Գյուղատնտեսության նախարարությունը վստահեցնում է, որ անհանգստության առիթներ չկան " />

Ադրբեջանն արգելել է Իրանից թռչնամիս ներկրել «թռչնագրիպի» սպառնալիքի պատճառով

Գյուղատնտեսության նախարարությունը վստահեցնում է, որ անհանգստության առիթներ չկան

Իրանից կենդանի թռչնի և թռչնամսի ներկրումն Ադրբեջան ժամանակավորապես արգելվել է հարևան երկրում «թռչնագրիպի» համաճարակի կապակցությամբ:

Ադրբեջանի անասնաբուժական վերահսկողության պետական ծառայությունը հաղորդել է, որ Իրանում թռչնագրիպի տարածման պատճառով 25մլն թռչուն է ոչնչացվել: Վարակը տարածված է հատկապես հյուսիսարևմտյան՝ Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում: Սակայն հիվանդությունը շարունակվում է տարածվել:

Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը գտնվում է չվող թռչունների միգրացիոն ճանապարհին, այդ հիվանդության տարածման կանխարգելման նպատակով Անասնաբուժական վերահսկողության ծառայությունը կոչ է արել թռչնային տնտեսություն ունեցող ֆերմերներին և քաղաքացիներին թռչուններին պահել փակ տարածքում:

Ադրբեջանն արգելել է ոչ միայն կենդանի թռչնի, այլ նաև թռչնամսի և հավկիթի ներկրումը, հաղորդել է ծառայության մամուլի խոսնակ Յոլչու Խանվելին «Թրենդ» գործակալությանը:

Ասիական զարգացման բանկն Ադրբեջանին 50 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել վտանգավոր հիվանդության դեմ պայքարի միջոցառումների իրականացման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար: Իսկ Պետական նավթային հիմնադրամի տրամադրած գումարով ձեռք են բերվել հետազոտման համար անհրաժեշտ ապարատներ:

Անասնաբուժական վերահսկողության պետական ծառայության պետ Իսմայիլ Հասանովը հայտարարել է, որ «թռչնագրիպի» վիրուս Ադրբեջանում չի հայտնաբերվել, այդ պատճառով էլ կարելի է համարձակ գնել և օգտագործել երկրի բրոյլերային տնտեսությունների արտադրած թռչնամիսը, փոխանցում է «ԱզերԹաջ» պետական տեղեկատվական գործակալությունը:

2017թ-ին Ադրբեջանում 4 մոնիթորինգների շրջանակում արյան նմուշներ են վերցվել 655 տնային թռչնից: Անցկացվել է նաև 17 տնային և 87 վայրի թռչնի մսի անալիզ: Արդյունքները ցույց են տվել, որ Ադրբեջանում թռչնագրիպ չկա:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում