Նախագահի «հայտնությունները» զարմացրել և շոկի են ենթարկել հասարակությանը" />

Ադրբեջանն «ավանդական երկիր է» և Եվրոպա չի ինտեգրվելու, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը

Նախագահի «հայտնությունները» զարմացրել և շոկի են ենթարկել հասարակությանը

Ադրբեջանը պետք է ավանդական երկիր մնա և չի կարող Եվրոպա ինտեգրվել, որը ճգնաժամ է ապրում, ճնշում իսլամն ու կնոջ ու տղամարդու միջև տարբերություն չի դնում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում, որը նվիրված էր Բաքվի պետական համալսարանի հարյուրամյակին։ Նրա այս և որոշ այլ հայտարարություններ հասարակությունում շատերի մոտ շոկ են առաջացրել։

• Հարսանիք՝ ավարտական երեկույթի փոխարեն․ Ադրբեջանում կանանց կրթության խնդիրների մասին

• «Երբեք չգիտես, թե արդյոք կենդանի կվերադառնաս տուն»․ ինչպե՞ս են Վրաստանում ապրում տրանսգենդերները

• Ինչո՞ւ են Հայաստանում պայքարում ընտանեկան բռնության դեմ կոնվենցիայի դեմ։ Միֆեր և հերքումներ

Բաքվի պետական համալսարանը ստեղծվել է 1919 թ-ին Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության (ԱԺՀ) կողմից։ Հոբելյանական միջոցառումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին։ Նախագահ Իլհամ Ալիևը ելույթով է հանդես եկել, որի ընթացքում շատ է խոսել երկրի հաջողությունների և այն մասին, թե որքան կարևոր է պահպանել սեփական անկախությունը, պահպանել ավանդական արժեքներն ու պաշտպանվել թշնամական ուժերից։

Ի՞նչ է ասել Իլհամ Ալիևը՝ կետ առ կետ

Արտաքին օգնության և արտասահմանյան վարկերի մասին

«Այսօր երբեմն մենք որոշ արտաքին շրջանակներից լսում ենք, թե իբր նրանք ուզում են օգնել Ադրբեջանին՝ տեսնել այն որպես զարգացած երկիր։ Այդ ամենը սուտ է։ Սա ասում եմ բացարձակապես անկեղծ․․․ Այն դեպքում, երբ բյուջեն դատարկ էր, մենք վարկի համար դիմում էինք, սակայն մեզ ոչ ոք վարկ չէր տալիս։ Լավ, եթե այդպես սիրում եք Ադրբեջանն, ապա ինչո՞ւ մեզ այն ժամանակ չօգնեցիք։ Ինչո՞ւ չօգնեցիք երկրին, որը ծանր վիճակում էր հայտնվել։ Այսօր մեզ վարկ տրամադրել ցանկցողները հերթ են կանգնել։ Մենք չենք վերցնում։ Մենք ինքներս ենք վարկ տալիս։ Մեր արտաքին պետական պարտքը կազմում է ՀՆԱ 17 տոկոսը։ Այս ցուցանիշով մենք աշխարհում իններորդ տեղն ենք զբաղեցնում։ Այժմ՝ հենց թեկուզ վաղը, մենք կարող ենք ստանալ ցանկացած գումար՝ թեկուզ 10 միլիարդ դոլար։ Սակայն մենք չենք վերցնում, ես թույլ չեմ տալիս։ Կրկին նվազեցնում եմ պարտքը։ Այդ պատճառով էլ, երբ որևէ մեկն ասում է, որ Ադրբեջանի բարին է ցանկանում, մի՛ հավատացեք։ Թող երիտասարդությունն էլ չհավատա։ Ոչ ոք և երբեք մեզ ավելի շատ չի սիրելու, քան մենք ինքներս»։

Դժվար ժամանակներ ասելով՝ նա ենթադրում է 20-րդ դարի 90-ական թվականները, երբ Ադրբեջանը «ոտքի էր կանգնում» ԽՍՀՄ փլուզումից հետո և միաժամանակ պատերազմում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի համար։ Այդ փուլում երկրում հաճախ էր փոխվում իշխանությունը, և այդ ժամանակ էլ նախագահ դարձավ Հեյդար Ալիևը՝ Իլհամ Ալիևի հայրը։

Իշխող կուսակցության և ընդդիմության մասին

«Բնակչության բացարձակ մեծամասնությունը մեզ այլընտրանք չի տեսնում, բացի այդ, ո՞վ կարող է այդպիսի այլընտրանք դառնալ։ Նրանցից արդեն երես են թեքել նույնիսկ նրանց հովանավորները։ Մենք դա հաստատ գիտենք։ Այժմ այս լսարանում ես անգամ կարող եմ կիսվել ձեզ՝ ադրբեջանցի ժողովրդի հետ, որոշ օպերատիվ տվյալներով։ Այսօր հակաադրբեջանական շրջանակներն՝ արտասահմանյան շրջանակներն, արդեն բացահայտ խոսում են, որ մենք չունենք ավանդական ընդդիմություն, կան առանձին ծախված խմբավորումներ, որոնց երգն արդեն երգվել է, նրանց վրա հույս դնել չի լինի։ Այդ պատճառով էլ նրանց դրամական ապահովումը կրճատել են, այդ պատճառով էլ ցայտնոտի մեջ են։ Հիմնական թիրախը պետք է երիտասարդությունը լինի։ Նրանք երիտասարդությանն են ընտրել որպես հիմնական թիրախ, ուզում են շփոթեցնել, թունավորել նրանց միտքը, ժողովրդի, հայրենիքի, ավանդական արժեքների դեմ հանել։ Չի ստացվում և չի ստացվելու։ Որովհետև ադրբեջանական երիտասարդությունը հայրենասեր է, այն սիրում է հայրենիքը, կապված է նրա հետ»։

Եվրաինտեգրման մասին

Եվրաինտեգրման մասին հարցին Իլհամ Ալիևն անդրադարձել է կադրային փոփոխությունների թեմայի միջոցով։ Շատ առաջատար պաշտոններ երկրում զբաղեցնում են շատ տարեց անձինք, որոնք տասնամյակներով նստած են իրենց աթոռներին, և ոչ ոք չի շտապում նրանց թոշակի ուղարկել։ Ծայրահեղ դեպքում՝ այլ պաշտոնի են նշանակում։ Դրա համար մամուլն ու հասարակության մի մասը քննադատում է կառավարությանը։ Իսկ նախագահն ամեն ինչ բացատրում է ավանդույթներով։

«Մենք պետություն ենք կառուցում ավանդական արժեքների հիման վրա, որոնցից մեկը մեծերի հանդեպ հարգանքն է։ Մենք պետք է պաշտպանենք սա, և թող երիտասարդությունը լսի ինձ։ Որոշ երկրներ հիմա դրա վրա ուշադրություն չեն դարձնում։ Տարբերություն չեն դնում կնոջ և տղամարդու միջև։ Սակայն մենք ապրում ենք և պետք է ապրենք ավանդական հասարակությունում։ Մենք պետք է հարգենք կանանց, պաշտպանենք և հոգ տանենք նրանց մասին։ Ոչ թե նրանք՝ մեր, այլ մենք՝ նրանց մասին։ Գոյություն ունի գենդերային հավասարություն, մենք դա խոստովանում ենք։ Սակայն մենք չենք կարող ապրել ավանդական մտածողությունից դուրս, և թող երիտասարդ սերունդը նույնպես սա իմանա։ Եվ մեծերին պետք է հարգել նրանց տարիքի համար․․․

… Իսկ հետո մեզ խորհուրդ են տալիս ինտեգրվել։ Մի անգամ ես հարցրի, երբ Եվրոպան դեռ համակված էր տնտեսական ճգնաժամով․ ո՞ւր պետք է մենք ինտեգրվենք, ճգնաժամի մե՞ջ։ Ո՞ւր ինտեգրվենք, նրանց հասարակություն, որը տղամարդու և կնոջ միջև տարբերություն չի՞ տեսնում։ Չեմ ուզում խորանալ։ Մենք ոչ մի դեպքում այնտեղ չենք ինտեգրվելու»։

Հեղափոխությունների մասին

«Հիշենք 2003 թվականը։ Հեղաշրջման փորձ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես մաքուր հաղթանակ եմ տարել նախագահական ընտրություններում, որովհետև մարդիկ քվեարկել են Հեյդար Ալիևի քաղաքականության համար։ Անկարգություններ հրահրվեցին։ 2005 թվական։ Ադրբեջանը մատնանշում էին որպես հերթական երկիր այդ հեղափոխությունների շարքում։ Շապիկներ թողարկվեցին «Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան, Ադրբեջան» գրառմամբ։ Այսինքն՝ չորրորդը մենք պետք է լինեինք, իսկ մեզնից հետո՝ ուրիշները։ Մենք կասեցրինք այդ ժանտախտը, այդ հիվանդությունը, այդ չարիքը։ Այժմ ողջ աշխարհն է տեսնում, թե ինչ են այդ հեղափոխությունները բերել այդ երկրներին, միայն դժբախտություն, այսօր նրանք առերեսվել են իրենց խնդիրներին, այնտեղ չեն հանդարտվում անկարգությունները։ Որովհետև այնտեղ ցանվել են հեղափոխության այդ թունավոր սերմերը»։

Լուսանկարը՝ president.az

Հասարակության արձագանքը

Ադրբեջանում շատերի մոտ է շոկ առաջացրել ոչ թե հենց նախագահի դիրքորոշումն, այլ այն անկեղծությունը, որով նա այդ դիրքորոշումն արտահայտել է․

«Սա ամենաաբսուրդային և քաոտիկ ելույթն էր, որը նա ունեցել էր մինչև հիմա։ Դրանում ակնհայտ յուրօրինակ անօգնականություն էր զգացվում»։

«Մի երկրի նախագահի, որտեղ խղճի բազմաթիվ գերիներ կան, որոնք բանտում են հայտնվել իրենց կրոնական համոզմունքների համար, այդ թվում՝ «նամազի գերիները», դուր չի գալիս, որ Եվրոպան ասում է «Ստոպ, իսլամ»։ Ի դեպ, Եվրոպայում կարելի է անձնագրի համար լուսանկարվել հիջաբով, իսկ Ադրբեջանում չի կարելի»։

«Սարսափելի է։ Նա մեզ հարյուր տարի հետ է քարշ տալիս»։

«Դե լավ․․․ Մեր նախագահին չգիտե՞ք, ինչ է։ Ուշադրություն մի՛ դարձրեք»։

Սակայն նախագահի արտահայտած դիրքորոշումը կողմնակիցներ էլ ունի։ Նրանց մեկնաբանություններն այսպես են հնչում․

«Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է գնահատի ներկայիս իշխանությունը։ Քանի որ մեր երկրում կայունություն է տիրում, ահաբեկչություն չկա, մարդիկ հանգիստ իրենց գործերով են զբաղվում։ Իսկ արմատական անձինք իրենց անճշմարիտ, կանխակալ, զրպարտող մտքերով և արտահայտություններով սատարում են հակաադրբեջանական ուժերին, որոնց թվում հատուկ տեղ է զբաղեցնում հայկական լոբբին։ Սակայն այդ ուժերի տարածած ապատեղեկատվությունը չի կարող ազդել ժողովրդի վրա, որովհետև ժողովուրդն ընտրել է իր առաջնորդին»։

Իսկ որոշներն Արևմուտքին ուղղված այս խոսքերի ֆոնին հիշել են այն խոսքերը, որոնք նույն օրը՝ նոյեմբերի 26-ին, Իլհամ Ալիևն ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։

Ընդունելով ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի գլխավորած պատվիրակությունն, Ալիևը Պուտինին անվանել է «աշխարհի առաջատար երկրի նախագահ» և «նախագահ, որը համար մեկն է աշխարհի քաղաքական գործիչների շրջանում»։


Կարդալ ավելին JAMnews-ում