Ո՞վ է մեղավոր: Արտադրո՞ղը, միջնո՞րդը, թե՞ Նոր տարին " />

Ադրբեջանցիները դժգոհում են մթերքի «սողացող» գնաճից

Ո՞վ է մեղավոր: Արտադրո՞ղը, միջնո՞րդը, թե՞ Նոր տարին

Բաքվի խանութներում սննդամթերքն աննկատ թանկանում է սպառողների մեծամասնության համար: «Ամեն շաբաթ տարբեր մթերքների վրա ավելանում է 3-5 գյափիք (2-3 ամերիկյան ցենտ): Փոքր բյուջե ունեցող ընտանիքների համար ամսվա վերջին մեծ գումար է ստացվում»,- դժգոհում է Բակիխանովի 54-ամյա բնակիչ Ասյա Իսմաիլզադեն:

«Օրինակ, ֆաբրիկայի հավկիթը մեկ ամիս առաջ արժեր 11 գյափիկ, իսկ այսօր արդեն 15: Իսկ այն, ինչ վաճառում են տնական հավկիթի անվան տակ, արժե 24 գյափիք»:

Թռչնաբուծության հանրության նախագահ Այդին Վելիևը հերքում է արտադրողների մասնակցությունը հավկիթի գների աճի վրա:

«Իմ տվյալներով՝ արտադրողը վաճառում է 360 հավկիթը 42 մանաթով, մեկ հավկիթը՝ մոտ 11 գյաբիքով (6.9 ցենտ): Գնաճն ընկած է վաճառողների խղճի վրա: Մթերքն անցնում է ձեռքից ձեռք, իսկ մեղքը բարդում են արտադրողի վրա: Չնայած որ արտադրողը վաճառողին չի էլ տեսնում: Ընդհակառակը, մենք լիովին բավարարում ենք ներքին պահանջարկը և ճանապարհ ենք փնտրում հավկիթների արտահանման համար»,- ասել է Վելիևը ԱՊԱ գործակալությանը:

Մոտ երկու ամիս առաջ ադրբեջանական մամուլը և հասարակությունն անհանգստացած էր կարագի գնի բարձրացումից. պարզվել է, որ մեկ տարի առաջ էլ այն կրկնակի բաձրացել էր՝ գերազանցելով թանկացած մյուս մթերքներին: Պաշտոնական անձիք դա բացատրեցին աշխարհում կարագի գնի բարձրացմամբ: Մանրամասները՝ JAMnews-ի նյութում:

Ադրբեջանում վերանայել են հարկային տուրքերը. ալկոհոլը կթանկանա, կարագը կէժանանա

Ադրբեջանի կառավարությունը նոյեմբերի սկզբին որոշում էր կայացրել 3 անգամ նվազեցնել ներմուծման հարկը կարագի վրա: Սակայն այդ որոշումն ուժի մեջ է մտնում միայն դեկտեմբերի 7-ին, այնպես որ կարագի գինն առայժմ ոչ միայն նույնն է մնում, այլև շաբաթվա մեջ մի քանի տոկոսով աճում է:

«Քաղաքացիների մեծ մասն այլևս չեն կարողանում իրենց թույլ տալ գնել թանկարժեք գերմանական կամ նորզելանդական կարագ, նախընտրում են ուկրաինական արտադրանքը»,- գրում է «Յենի Մուսավաթ» թերթը:

Մեկ այլ սպառող՝ Բաքվի բնակիչ Մուբարիզ Ռահիմովը, կարծում է, որ գնաճի պատճառը մոտեցող Նոր տարին է:

«Ամեն տարի Նովրուզի և Նոր տարվա նախաշեմին առևտրականները փորձում են որսալ հաջողության պահը և սաստիկ բարձրացնում են գները»:

Տնտեսագետ, փորձագետ Փարվիզ Հեյդարովը հերքում է, որ գնաճը պայմանավորված է մոտեցող տոներով:

«Գնաճը համաշխարհային միտում է: Բայց Ադրբեջանի վրա ազդում են նաև այլ սուբյեկտիվ գործոններ: Օրինակ, բարձր մաքսատուրքերը, մենաշնորհների առկայությունը, ներքին ինֆլյացիան և այլն: Տոնն այստեղ կապ չունի»,- Հեյդարովին մեջբերում է modern.az-ը:

Խնդրի նկատմամբ անտարբեր չեն մնացել նաև Միլի մեջլիսի անդամները, այդ թվում՝ կառավարամետ: Ելույթ ունենալով Ադրբեջանի բյուջեի՝ 2018թ. նախագծի քննարկումներում՝ պատգամավոր Եվդա Աբրամովն ասել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի գնաճը կախելու համար: «Մենք երկրում խնդիր ունենք. եթե գները բարձրանում են, դրանք հետո էլ չեն իջնում»,- ասել է պատգամավորը:

Վեց տարի առաջ հավկիթի գների կտրուկ աճը պահանջեց միջամտություն հանրապետության նախագահի մակարդակով: Բաքվում գործադիր իշխանության խորհրդակցության ժամանակ նա ասել էր. «Հավկիթը տեղական արտադրության մթերք է և, հետևաբար, ինչու՞ այն պետք է մի քանի անգամ թանկանա: Ես հրահանգ եմ տվել ուսումնասիրել այդ հարցը: Այստեղ կան մենաշնորհի նշաններ, և աշխարհում դա անվանում են «կարտելային համաձայնություն»: Հավկիթի գինը բարձրացնողները քրեական պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն»:

Այդ ժամանակ գներն անմիջապես նվազեցին:


Կարդալ ավելին JAMnews-ում