Հանդիսատեսը բողոքում է ձանձրալի խաղացանկից " />

Ադրբեջանում պետբյուջեից թատրոնների ֆինանսավորման կրճատում է նախատեսվում

Հանդիսատեսը բողոքում է ձանձրալի խաղացանկից

Ադրբեջանի խորհրդարանում 2018թ-ի պետբյուջեի նախնական քննարկում է տեղի ունեցել: Մշակույթի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Հուսեյնովն իր ելույթում քննադատել է թատրոնների և կինեմատոգրաֆի ֆինանսավորման ծախսերի կրճատումը:

«Ադրբեջանում հաջողությամբ զարգանում է ռազմաարդյունաբերական համալիրն ու գյուղատնտեսությունը: Սակայն Ադրբեջանն ագրարային երկիր չէ: Ադրբեջանը մեծ ռազմական արդյունաբերության երկիր էլ չէ: Ադրբեջանն ամբողջ աշխարհում հայտնի է, առաջին հերթին, իր մշակույթով: Այդ պատճառով էլ մշակույթի նախարարությանն ավելի շատ ուշադրություն պետք է դարձվի, ֆինանսավորումը պետք է ոչ թե չնչին, այլ ավելի զգալի լինի», – ասել է Հուսեյնովը:

Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի ադրբեջանական կինեմատոգրաֆը նշելու է իր 120-ամյակը: Սակայն բյուջեի նախագծում հարկ եղած ուշադրություն չի դարձվում նաև կինեմատոգրաֆին: «Նման մոտեցմամբ մենք չենք կարող մեծ զարգացման հասնել»:

«Թատրոնների ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 300%-ով: Դա բացասաբար կանդրադառնա մեր թատրոնների աշխատանքի վրա», – Հուսեյնովի խոսքերն է մեջբերում modern.az կայքը:

Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին, մեկնաբանելով պատգամավորի հայտարարությունն, ասաց, որ Հուսեյնովը պարզապես շփոթել է տոկոսները: Խոսքը գնում է մեկ երրորդով, այլ ոչ թե 300 տոկոսով կրճատման մասին:

Սոցցանցերում քննարկում է առաջացել, թե արդյոք թատրոններն ընդհանրապես պետք է ֆինանսավորվեն պետբյուջեից: Արդյո՞ք ավելի լավ չի լինի դրանք ամբոջությամբ համաֆիաննսավորմամբ դարձնել:

«Այսօր թատրոններն ունակ չեն ծածկելու իրենց ծախսերն ու դերասաններին աշխատավարձ վճարելու: Առաջին հերթին, քանի որ նրանք ինքնուրույնություն չունեն խաղացանկի ընտրության հարցում: Հանդիսատեսին գրավելու համար պետք է սուր, սոցիալապես պահանջարկ ունեցող թեմաներով պիեսներ բեմադրել: Սակայն մեր թատրոնների խաղացանկն այսօր ծայրահեղ ձանձրալի է և ոչ գրավիչ հանդիսատեսի համար», – ասում է թատրոնի սիրահար Սևիլ Հասանովան:

«Իմ կարծիքով՝ Ադրբեջանում այսօր չկա Թատրոն որպես մեծ դրամատիկ արվեստ: Նրանք, ովքեր զբաղված են այդ ոլորտում, զբաղվում են ինքնախաբեությամբ կամ մակաբուծությամբ: Պետք է բոլորին ցրել: Այս մասին արդեն 10 տարի է՝ գրում եմ, լավ է գոնե նման ձևով են որոշել հետևլ բարի խորհրդին», – համարում է արվեստաբան և դերասան Ուլվի Մեհթին:


Կարդալ ավելին JAMnews-ում