Նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն այդ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 20 տարի" />

Ադրբեջանի նոր վարչապետ է նշանակվել Նովրուզ Մամեդովը

Նախկին վարչապետ Արթուր Ռասիզադեն այդ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 20 տարի

Ապրիլի 21-ին Ադրբեջանի խորհրդարանը վարչապետի պաշտոնում միաձայն հաստատել է Նովրուզ Մամեդովի թեկնածությունը: 1996թ-ից այդ պաշտոնը զբաղեցնող 83-ամյա Արթուր Ռասիզադեն մեծարանքով հանգստի է ուղարկվել:

«Մինչև այս օրը ես ավելի շատ սիրում էի խոսել: Հավանաբար, այսուհետ պետք է աշխատանքով զբաղվել», – ասել է Մամեդովը իր նշանակումից անմիջապես հետո ունեցած ելույթում:

Նովրուզ Մամեդովը 12 տարով ավելի երիտասարդ է իր նախորդից: Այս նշանակումից առաջ նա գլխավորում էր նախագահի աշխատակազմի միջազգային քաղաքականության բաժինը: Մամեդովը փիլիսոփայության պրոֆեսոր է, ֆրանսերեն լեզվի մասնագետ: Դիվանագիտական առաքելությունների կազմում աշխատել է Ալժիրում և Գվինեայում: Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անձնական թարգմանիչն է եղել: Մամեդովը նաև Թվիթերի ամենաակտիվ օգտատերերից մեկն է ադրբեջանցի պաշտոնյաների շրջանում:

Մամեդովի նշանակումն ընդհանուր առմամբ դրական արձագանք է ունեցել Ադրբեջանի սոցցանցերում: Նրան «անվնաս», «կարգին», «բարյացակամ» են անվանում:

«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարլին Նովրուզ Մամեդովին «այլընտրանքային թեկնածու» է անվանել:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ իշխող էլիտայի ներսում կոշտ մրցակցություն է գնում: Եթե ընդունենք իշխանության ներսում երկու հիմնական խմբերի առկայությունն, ապա Նովրուզ Մամեդովի նշանակումը կարելի է այլընտրանքային որոշում անվանել, որը բավարարում է բոլոր կողմերին»:

Ջաֆարլին հավելել է, որ նախարարների կաբինետն առանց այդ էլ քիչ լիազորություններ ունի, իսկ փոխնախագահի պաշտոնի հաստատումն էլ ավելի է կրճատել դրանք: Այդ պատճառով «չի բացառվում, որ հետագայում այդ ինստիտուտն ընդհանրապես լիկվիդացվի»:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել են ապրիլի 11-ին: Ըստ պաշտոնական տվյալների՝ դրանցում հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիևը, որը հավաքել է ավելի քան 86% ձայն: Այսպիսով, Ալիև-կրտսերը չորրորդ անգամ դարձավ Ադրբեջանի նախագահ:

Ընդդիմությունը բոյկոտել էր ընտրությունները: ԵԱՀԿ միջազգային դիտորդները քննադատել են ընտրությունների ընթացքը՝ հայտարարելով, որ «Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրույթուններն անցկացվել են հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում, որոնք անհրաժեշտ են իրապես ժողովրդավարական ընտրարշավի համար»:


Կարդալ ավելին JAMnews-ում