Հասարակական կարծիքը բաժանվել է " />

Ադրբեջանում հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին օրենք է ընդունվել

Հասարակական կարծիքը բաժանվել է

Ադրբեջանի խորհրդարանն ապրիլի 14-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակման մասին»:

Աշխատանքի և սոցիալական քաղաքականության խորհրդարանական կոմիտեի նախագահ Խադի Ռաջիբլին, նախագիծը ներկայացնելով, ասել է. «Նախագծի մշակումը սոցիալական պահանջներից էր բխում: Վերջերս Ադրբեջանում կանանց հետաքրքրությունը ծխախոտի հանդեպ աճել է. տղամարդկանց 67.5%-ն ու կանանց 52.5%-ը տառապում է ծխախոտային կախվածությունից: Անտանելի է այն, որ այդ ամենը հանգեցնում է թմրամոլության, ինչն էլ հասարակությունում դժգոհության առիթ է դառնում: Ուրախացնում է այն, որ նախագիծը քննարկվել է մամուլում, և հասարակությունն այն դրական է գնահատել», – Ռաջիբլիին մեջբերում է ԱՊԱ գործակալությունը:

Ռաջիբլին հավելել է, որ օրենքի ընդունումը չի նշանանկում երկրում ծխախոտի արտադրանքի կրճատում, քանի որ արտասահմանում ադրբեջանական ծխախոտի մեծ պահանջարկ կա:

3 գլխից և 17 հոդվածից բաղկացած օրենքում թվարկվում են այն վայրերը, որտեղ ծխելն արգելվում է, և պատժամիջոցները, որոնք սպառնում են օրինախախտներին:

Քաղաքացիները տարբեր կերպ են արձագանքել այդ նորությանը:

Լրագրող, 41 տարեկան. «Լավ են արել, որ արգելել են: Սեփական փորձից ասեմ, որ երբ արտասահմանյան այն երկրներում եմ լինում, որտեղ նմանատիպ օրենք կա, միշտ հետևում եմ օրենքին և հետս ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում: Հնարավոր է, շնորհիվ այդ արգելքի ես ազատվեմ այդ վնասակար սովորությունից»:

Նավթագործ, 43 տարեկան. «Անօգուտ արգելք է: Եթե մարդն ուզում է ծխել, նա ծխելու է՝ չնայած տուգանքին»:

Սրճարանի սեփականատեր, 39 տարեկան. «Եթե արգելքը բոլորին հավասարապես է վերաբերում, ապա ես դա ողջունում եմ: Չեմ վախենում հաճախորդներին կորցնել, հնարավոր է, որ նրանք ավելի շատանան չծխողների հաշվին»:

Սրճարանի հաճախորդ, 37-ամյա կին. «Շատ ճիշտ ժամանակին ընդունված որոշում է: Նախկինում ես այստեղ չէի կարող գալ երեխայիս հետ, նա տանել չի կարողանում ծխախոտի ծուխը: Հիմա մենք այստեղ հանգիստ կճաշենք»:

Սոցցանցերի օգտատերեր

«Դա շատ ճիշտ է: Ողջ աշխարհն է օգտագործում այդ պրակտիկան: Ես չծխող եմ և տանել չեմ կարողանում ծխախոտի հոտը: Ինչո՞ւ ես պետք է ռեստորան, ակումբ կամ մեկ այլ տեղ հանգստանալու գնամ և այդ ծուխը շնչեմ: Ինչո՞ւ պետք է հագուստիցս ծխախոտի հոտ գա, չէ՞ որ հանգստի համար նույն գումարը ես եմ ծախսում, ինչպես և ծխողները: Ուզո՞ւմ ես ծխել: Դուրս եկ փողոց, պատշգամբ, դրա համար նախատեսված հատուկ տեղ և ծխիր, որքան ուզում ես»:

«Դա խնդրի ոչ այնքան ճիշտ լուծում է: Ծխողն ուզում է ծխել ուտելիս, խմելիս: Հետևաբար, եթե ռեստորանը հնարավորություն ունի, պետք է առանձին սրահներ լինեն: Չծխողների ռեստորանի գաղափարն անգամ ծիծաղելի է, քանի որ այդ դեպքում ռեստորանը մեծ վնասներ կկրի»:

«Սա թերևս վերջին 5 տարվա լավագույն նորությունն է»:


Կարդալ ավելին JAMnews-ում