Խոսել են տեխնոլոգիական նորարարությունների և Բաքվի գեղատեսիլ վայրերի մասին " />

Ադրբեջանի նախագահը զրուցել է Սոֆյա ռոբոտի հետ

Խոսել են տեխնոլոգիական նորարարությունների և Բաքվի գեղատեսիլ վայրերի մասին

Վերջին ժամանակների գլխավոր համաշխարհային նորարարություններից մեկը՝ ռոբոտ Սոֆյան Ադրբեջան է ժամանել, որտեղ հանդիպել է նախագահ Իլհամ Ալիևին։ Իմիշլի քաղաքում (Ադրբեջանի հարավ) ռոբոտն ու նախագահը սիրալիր արտահայտություններով են փոխանակվել։

Սոֆյան մարդանման ռոբոտ է, որը մշակվել է Hanson Robotics հոնկոնգյան ընկերության կողմից։ Այն հարմարվում է մարդու վարքին և կարող է նրա հետ զրույց վարել։ Սոֆյան «ծնվել է» 2015թ-ին և այժմ աշխարհով մեկ ճամփորդում է և տարբեր մարդկանց հանդիպում։ Ճիշտ է, նախագահներ նրա հետ դեռ չէին հանդիպել՝ բացառությամբ Վլադիմիր Պուտինի։

Սոֆյան գովաբանում էր Բաքվի գեղատեսիլ վայրերն ու «Asan» ծառայությունը՝ ադրբեջանական պետական գործակալությունը, որը քաղաքացիներին ծառայություններ և սոցիալական նորարարություններ է առաջարկում։ Այդ գործակալության մասնաճյուղերից մեկի բացմանն էլ հենց տեղի է ունեցել հայտնի ռոբոտի հետ Ալիևի հանդիպումը։

Ռոբոտի հետ պետության ղեկավարի հանդիպման փաստը և նրանց մտերմիկ զրույցը զվարճացրել է սոցցանցերի օգտատերերից ոմանց, իսկ ոմանց վրա բացասական ազդեցություն է թողել․

«Դե, ինչ ասեմ, ամոթ և խայտառակություն»։

«Նախագահը ոչ թե ռոբոտների հետ պետք է զրուցի, այլ հասարակ քաղաքացիների»։

«Հենց Սոֆյան ոտքը դրեց ադրբեջանական հողի վրա միանգամից քծնող դարձավ»։

Իսկ «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության կառավարման անդամ, տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին այսպես է բացատրել Սոֆյայի ժամանման հանդեպ իր թերահավատ վերաբերմունքը․

«Եթե Սոֆյայի այցն Ադրբեջան ցուցադրեին, օրինակ, CNN-ով, BBC-ով կամ Euronews-ով, ես հոտնկայս կծափահարեի նրանց, ում պատկանում էր այդ ռոբոտին մեզ մոտ բերելու գաղափարը և դրա համար ծախսված գումարներն արդարացված կլինեին։ Սակայն խոշոր ալիքներից ոչ ոք այդ մասին նորությունը եթեր չտվեց։ Իսկ Սոֆյային միայն տեղական AzTv-ով ցուցադրելն ու պատմելը, թե ինչպես է զարգանում երկիրը, մեղմ ասած, աբսուրդային է։ Ստացվում է, որ ռոբոտը բերվել է ներքին լսարանի համար, սակայն խնդիրն այն է, որ ներքին լսարանի մեծ մասը չի դիտում AzTv»։

Հոկտեմբերի 27-ին Սոֆյան Բաքվում 20-րոպեանոց ելույթ կունենա Հեյդար Ալիևի կենտրոնում։ Նրա հագն ադրբեջանական ազգային տարազ է լինելու։ Ընդհանուր առմամբ, Սոֆյան կմասնակցի չորս միջոցառումի։ Տոմսերը 68-2040 մանաթ արժեն (մոտ 40-1200 դոլար)։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում