Այն մեղադրվել է նախագահի օգնականի հասցեին զրպարտության համար " />

Ադրբեջանում ևս մեկ տեղեկատվական կայք է արգելափակվել

Այն մեղադրվել է նախագահի օգնականի հասցեին զրպարտության համար

Բաքվի Սաբայիլի դատարանը որոշում է կայացրել արգելափակել Az24saat.org տեղեկատվական կայքը, որը մեղադրվում է նախագահի օգնական Ալի Հասանովի հասցեին արված զրպարտության համար: Սա երկու ամսում արդեն երրորդ այսպիսի դեպքն է:

Կայքի դեմ բողոքել է ոչ թե Հասանովն, այլ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը: Ըստ կայքի ղեկավար Վուգար Գուրդգանլիի՝ ինքն ու իր փաստաբանները դատարանին խնդրել են հնարավորություն տալ մանրամասն ուսումնասիրել նախարարության դիմումը, սակայն մերժում են ստացել:

Նախարարության ներկայացուցիչները դատարանում հայտարարել են, որ կայքը զրպարտող և կանխակալ հոդվածներ է հրապարակում Ալի Հասանովի մասին: Մասնավորապես, խոսքը հետևյալ հոդվածների մասին է.

«Մամուլի խորհուրդն Ալի Հասանովի ծննդյան օրվա կապակցությամբ հատուկ նիստ է բվիրել նրան»,

«Իլհամ Ալիևին սխալ իրազեկող անձն Ալի Հասանո՞վն է»,

«Ո՞վ և ինչո՞ւ է փակել ԱՊԱ-ն»:

Սկզբից նախարարությունը կայքից պահանջել է ջնջել այդ նյութերը, իսկ երբ պահանջն անտեսվել է, դատի է տվել՝ հիմնվելով «Տեղեկատվության, իրազեկման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքի վրա:

Az24saat.org-ց բացի նույն մեղադրանքով դատական գործ է սպասվում նաև Xural.com և Arqument.az կայքերին:

Այս տարվա հունիսին նման ճակատագրի է արժանացել ևս երկու ադրբեջանական կայք՝ bastainfo.com-ն ու criminalaz.com-ը. դրանք արգելափակել են՝ մեղադրելով Գյանջա քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի նկատմամբ մահափորձի և դրան հետևած հասարակական անկարգությունների սխալ լուսաբանման համար:

«Պետությունն անում է ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանում լրագրությամբ հնարավոր չլինի զբաղվել», – այս նախադեպն է Ֆեյսբուքում մեկնաբանել լրագրող Խադիջա Իսմայիլը:


Կարդալ ավելին JAMnews-ում