Տեղի և միջազգային իրավապաշտպանների կողմից Մուխթարլին ճանաչվել է քաղբանտարկյալ " />

Ադրբեջանում սկսվել է լրագրող Աֆղան Մուխթարլիի դատավարությունը

Տեղի և միջազգային իրավապաշտպանների կողմից Մուխթարլին ճանաչվել է քաղբանտարկյալ

Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Բալաքենի շրջանում սկսվել է ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի դատավարությունը։ Մուխթարլին մեղադրվում է վրացադրբեջանական սահմանն անօրինական կերպով հատելու, ինչպես նաև իր հետ առձեռն 10 հազար եվրո մաքսանենգ ճանապարհով տեղափոխելու մեջ:

Բալաքենի շրջանը գտնվում է Բաքվից 440 կմ հյուսիսարևմուտք։ Դատավարության համար նման հեռու վայր է ընտրվել, որովհետև Աֆղան Մուխթարլիի բնակության վայրը Վրաստանին սահմանակցող Ադրբեջանի Զաքաթալի շրջանն է։

«Գործում չկան հավաստի ապացույցներ առ այն, որ Մուխթարլին ինքն է անօրինական անցկացրել գումարը վրացադրբեջանական սահմանով։ Ամեն ինչ հիմնվում է քննության մերկապարանոց պնդումների վրա», – ասել է փաստաբան Նեմաթ Քերիմլին։

Նախնական դատական նիստին փաստաբանը միջնորդություն է ներկայացրել փակել քրեական գործը։

Աֆղան Մուխթարլին վերջին տարիներին ապրում էր Վրաստանում։ Նա 2017թ. մայիսի 29-ին Թբիլիսիում անհետացել է։ Հաջորդ օրը լրագրողն իր փաստաբանին հայտնել է, որ իրեն ուժով տեղափոխել են Բաքու։ Մայիսի 31-ին Ադրբեջանի դատարանը Մուխթարլիին կալանավորելու որոշում կայացրեց։ Լրագրողը հերքում է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները պետական սահմանը խախտելու, մաքսանենգության և սահմանապահին դիմադրություն ցույց տալու մեջ։ Տեղի և միջազգային իրավապաշտպանների կողմից Մուխթարլին ճանաչվել է քաղբանտարկյալ։ Գործընկերները վստահ են, որ նրան հետապնդում են Ադրբեջանի իշխանության բարձր մակարդակներում կոռուպցիայի մասին քննադատական հրապարակումների համար։

Պաշտպանությունը նաև խնդրել է փորձաքննության ենթարկել Մուխթարլիի մոտ իբրև հայտնաբերված գումարը։

«Փորձաքննությունը կարող է հայտնաբերել փողերի վրա մաքսային աշխատակիցների մատնահետքերը», – ասել է փաստաբանը Թուրան  գործակալության թղթակցին։

Նա նաև միջնորդություն է ներկայացրել` ստանալու տեսահսկման սարքերի տեսագրությունը ինչպես սահմանի հատման պաշտոնական կետից, այնպես էլ զինվորական մասից, որտեղ տեղափոխել են Մուխթարլիին։

«Լրագրողին տեղափոխել են պաշտոնական սահմանային անցակետով, և այդ մեքենան պետք է որ հայտնված լինի տեսագրության մեջ», – նշել է փաստաբանը։

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին մեկնաբանել է Վրաստանում Մուխթարլիի առևանգման տեղեկատվությունը։ «Մարդու անհետացումը լուրջ մարտահրավեր է պետական ինքնիշխանությանը։ Պետությունը պետք է պաշտպանի իր հեղինակությունը և ապահովի քաղաքացիների պաշտպանվածությունը, այդ ամենը շատ կարևոր է», – մայիսի 31-ին «Ինտերպրեսսնյուզ» գործակալության լրագրողին հայտնել է Մարգվելաշվիլին։

Նախնական դատական նիստին դատարանը չի բավարարել փաստաբանի ոչ մի միջնորդություն, մեկ բացառությամբ, որ թույլատրել է Մուխթարլիին նստել իր փաստաբանների կողքը։

Դատարանը ընդունել է գործի վարույթը և լսումներ նշանակել դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին։


Կարդալ ավելին JAMnews-ում