Գնի աճը պայմանավորված է տնտեսական ճգնաժամով" />

Ադրբեջանում թանկացել է բենզինը

Գնի աճը պայմանավորված է տնտեսական ճգնաժամով

Ադրբեջանում աճել է АI-92 (Regular) տեսակի բենզինի գինը: Այդ մասին որոշումը հուլիսի 14-ի ուշ գիշերին հայտարարել է Սակագնային խորհուրդը (Ադրբեջանում վառելիքի գները կարգավորվում են պետության կողմից):

Հուլիսի 15-ին վարորդների շրջանում այդ ամենատարածված ապրանքանիշի բենզինն արժե արդեն ոչ թե 0,70, այլ 0,90 մանաթ (0,52 դոլար): Այսպիսով, բենզինը թանկացել է 28,5 տոկոսով:

Թանկացումը պայմանավորված է SOCAR-ի արտահանման հնարավորությունների սահմանափակմամբ և երկրի արժութային մուտքերի կրճատմամբ: «AI-92 տեսակի բենզինի գները բարձրացվել են երկրում արտադրվող բենզինի որակը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, էկոլոգիական միջավայրի բարելավման, ներդրումային հնարավորությունների ընդլայնման համար, որպեսզի ապահովվի երկրում բենզինի աճող պահանջարկը, նավթավերամշակող ոլորտում արդիականացման անհրաժեշտությունն, ինչպես նաև մանաթի տեղի ունեցած արժեզրկման և SOCAR-ի արտահանման հնարավորությունների կրճատման պատճառով», –ասված է Սակագնային խորհրդի կայքում:

Ընդ որում, Սակագնային խորհուրդը նշում է, որ անգամ բենզինի գների բարձրացումից հետո այն շարունակում է ցածր մնալ ԱՊՀ և տարածաշրջանի երկրների մեծ մասի գների համեմատ:

AI-92 տեսակի բենզինի մեկ լիտրի արժեքը Վրաստանում կազմում է 0,86 դոլար, Ռուսաստանում՝ 0,61, Ղազախստանում՝ 0,43, Բելառուսում՝ 0,59, Ուկրաինայում՝ 0,98 դոլար:

Տնտեսագիտության դոկտոր Գուբադ Իբադօղլուն համարում է, որ գների աճը չի սահմանափակվի միայն AI-92 տեսակով, պետք է սպասել բենզինի նաև այլ տեսակների և դիզելային վառելիքի գների աճի:

«Շուտով կաճեն մասնավոր տաքսիներով ուղևորափոխադրումների գներն, ինչպես նաև հանրային տրանսպորտով: Բացի այդ, բենզինի գնի աճը կբերի սպառման հիմնական ապրանքների գների աճի, քանի որ կաճի դրանց փոխադրման ինքնարժեքը: Երկրորդ կիսամյակում կաճի արժեզրկման տեմպը», – գրում է Իբադօղլուն ֆեյսբուքյան իր էջում:

Տեղեկատվության համար. պաշտոնական տեղեկատվության համաձայն Ադրբեջանում արժեզրկման տեմպն առաջին կիսամյակում կազմել է մոտ 14%:

Տնտեսագետ Թորգուլ Վելիևը մատնանշել է հայտարարված պատճառների և պաշտոնական թվելի անհամապատասխանության մասին. «Բենզինի գնի աճի պատճառների թվում նշվում է SOCAR-ի արտահանման հնարավորությունների սահմանափակումը (պետական նավթային ընկերություն): Ողջ 2016թ-ին Ադրբեջանը AI-92 տեսակի 4,5 հազար տոննա բենզին է արտահանել: Իսկ 2017թ-ի առաջին երեք ամիսների ընթացքում՝ 5,5 հազար տոննա»:

Սոցցանցերի օգտատերերը բենզինի գնի աճը մեկնաբանել են հիմնականում հեգնանքով:

– «Կսկսենք ավելի շատ քայլել: Շնորհակալություն կառավարությանը մեր առողջության մասին մտածելու համար»:

– «Կարող էին այդ որոշման մասին հայտարարելու համար այլ օր ընտրել: Հուլիսի 14-ն Ադրբեջանում նշվում է որպես Հեյդար Ալիևի իշխանության գալու օր: Սա սադրանք է»:

– «Կփնթփնթանք երկու օր և կհարմարվենք: Առաջին անգամը չէ»:

Բաքվի խանութներում մթերքի գինը դեռևս նախկինն է: Մթերային խանութի տիրոջ կարծիքով` գներն անպայման կաճեն, եթե դիզելային վառելիքի գների աճի մասին որոշում կայացվի, քանի որ բեռնատար մեքենաների մեծ մասը, որոնք ապրանք են բերում խանութ, դիզելային վառելիք են օգտագործում:


Կարդալ ավելին JAMnews-ում