վայրում, ինչը ևս օգնում է տնտեսել», – նշում է Լեյլան:

Հագուստ գնելիս Սամիրը և Լեյլան աշխատում են սպասել սեզոնային զեղչերի: Խոշոր ծախսերը պլանավորվում և համաձայնեցվում են. «Անցյալ ամիս երեխային պատվաստում են արել, ինչը արժեցավ 200 մանաթ, հաջորդ ամիս գազաջեռուցիչը պետք է փոխենք: Քննարկվում է անգամ երեխայի համար « Լեգո» գնել-չգնելը»:

Նախկինում զույգը ամռանը հանգստանում էր Բաթումում, սակայն արժեզրկումից և Վրաստանում գների համեմատաբար բարձրացումից հետո ստիպված են դրանից էլ հրաժարվել:

Գրքեր ևս չեն գնում՝ միայն երեխայի համար: Փոքր ուրախություննե՞ր. «Վերջերս գնել եմ ինձ համար 30 մանաթի կոսմետիկ միջոցներ: Դա շատ չէ՝ հաշվի առնելով, որ դեռ երկար ժամանակ կծառայի, իսկ «Իդեալ» խանութների ցանցում մեկ քսուկը արժե 45 մանաթ»:

Իլգարը և իր ընտանիքը այլևս միս չեն ուտում

Իլգար Ահմեդովը աշխատում է ավտոլվացման կետում, ունի չորս հոգանոց ընտանիք:

Բյուջեն անկայուն է. կարող է կազմել ամսական 150-200 մանաթ (88-117 ԱՄՆ դոլար), իսկ լավ ամիսներին՝ անգամ 400-500 մանաթ (230-290 ԱՄՆ դոլար):

Արթնանալով՝ Իլգարը առաջին հերթին պատուհանից դուրս է նայում՝ տեսնելու, արդյոք անձրև է գալիս: Եթե եղանակը լավը չէ, ստիպված է մնալ տանը, իսկ դա նշանակում է կորուստներ ընտանեկան բյուջեում:

Իլգարը մեքենաներ է լվանում: Նախկինում նա կոշկակար էր տեղի արտադրամասերից մեկում: Կարում էր լավ, որակյալ կոշիկներ և վատ չէր վաստակում: Սակայն տեղական արտադրամասերը փակվեցին Չինաստանից ներկրվող էժան արտադրանքի պատճառով:

Յուրաքանչյուր ամիս 200 մանաթ Իլգարը վճարում է խրուշչովյան նախագծով մեկ սենյականոց բնակարանի համար, որը գտնվում է Նարիմանովի մետրոյի հարևանությամբ:

Թեև բնակարանը հին է, սակայն ամենաանհրաժեշտը կա: «Կնոջս օժիտի կահույքը արդեն մաշվել է բնակարանից բնակարան անընդհատ տեղափոխելիս, լվացքի մեքենա չկա»,- ասում է Իլգարը:

Երբ անձրև է գալիս, մեքենաներ չեն լվանում: Երբեմն մի քանի օր անընդմեջ հաճախորդներ չեն լինում: Եթե բախտը ժպտա և լինի հինգ-վեց հաճախորդ դրսից և ներսից մեքենայի լվացմամբ, կարելի է տուն բերել 40-50 մանաթ: Եկամտի անկայունության պատճառով «հաջողակ» ամիսներին ընտանիքը իրեն ոչ մի ավելորդ բան թույլ չի տալիս: Առաջին հերթին վճարվում է բնակարանի վարձը և կոմունալ վճարումները, իսկ մնացածը մի կողմ է դրվում:

Նման պայմաններում բյուջե պլանավորել հնարավոր չէ. գումարը բավականեցնում է միայն ոչ թանկ սննդի և տնտեսական իրերի համար: «Պատահում է, որ երկու-երեք ամիս միս չենք ուտում, – ասում է Իլգարը, – եթե, իհարկե, բարեկամները չեն բերում, շնորհակալություն իրենց»: Հագուստի համար ծախսերի մասին խոսք անգամ չի կարող լինել. դպրոցական երեխաների համար անհրաժեշտ հագուստ և պայուսակներ գնում են բարեկամները: Սեփական գումարը բավականեցնում է միայն գրենական պիտույքների՝ տետրերի, գրիչների և գրքերի համար: Երեխաները ծննդյան օրերը ևս նշում են բարեկամները. իրենց երեխաների հետ միասին տանում են մանկական զվարճանքի կենտրոններ, սրճարաններ:

Հիվանդությունը ողբերգություն է ընտանիքի համար. բժշկին այցելելու համար ստիպված են պարտքեր վերցնել:

Ի՞նչ հարված է հասցրել արժեզրկումը ընտանիքին: «Մենք վարկեր չունենք, մենք չենք գնում որևէ թանկ բան, գումարը ծախսում ենք միայն սնդդի վրա, – ասում է ընտանիքի հայրը, – սակայն եթե նախկինում 50 մանաթով ես գնում էի սնունդ 20 օրվա համար, ապա այժմ՝ միայն 10 օրվա համար: Լավ է, որ ամռանը մրգերը և բանջարեղենը ավելի էժան են, քան միսը: Այսպես էլ ապրում ենք».
Իլգարը իրեն աղքատ է համարում: Քանի որ նա անընդհատ աշխատում է, ժամանակ չի մնում մտածել ապագայի մասին: Ապագան վաղվա օրն է, ցանկալի է՝ առանց անձրևի:

Սաբինան խնայում է Եվրոպայի հաշվին

Սաբինան ֆինանսական տնօրեն է միջազգային ընկերության մասնաճյուղում: Աշխատավարձը՝ 3500 մանաթ (մոտ 2000 ԱՄՆ դոլար): Նա գնահատում է իր եկամուտը այսպես՝ «միջինի վերին նշաձող»: Ընտանիքը բաղկացած է երեք անձից:

Իր ծախսերի հաշվարկը կատարում է աղյուսակում՝ ուշադիր և մանրակրկիտ. սա ավելի շուտ մասնագիտական սովորություն է, քան տնտեսելու ցանկություն:

Ես սպասում եմ Սաբինային բիզնես կենտրոնի մուտքի մոտ, որտեղ նա աշխատում է: Նա դուրս է գալիս առանց պայուսակի, իսկ իմ հարցին, թե ինչու՞, պատասխանում է, որ ապրում է մոտակայքում՝ մատնացույց անելով ճանապարհից այն կողմ գտնվող հին շենքը:

Մենք մտնում ենք հասարակ, սակայն ճաշակով ձևավորված սրճարան. բարի կանգնակը հասարակ է, բայց ոճային, պատերի տախտակադրվագները աղյուսների են նմանակում: Սաբինան հանում է թեթև վերարկուն, որի տակ համեստ հագուստ է՝ առանց որևէ զարդի:

«Ամեն շաբաթ ինչ-որ տեղ ենք գնում, – ընմպելով սուրճը՝ ասում է Սաբինան, – կարող ենք «Արազ գնալ» (քաղաքի կենտրոնում գտնվող համեմատաբար էժան սրճարան), այնտեղ համեղ են պատրաստում, նաև՝ այլ տեղեր, օրինակ, Energy (մոդայիկ ակումբ Բաքվում):

«Հագուստ գնում եմ Massimo Dutti, Zara խանութներից: Հագուստի ապրանքանիշը ինձ համար այդքան էլ կարևոր չէ: Ես չեմ հասկանում մարդկանց, ովքեր մի քանի ամիս գումար են կուտակում ֆիրմային հագուստ գնելու համար: Սակայն կարծում եմ, որ ավելի լավ է գնել մեկ որակով, քանի հինգ անորակ իր: Ուղղակի այս խանութներում ես կարող եմ գտնել իմ ոճին համապատասխան հագուստ: Ես կարող եմ Next կամ Bershka խանութներ ևս մտնել, սակայն այնտեղ հազվադեպ եմ ուզածս հագուստը գտնում», – ասում է Սաբինան: Իհարկե, կարգավիճակը ևս պարտավորեցնում է. միջազգային ընկերությունում աշխատանքի կարելի է գալ casual հագնված, սակայն այդ casual-ը ևս պետք է լինի ընտիր որակի:

«Ես ինձ շատ հարուստ մարդ չեմ համարում, – ասում է Սաբինան, – կարծում եմ՝ միջին դասը այն մարդիկ են, ովքեր չեն խնայում, ովքեր կարող են իրենց թույլ տալ կյանքի նորմալ մակարդակ՝ արտերկիր գնալ, ապրել հարմարավետ»:

Թեպետ մինչև մանաթի արժեզրկումը Սաբինան ստանում էր ավելի քիչ գումար՝ ընդամենը 2700 մանաթ, սակայն իրեն ավելի շատ բան կարող էր թույլ տալ, օրինակ՝ գնալ Եվրոպա: Իսկ այժմ, թեև աշխատավարձը քանակապես բարձրացել է, արտերկիր գնալուն ստիպված է պատրաստվել մի քանի ամիս՝ ընտրել բյուջետային տուրեր, ամրագրել ոչ թե հյուրանոց, այլ բնակարան airbnb կայքում:

Հետևություններ

Վերոնշյալ մարդիկ հարցվածների միայն մի մասն են: Հարցվածները շատ ավելին են, ինչը թույլ տվեց մեզ անել որոշ ընդհանրացումներ.

  • 1000-2000 մանաթ (մոտ 900 ԱՄՆ դոլար) եկամուտ ունեցող մարդիկ իրենց համարում են միջին խավ, թեև խոստովանում են, որ ճգնաժամից հետո նման աշխատավարձերով տնտեսել ամենևին չի ստացվում: Արժեզրկումից հետո միջին խավը այլևս ռեստորաններ չի գնում, մշակութային միջոցառումներ չի հաճախում, գումար չի խնայում, սեփական հաշվին արտերկիր չի գնում, սակայն, այնուամենայնիվ, փորձում են չխնայել հաճույքների և երեխաների կրթության վրա:
  • Ստորին խավը մեծ տարբերություն չի զգացել. «ինչպես աղքատ ապրում էինք, այդպես էլ ապրում ենք»: Այս մարդիկ առանց այդ էլ իրենց թույլ էին տալիս միայն ամենաանհրաժեշտը: Ադրբեջանցի չունևորները հարկադրված բուսակերներ են: Ամենից շատ վախենում են հիվանդություններից և կանոնավոր վճարումներից, ինչպես, օրինակ, բնակարանի վարձավճարն է:
  • Ըստ ամենայնի, Ադրբեջանում ամենաբարձր աշխատավարձը չի գերազանցում 3000-4000 մանաթը (միջինում 2000 դոլար): Համենայն դեպս, նման եկամուտ ունեցող մարդիկ դեռ պատրաստ են կիսվել իրենց դրամապանակի բովանդակության մասին տեղեկությամբ: Սակայն այս՝ միջին չափանիշներով ոչ ցածր աշխատավարձը ևս ճգնաժամից հետո դադարել է ապահովել մարդկանց հարմարավետության սովորական մակարդակով:

 

Ըստ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ Ադրբեջանում միջին աշխատավարձը կազմում է 466 մանաթ (ԱՄՆ դոլար):

Նվազագույնը պաշտոնապես սահմանվել է 116 մանաթ (68 ԱՄՆ դոլար), այսինքն, դուք իրավունք չունեք աշխատողին պակաս վճարել:

Առավելագույն աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում է 2500 մանաթ (մոտ 1500 ԱՄՆ դոլար): Սակայն բարձր խավի իրական եկամուտները գերազանցում են այդ շեմը և կորչում են ստվերային տնտեսության բարձունքներում:

Պետք է հիշել, որ մյուս բոլոր խավերի եկամուտները ևս չեն գոյանում միայն աշխատավարձերից, այդ պատճառով չի կարելի ապավինել միայն պաշտոնական վիճակագրությանը պարզելու համար, թե որքան են իրականում վաստակում ադրբեջանցիները:

 


Կարդալ ավելին JAMnews-ում