Քննարկումը շարունակվում է։ Մանրամասն ներկայացնում ենք կողմերի դիրքորոշումը" />

Ադրբեջանն առաջարկում է գերիներով փոխանակվել, հայկական կողմը դեռ մտածում է

Քննարկումը շարունակվում է։ Մանրամասն ներկայացնում ենք կողմերի դիրքորոշումը

Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է չորս գերի փոխանակել՝ երկու գերի յուրաքանչյուր կողմից։ Պատասխան դեռ չկա, սակայն, ըստ ամենայնի, հայկական կողմը կհրաժարվի։ Հիմնական պատճառը․ պաշտոնական Բաքուն և Երևանը հակառակ վարկածներ ունեն այն մասին, թե ինչպես են այդ մարդիկ գերի ընկել։

• Հայաստանում նոր իշխանություն է․ արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարներ կան

Այսպես, ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը Ղարաբաղում դատապարտվել են ցմահ և 22  տարվա ազատազրկման սպանությունների, լրտեսության և առևանգումերի մեղադրանքով, իսկ Ադրբեջանում կարծում են, որ նրանք մեկնել են Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք՝ այցելելու իրենց նախնիների շիրիմները։

Եվ ընդհակառակը, Կարեն Ղազարյանին (Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման) Ադրբեջանում դիվերսանտ են համարում, իսկ Հայաստանում հոգեպես անառողջ են անվանում։ Ինչ վերաբերում է երիտասարդ զինծառայող Արայիկ Ղազարյանին, ապա ադրբեջանական կողմն ասում է, որ նա ինքն է փախչել զորամասից անմարդկային վերաբերմունքի պատճառով, իսկ Հայաստանը կարծում է, որ նա մոլորվել է։

• Ի՞նչ են արել Հայաստանն, Ադրբեջանն ու Վրաստանը, երբ 100 տարի առաջ անկախ հանրապետություններ են դարձել

Տեղեկություններ Երևանից

Հայկական կողմն ավելի վաղ արդեն մերժել էր Բաքվի առաջարկը՝ փոխանակվել գերիներով և ձերբակալվածներով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս առաջ հայտարարել էր, որ «փոխանակում չի կարող լինել, եթե ադրբեջանական կողմից ներխուժած անձինք սպանություններ են կատարել»։

Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարը չի բացառում փոխանակման հնարավորությունը։ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 20-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների փոխանակման հարցը․

«Ես հանդիպում եմ ունեցել երեկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, ինձ փոխանցվել է պաշտոնապես առաջարկությունը Ադրբեջանի: Կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող: Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման [համար]: Երբ որ ստանանք այդ ճշգրտված տեղեկությունն ադրբեջանական կողմից, կարձագանքենք։

Սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները, և աջակցելու ենք այդ գործընթացին: Սա մաքուր հումանիտար գործողություն է»:

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է․

«Հաշվի առնելով հարցի նրբությունը՝ դրա մասին հրապարակային կհայտնենք, երբ ինչ-որ որոշումներին մոտ լինենք»։

Տեղեկություններ Բաքվից

Ադրբեջանի՝ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների գործերով պետական հանձնաժողովը հերթական անգամ հիշեցնում է, որ Ադրբեջանը պնդում է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով կատարել փոխանակումը։ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի հետ փոխանակելու պատրաստակամության մասին Ադրբեջանը հայտարարել է սեպտեմբերի 11-ին։ Մեկնաբանելով փոխանակման անհնարինության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Պատանդների և ռազմագերիների փոխանակման ադրբեջանական տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովն ասել է․

«Երկրում ներկայիս լարված իրավիճակի ֆոնին Փաշինյանը չի կարող վերջնական որոշում կայացնել գերիների և պատանդների վերաբերյալ։ Սակայն, չնայած դրան, ադրբեջանական կողմն իր որոշման մեջ կատեգորիկ է և մտադիր չէ զիջել»։

Այդ ընթացքում, մեկ տարվա մեջ Եվրոպական դատարանը պետք է որոշում կայացնի Գուլիևի և Ասկերովի գործով։ Հայցվորները գերիների ազգականներն են, և նրանք բողոքում են նամակագրության անհնարինությունից և նրանից, որ Գուլիևին և Ասկերովին ապօրինի են դատել, քանի որ, եթե միջազգային իրավունքը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, ապա Խանքենդիի (Ստեփանակերտի) դատարանի վճիռները ոչ մի օրինական ուժ չունեն։

Տեղեկություններ Ստեփանակերտից

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ադրբեջնական կողմի առաջարկն աբսուրդ է անվանել՝ պնդելով, որ հայ գերիները ոչ մի վատ բան չեն արել, իսկ ադրբեջանցի գերիները հանցագործներ են։

Ադրբեջանական կողմի առաջարկի պատասխանի զգուշավորությունը Ստեփանակերտում բացատրում են նրանով, որ փոխանակման ենթակա քաղաքացիների կարգավիճակների «անհամապատասխանությունը» կարող է անցանկալի հետևանքների բերել։

«Չի բացառվում, որ ահաբեկիչներին վերադարձնելու համար [ադրբեջանցիները] կարող են պատանդներ վերցնել հայերին, այդ թվում՝ արտասահմանում։ Նման միտումներին հակազդումը պահանջում է պետական կառույցների, կազմակերպությունների և գործընկեր երկրների էլ ավելի մեծ համակարգվածություն», – հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը։

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն:

Կարդալ ավելին JAMnews-ում