Այժմ ամաչկոտ կանայք ևս կարող են լողալ" />

Ադրբեջանի հարավում լողափերը բաժանել են ըստ սեռերի

Այժմ ամաչկոտ կանայք ևս կարող են լողալ

65-ամյա Մահլուգան արևի այրող ճառագայթների ներքո լոլիկ է հավաքում իր հողամասում: Սրբելով ճակատի քրտինքը՝ նա ասում է. «Լավ է՝ շուտով ծով կգնանք աղջկաս և հարսիս հետ»: Նա 3-4 ժամ կանցկացնի ծովում, կլողա, կթարմանա, մեջքի ցավերը կանցնեն, բացի այդ աղջիկն ու հարսը ևս շնորհակալ կլինեն իրենից:Միանգամից հավելում է. «Մենք կգնանք լողալու այնտեղ՝ կանանց լողափ»:

Մի քանի տարի առաջ Լենքորանում լողափ են բացել միայն կանանց համար: «Բացել» ասելով պետք է հասկանալ այն, որ լողափի մի քանի վայրերում եղեգից կամ սև պոլիէթիլենային տոպրակից 2 մետր բարձրությամբ պատնեշներ են կառուցել: Պատնեշի մի կողմում լողում են տղամարդիկ, մյուսում՝ կանայք: Պատնեշները ծովին չեն հասնում, տեղադրված են միայն ափերին:

Ադրբեջանում այսպես կոչված «կանանց լողափեր» գոյություն ունեն միայն Լենքորանում: Տեղացիներն ասում են, որ ամեն ամառ այստեղ հարյուրավոր կանայք են գալիս հարևան Աստարա, Մասալա, Լերիկ, Յարդըմլի շրջաններից:

Հարցի պատմությունը

Որոշ օտարերկրացիների կարող է այս ամենը տարօրինակ թվալ, այնուամենայնիվ, Ադրբեջանում հայրիշխանական մեծամասնության համար լողափը զվարճանք է՝ բացառապես տղամարդկանց համար: Կանայք շատ ամաչկոտ են, որպեսզի լողազգեստ հագնեն և նման «ամոթալի տեսքով» հայտնվեն հասարակական վայրում: Եվ եթե բազմազգ և «առաջադեմ» Բաքվում լողազգեստով աղջիկը սովորական տեսարան է, ապա շրջաններում նման բան ուղղակի գոյություն չունի:

«Կինը նույնպես մարդ է, նրան էլ է պետք թարմանալ»

Լենքորանում կանանց համար նախատեսված մի քանի լողափ կա, այդ թվում՝ Աշաղը Նյուվեդի գյուղում: Հին «06»-ի վարորդը իմանալով, որ ցանկանում ենք «կանանց լողափ» գնալ, ասում է. «Կինը ևս մարդ է, նրան էլ է պետք թարմանալ», ու սկսում է օրհնել, նրանց, ովքեր բացել են լողափերը: Նա նաև պատմում է, որ շաբաթական մի անգամ կնոջը լողափ է տանում, իսկ ինքը լողում է պատնեշի մյուս կողմում:

Տաքսին կանգնում է երկաթուղու մոտ: Երկաթգծի մի կողմում 2-3 հարկանի առանձնատներ են, մյուս կողմում՝ ծովը: Կանայք, տղամարդիկ, երեխաներ դուրս են գալիս թանկարժեք ավտոմեքենաներից, հին «06»-երից, ավտոբուսներից և ուրախ-ուրախ գնում են դեպի ծովը՝ անցնելով երկաթգծի վրայով:

Տղամարդիկ՝ ձախ, կանայք՝ աջ

Լողափ մուտք գործելուց հետո տղամարդիկ շարժվում են աջ, կանայք՝ ձախ: Կանայք իրենց հատկացված մասում բավականին ազատ են զգում: Ոմանք ծածկոցներ, գորգեր են փռում ավազին, ոմանք էլ հագուստով սուզվոմ են ջրի մեջ:

Կանանց լողափում հագուստով լողացող կանայք ավելի շատ են, քան լողազգեստով: Պատճառը մեկնաբանում է 70-ամյա Նազլը տատիկը. «Հետո ինչ, որ այստեղ բոլորը կանայք են: Կանանց հարիր չէ ցուցադրել իրենց մարմինները»:

Լատիֆա Բաբաևան լողափ է եկել ամուսնացած երեք դուստրերի հետ: Մինչ մենք խոսում էինք, զանգում է ավագ դստեր բջջային հեռախոսը. նրա ամուսինն է, որը գտնվում է հարևան լողափում, նա հետաքրքրվում է՝ ինչպես են գործերը: «Այստեղ էլ հանգիստ չկա»,-ասում է կինը դժգոհ տոնայնությամբ:

Լատիֆան ասում է, որ Լենքորանում նախկինում նման բան չի եղել: Մեկ ընդհանուր լողափ է եղել կանանց և տղամարդկանց համար: «Ճիշտ է, այդ ժամանակ տեղի կանանցից շատ քչերն էին գալիս ծով լողալու՝ այն էլ հագուստով: Հիմնականում լողում էին եկվորները, նաև տեղի ռուսները: Այն բանից հետո, երբ բացվեց Իրանի հետ սահմանը, մերոնք նման լողափեր տեսան այնտեղ և որոշեցին այստեղ էլ բացել»:

«Ինչո՞ւ օտար տեղամարդը պետք է նայի իմ մարմնին»

Հագուստով արևայրուք ընդունող Մանսուրա Մամեդովան ասում է, որ կանանց համար նախատեսված լողափն իր սրտով է. «Ի՞նչ վատ բան կա դրանում: Քեզ համար հանգստանում ես: Ինչո՞ւ օտար տեղամարդը պետք է նայի իմ մարմնին: Եվ ինչո՞ւ ես պետք է տեսնեմ օտար տղամարդու մերկ մարմինը: Այդ պատճառով այստեղ լողալը շատ հարմար է»:

Լողափին կարելի է տեսնել ցուցանակներ, որոնք ուղղված են բացառապես կանանց: Կարելի է տեսնել «Կանա՛յք, աղբ չթափե՛ք» գրությամբ մի քանի ցուցանակներ:

Երբեմն ծովում երևում են տղամարդկ: Նման դեպքերում ափին նստած կանայք՝ ոտքերը թաղած ավազի մեջ, բարձրաձայն ամոթանք են տալիս:

Արիֆա Մամեդովան ասում է, որ այստեղ գյուղից է եկել: «Ինչ օգուտ, որ Լենքորանում ծով կա: Այնքան կին կա մեզ մոտ, որ կյանքի մեջ գեթ մի անգամ ջուրը չի մտել: Միգուցե նրանք ցանկանում են լողալ, բայց ամուսինները թույլ չեն տալիս»: Արիֆան դատապարտում է այն կանանց, որոնք ծովում տղամարդկանց հետ են լողում՝ լինի դա Բաքվում, թե Լենքորանում: «Բաքվում ամեն ինչ վաղուց փչացել է, լավ իսկ մեր կանա՞յք: Իմ կարծիքով բոլոր կանայք էլ պետք է նման լողափերում լողան»:

«Տղամարդկանց կամքով լիներ՝ նրանք պատնեշներ կկառուցեին ամբողջ ծովով մեկ»

Միջին տարիքի, գլխարկով կինը համաձայն չէ նրա հետ. «Եվ ինչ, որ ես ինքս էլ լողում եմ կանանց համար նախատեսված լողափում: Նորմալ եմ վերաբերվում այն կանանց, որոնք լողում են տղամարդկանց հետ: Իրականում խտրականություն է: Բաժանել են ափը, իսկ եթե տղամարդկանց կամքով լիներ, նրանք պատնեշներ կկառուցեին ամբողջ ծովով մեկ: Այստեղ կրոնավոր մարդիկ են, այդ պատճառով շատ կանայք ենթարկվում են իրենց ամուսիններին: Տղամարդիկ հաճախ օգտվում են դրանից և հասնում նման լողափերի բացմանը»:

Կանանցից մուտքի համար 1 մանաթ հավաքող երիտասարդը, որը չցանակցավ հայտնել իր անունը, դժկամությամբ պատմում է լողափի պատմությունը. «Լենքորանում արդեն հինգ տարի է, ինչ գոյություն ունեն նման լողափեր: Դրանք տղամարդիկ են բացել, որոնք շատ են սիրում իրենց կանանց, բայց չեն ցանկանում, որ նրանք ընդհանուր լողափեր գնան»:

Ինչ էլ որ լինի, այդ մի քանի ժամը կանայք զրուցում են միմյանց հետ լողափին, ուրախանում, ոտքերը թաղում ավազի մեջ, նրանց ծիծաղը լսվում է ամենուր՝ միաձուլվելով ալիքների ձայնին:


Կարդալ ավելին JAMnews-ում