Չկա ոչ մի պաշտոնական հայտարարություն, և անգամ այլ լրատվական գործակալությունները լռում են այդ մասին " />

Ադրբեջանում դադարել են աշխատել տեղեկատվական կայքերը, որոնք աղավաղել են նախագահի խոսքերը

Չկա ոչ մի պաշտոնական հայտարարություն, և անգամ այլ լրատվական գործակալությունները լռում են այդ մասին

Ամենախոշոր իշխանամետ տեղեկատվական ԱՊԱ գործակալության կայքն ու նրա երեք դուստր ռեսուրսները՝ Lent.az-ը, Vesti.az-ը և Kulis.az-ը, դադարել են աշխատել այն բանից հետո, երբ իրենց ռեպորտաժում խեղաթյուրել են հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը:

Իր ելույթում պաշտոնական միջոցառման ժամանակ նախագահն ասել է. «Եթե Հայաստանի ղեկավարությունն այսուհետ էլ զբաղվի բանակցությունների ձգձգմամբ, մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունն՝ օգտագործելով բոլոր ռեսուրսները, և էլ ավելի կխարխլենք Հայաստանը»:

Իսկ ԱՊԱ-ն իր ռեպորտաժում «կխարխլենք Հայաստանն» արտահայտության փոխարեն օգտագործել է «Հայաստանին ծնկի կբերենք» արտահայտությունը: Դրան հետևել է նախագահի վարչակազմի հերքումը, որից հետո այդ տեքստը ջնջվել է ԱՊԱ-ից և մյուս կայքերից, որոնք այն վերատպել էին: Իսկ մի քանի ժամ անց կայքերն արդեն հասանելի չէին: Հաշվի առնելով Ադրբեջանում «տուգանված» կայքերի արգելափակման պրակտիկան՝ շատերը եզրակացություն արդեցին, որ ԱՊԱ-ին «պատժել է կառավարությունը»:

ԱՊԱ գործակալությունը գործում է 2004թ-ից ի վեր, և հասցրել է իշխանություններին հավատարիմ և իշխանամետ գործակալության, «պաշտոնական» տեղեկատվության վստահելի աղբյուրի համբավ ձեռք բերել: ԱՊԱ-ն համագործակցում էր անմիջականորեն պետական կառույցների հետ, հնչեցնում էր նրանց պաշտոնական հայտարարություններն ու դիրքորոշումը:

Լրատվամիջոցներն այս թեմային գրեթե չեն անդրադարձել, սակայն սոցցանցերում լրագրողներն ու հանրությունը քննարկում են այն և վարկածներ առաջ քաշում: Լրագրողներից շատերը պաշտպանում են ԱՊԱ-ի իրենց գործընկերներին՝ համարելով, որ նման լուրջ ռեսուրսը չպետք է փակվի մեկ սխալի պատճառով:

Օրինակ, լրագրող Ռաշադ Էրգյունը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՊԱ գործակալությունն ու նրա հետ կապված բոլոր մնացած կայքերը մեկ ժամում փակելը պարզապես սարսափելի է: Առանց դատի ու դատաստանի: Բայց այդպես չպետք է լինի: Նման փոխհարաբերություններ չպետք է լինեն: Նման երկիր չպետք է լինի: Դա սարսափելի է: Չկա ոչ մի երաշխիք որ պրոֆեսիոնալ գործունեության մեջ, ոչ կյանքում»:

Ադրբեջանում վերջին մի քանի տարում արգելափակվել են կառավարության վերահսկողության տակ չգտնվող կայքեր, որոնք հեռարձակվում էին Եվրոպայից՝ Meydan TV-ն և Radio Liberty-ն: ANS մեդիահոլդինգը փակվել է հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի կողմից այն բանից հետո, երբ Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարցազրույցի հայտարարություն է արել, որին մեղադրում են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի համար: Կապի նախարարությունն արգելափակել է ևս մի քանի տեղական կայք. դրանց մեղադրել էին ազգային թշնամանք հրահրելու և ահաբեկչությանն աջակցելու համար:


Կարդալ ավելին JAMnews-ում