Մշակույթի նախարարության որոշումը սոցցանցերում կտրուկ բացասական արձագանք է առաջացրել " />

Ադրբեջանում, ինչպես և Ռուսաստանում, արգելել են «Ստալինի մահը» ֆիլմը

Մշակույթի նախարարության որոշումը սոցցանցերում կտրուկ բացասական արձագանք է առաջացրել

Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը պրեմիերայի օրը որոշել է արգելել Ռուսաստանում արգելված «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրությունը:

Ֆիլմը վարձույթից հանելուց մեկ շաբաթ առաջ Cinema plus ադրբեջանական կինոթատրոնների ցանցի զարգացման գծով տնօրեն Զաուր Դարաբզադեն haqqın.az կայքին ասել էր, որ սկանդալային բրիտանական-ֆրանսիական կատակերգությունն այնուամենայնիվ կցուցադրվի Ադրբեջանում: Ֆիլմի անոնսն արդեն հայտնվել էր Cinema plus-ի կայքում:

Սակայն պրեմիերայից մեկ օր առաջ Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ֆիլմի փակ դիտում էր անցկացրել և որոշել արգելել ցուցադրությունը կինոթատրոններում:

«Ֆիլմը պատմում է Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասին, և դա մեր պատմությունն է, իսկ այն, ինչ պատկերված է այդ ֆիլմում, ըստ մշակույթի նախարարության, վիրավորում է այդ պատերազմում զոհվածների հիշատակը»,ասել է Դարաբզադեն:

«Ստալինի մահը» բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի կատակրգությունն է, որը կատակների քաղաքական ուղղվածությամբ հիշեցնում է Սաշա Բարոն Քոենի «Բռնապետը» ֆիլմը: «Ստալինի մահը» ֆիլմը պատմում է ԽՍՀՄ-ում իշխանության համար պայքարի մասին: Ռեժիսորը զավեշտալի կերպով է ներկայացնում խորհրդային առաջնորդներին՝ Խրուշչովին, Բերիային, Ժուկովին:

Հունվարի վերջին ֆիլմն արգելել էին ցուցադրել Ռուսաստանում: Ռուսաստանի մշակույթի նախարարության Հանրային խորհուրդը ֆիլմը դիտելուց հետո որոշել էր, որ ֆիլմը ոչ պատմական, ոչ մշակութային արժեք չունի, փոխարենը դրանում ապականվում է խորհրդային խորհրդանիշները՝ հիմնը, շքանշաններն ու մեդալները: Ելնելով այդ հանգամանքից՝ նախարարությունը հետ էր կանչել ֆիլմի վարձութային վկայականը: Այդ որոշումից հետո «Վոլգա» կինոընկերությունը, որը Ռուսաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների տարածքում ֆիլմի էքսկլյուզիվ դիստրիբյուտորն է, վաճառքից հանել է «Ստալինի մահը» ֆիլմը:

« ՌԴ մշակույթի նախարարության «Ստալինի մահը» ֆիլմի ցուցադրության արգելքը փաստացի հանգեցրել է ողջ հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Ադրբեջանում, դրա ցուցադրության արգելքի», – գրում է haqqin.az-ը: Սակայն Վրաստանում ֆիլմն ազատ ցուցադրվում է կինոթատրոններում, և ոչ մի քննարկում արգելելու մասին նույնիսկ չի գնացել:

«Ստալինին մահը» ֆիլմի ցուցադրությունն արգելելու մասին մշակույթի նախարարության որոշումը կտրուկ բացասական արձագանք է առաջացրել Ադրբեջանի սոցցանցերում: Ֆեյսբուքյան մի քանի մեկնաբանություն նշենք:

«Մշակույթի նախարարության որոշումը նշանակում է, որ Ադրբեջանն անկախ պետություն չէ»:

«Նրանք ֆիլմը նույնիսկ չեն էլ դիտել: Ես չէի համաձայնի Բերիայի՝ «գարշահոտ է փչում, ինչպես Բաքվի զուգարանում» խոսքերի հետ, Ժուկովն, ընդհակառակը, կարծես արծիվ ներկայացված լինի: Ընդհանրապես, ֆիլմը լավն է, սակայն ծիծաղելի չէ, ավելի շատ՝ տխուր»:

«Ադրբեջանը գնալով ավելի է նմանվում Ռուսաստանին: Եվրաֆոբիա, ֆիլմերի արգելքներ… հետո ի՞նչ է լինելու՝ Գուլա՞գ, Բելոմորկանա՞լ.…»

«Մենք ի՞նչ գործ ունենք ռուսական արգելքի հետ: Մի՞թե մենք չենք հռչակել մեր անկախությունը 1991թին: Մի՞թե Ստալինը մեր հերոսն է: Այդ համակարգը ոչնչացրել է մեր ինտելիգենցիան: Երկրորդ աշխարհամարտում զոհված մեր հայրենակիցների լուսավոր հիշատակը ոչ մի կապ չունի այս ֆիլմի հետ»:


Կարդալ ավելին JAMnews-ում