Նախագահ Լուկաշենկո. «Մենք պատրաստ ենք օգնել Ադրբեջանին, որպեսզի նա իրեն հանգիստ զգա»: " />

Ադրբեջանն ու Բելառուսը պայմանավորվել են ռազմական համագործակցության շարունակման մասին

Նախագահ Լուկաշենկո. «Մենք պատրաստ ենք օգնել Ադրբեջանին, որպեսզի նա իրեն հանգիստ զգա»:

Ադրբեջանն ու Բելառուսը պայմանավորվել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացման շուրջ: Այդ որոշումն ընդունվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի Բելառուս կատարած այցի արդյունքում:

Հոկտեմբերի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է պաշտպանության նախարարին: Նա ընդգծել է երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների եղբայրական բնույթը: Նա նշել է, որ բելառուսական կողմը մեծ հարգանքով է վերաբերվում ադրբեջանցիներին, իսկ Ադրբեջանի նախագահը դժվարին պահերին միշտ թիկունք է եղել բելառուսական պետությանը:

«Մենք այդ ամենը շատ լավ հիշում ենք և պատրաստ ենք, – եթե ինչ-որ բան կարող ենք անել Ադրբեջանի համար, – անել ամեն ինչ, որպեսզի ձեր ժողովուրդն ապրի անվտանգության մեջ, պետությունը զարգանա», – Բելառուսի նախագահի խոսքերն է փոխանցում BELTA գործակալությունը:

Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսն ու Ադրբեջանը կշարունակեն համագործակցությունն, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում:

«Չեմ ուզում ոչ ոքի առջև արդարանալ, թե ինչ բնույթ է կրում մեր համագործակցությունը: Ցանկանում եմ միայն մի բան ասել, որ մեր հարաբերությունները ոչ մի կերպ չեն խախտում ոչ մի միջզգային պայմանագիր, ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մի բանաձև: Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք, և իրավունք ունենք կանխորոշելու համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի շնչին, մեր պետությունների հարցումներին», – ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի ղեկավարը նշել է, որ Մինսկը պատրաստ է օգնել Ադրբեջանին, որպեսզի նա իրեն հանգիստ զգա: «Այդ պատճառով էլ մենք միասին աշխատում ենք այդ ուղղությամբ և շարունակելու ենք աշխատել», – հավելել է նա:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը նշել է, որը ռազմատեխնիկական շրջանում լավ նախագծեր և համագործակցություն  կա: Նա ընդգծել է նաև, որ այդ ամենը չի հակասում միջազգային օրենքներին:

«Ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այն սարքավորումները, որոնք մենք ստացել ենք ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ, բարձր որակի են, դրանք հաջողությամբ կիրառվում են Ադրբեջանի զինված ուժերում», – ասել է նա:

Դա, ըստ Հասանովի, հնարավորություն է տալիս շարունակել և անգամ ընդլայնել երկրների միջև համագործակցությունը:

Ավելի վաղ Ադրբեջանի և Բելառուսի պաշտպանության նախարարները 2018թ-ի երկկողմանի համագործակցության պլան են ստորագրել: Նախարարները կարծիքների լայն փոխանակում են անցկացրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների, ռազմական փորձագետների փոխադարձ այցերի կազմակերպման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

  • Ռազմական ոլորտում Բելառուսի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է ավելի քան 10 տարի: Օրինակ, դեռևս 2005թ-ին Բելառուսն Ադրբեջանին Տ72 և Տ72М 60 տանկ և այլ ռազմական տեխնիկա է վաճառել:
  • Բելառուսն այս տարվա սկզբին Ադրբեջանին է արտահանձնել Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Կարդալ ավելին JAMnews-ում