Օնկոլոգիական հիվանդությունների վիճակագրությունը վերջին 14 տարում կրկնակի աճել է " />

Ադրբեջանում քննարկում են, թե ինչու է աճում քաղցկեղով հիվանդների թիվը և արդյոք իրականում աճում է

Օնկոլոգիական հիվանդությունների վիճակագրությունը վերջին 14 տարում կրկնակի աճել է

Ադրբեջանում քաղցկեղով գրանցված հիվանդների թիվը վերջին 14 տարում ավելացել է ավելի քան կրկնակի։ Մարդիկ ցնցված են այս վիճակագրությունից և սկսել են սոցցանցերում քննարկել պատճառները։ Ի՞նչ է տեղի ունեցել․ հիվանդությո՞ւնն են սկսել ավելի լավ ախտորոշել, թե՞ Ադրբեջանի բնակիչներին սպանում են սթրեսներն ու բնապահպանական խնդիրները։ 

• Շաքարախտն Ադրբեջանում․ պատմություններ, խնդիրներ, միֆեր

• Ինչպե՞ս են բժիշկները Հայաստանում խտրականություն ցուցաբերում ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով մարդկանց նկատմամբ

Վիճակագրություն

Տվյալ պահին Ադրբեջանում պաշտոնապես գրանցված է 48 685 քաղցկեղով հիվանդ, հաղորդում է Trend-ը։

2005թ-ին նրանց թիվը 23 088 էր;

 2010-ին՝ 28 052;

2015-ին՝ 40 653,

2017-ին՝ 45 756։

Անցյալ տարի նման ախտորոշում է դրվել մոտ 113 մարդու՝ հարյուր հազար մարդու հաշվարկով։ 

Նրանց մեծ մասը 40-ից բարձր տարիքի է, տղամարդկանց ու կանանց թիվը մոտավորապես հավասար է։ Առավել հաճախ է հանդիպում կրծքի քաղցկեղը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ քաղցկեղը դառնում է աշխարհում յուրաքանչյուր վեցերորդ մահվան պատճառ։ Մահացության նման դեպքերի շուրջ 70%-ը բաժին է ընկնում ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներին։ Սակայն առավել հաճախ օնկոլոգիան ախտորոշվում է զարգացած երկրներում։ Բնակչության մեկ շնչի հաշվարկով «առաջատարն» է Ավստրալիան (468 մարդ՝ յուրաքանչյուր հարյուր հազար մարդու հաշվարկով)։

Քաղցկեղի «համաճարակի» պատճառները

Բժշկական միջավայրում միասնական կարծիք չկա քաղցկեղի առաջացման պատճառների վերաբերյալ։ Գիտնականները շարունակում են վիճել, թե ինչն է քաղցկեղ առաջացնում․ սխալ սնունդը, ճառագայթումը, վարակները, սթրեսը, հորմոնալ խանգարումները, գենետիկական նախատրամադրվածությունը։

Բաքվի օնկոլոգիական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նասիմի Գասիմովը, համարում է, որ ռիսկի գլխավոր գործոնները ծխելն ու ավելորդ քաշն են։

Ադրբեջանի սոցցանցերում մարդիկ իրենց վարկածներն են առաջ քաշում, թե ինչու է երկրում ավելանում քաղցկեղով հիվանդների թիվը․

 «Սա աղետ է։ Վախենում եմ մտածել, թե ինչ սնունդ են մեզ տալիս, էլ չեմ խոսում օդի մասին, որը շնչում ենք»;

«Սա լավ վիճակագրություն է։ Այն նշանակում է, որ մեզ մոտ սկսել են օնկոլոգիան ավելի լավ ախտորոշել։ Եթե հիվանդությունը ժամանակին հայտնաբերվի, բուժման շանսերը մեծանում են»։

«Ընդհակառակն, Ադրբեջանում մինչև այսօր չեն սովորել ոչ նորմալ ախտորոշել, ոչ բուժել։ Ով հնարավորություն ունի, Թուրքիայում, Գերմանիայում, Ռուսաստանում է բուժվում։ Իսկ ովքեր նման հնարավորություն չունեն, մահանում են այստեղ։ Բուժումն ու դեղորայքը ահավոր թանկ են, իսկ բժիշկների մեծ մասի որակավորումը ցածր է»։ 


Կարդալ ավելին JAMnews-ում