Ընդդիմությունն ընտրություններին է պատրաստվում " />

Կցրեն Ադրբեջանի խորհրդարանը, թե ոչ, պարզ կլինի դեկտեմբերի 2-ին

Ընդդիմությունն ընտրություններին է պատրաստվում

Baku_seaside

Նոյեմբերի 29 

Ադրբեջանի խորհրդարանը ցրելու հարցը պատգամավորները կքննարկեն դեկտեմբերի 2-ին։

Նախագահին խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու խնդրանքով նոյեմբերի 28-ին հանդես է եկել «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունը։

Անգամ ցրելու դեպքում խորհրդարանը կշարունակի աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ հայտնի չեն արտահերթ ընտրությունների արդյունքներն ու նոր պատգամավորների անունները, հաղորդում է Turan-ը։ 

Ադրբեջանում ոչ ոք չի հասկանում, թե ինչպես խորհրդարանը կարող է քննարկել ինքն իրեն ցրելու հարցը։ Առավելևս, որ դրա կեսից ավելին կազմված է «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամներից, որն էլ դա հորինել է։ 

Քաղաքական գործիչների և փորձագետների մեկնաբանությունները

Խորհրդարանի հնարավոր ցրման մասին նորությունը, այն էլ այդպիսի տարօրինակ ձևով, ցնցել է բոլորին՝ ընդիմադիրներից մինչև շարքային քաղաքացիներ։ 

Ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը «մարտի» է պատրաստվում․ 

«Չգիտեմ, թե ինչու է խորհրդարանը ցրելու հարցը հենց հիմա բարձրացվել։ Սակայն, այսպես թե այնպես, մեր կուսակցությունը պարտադիր մասնակցելու է ընտրություններին»։ 

Ճիշտ է, Իլգար Մամեդովը պատգամավորի թեկնածություն առաջադրելու իրավունք չունի, քանի որ նա մի քանի տարվա ազատազրկման է դատապարտվել զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այդ վճիռն անարդար է համարել և Ադրբեջանի կառավարությունից պահանջել ամբողջությամբ վերականգնել Մամեդովի իրավաբանական կարգավիճակը։ Այդ ժաանակ նա կարող է խորհրդարանական կամ նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրել։ Սակայն իշխանություններն այդ պահանջը դեռ չեն կատարել։ 

JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաև․

«Սա իշխանությունը նախագահից առաջին փոխնախագահին սահուն փոխանցելու հերթական փուլն է»։ 

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան նախագահի կինն է։ 

«Ենի Ազերբայջանի» փոխվարչապետ Ալի Ահմեդով․

«Խորհրդարանական ընտրություններին մենք երիտասարդների ենք առաջադրելու, որոնք արժանի են ժողովրդին ներկայացնել»։ 

Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլու․ 

«Սկզբից նրանք ասում էին, որ բարեփոխումներին և սրընթաց զարգացմանն ընդդիմությունն է խանգարում։ Այժմ ասում են, որ այդ ամենին խանգարում է խորհրդարանը»։ 

Սոցցանցերի արձագանքը

Սոցիալական ցանցերում բոլորը հեգնում են, զարմանում և վարկածներ առաջ քաշում, թե ինչ է այդ ամենը նշանակում։ 

Որոշ մեկնաբանություններ․ 

«Այ քեզ շրջադարձ։ Կարծես, խորհրդարանը ցրել պահանջում են վրացիները, բայց այն ցրում են մեզ մոտ»։ 

«Ինչպե՞ս ենք ապրելու առանց այսքան խելացի և ակտիվ պատգամավորների։ Իսկ եթե լուրջ, ապա նոր կազմը նույնպիսին է լինելու, եթե մենք չմիջամտենք։ Քվեարկեք ցանկացածի օգտին, բայց ոչ «Ենի Ազերբայջանի»։ Այդ կուսակցությունը վտանգավոր է երկրի ապագայի համար»։։ 

«Եթե նոր խորհրդարան չհավաքենք, այլ ընդհանրապես առանց դրա ապրենք, ավելի լավ կլինի։ Իսկ պատգամավորների աշխատավարձերը կարելի է թոշակառուներին բաժանել»։

Նոյեմբերի 28 

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը որոշել է ցրել խորհրդարանն ու պատրաստվում է նախագահին խնդրել արտահերթ ընտրություններ անցկացնել։

Կուսակցությունը դա բացատրում է նրանով, որ խորհրդարանի ներկայիս կազմը չի համապատասխանում պետության ղեկավարի քաղաքականությանն ու նրա անցկացրած բարեփոխումներին։

Առաջարկը հնչել է այսօր «Ենի Ազերբայջանի» քաղաքական խորհրդի արտահերթ նիստին։ Իսկ վաղը հարցը քննարկվելու է արդեն խորհրդարանում, որը գրեթե ամբողջությամբ կազմված է այդ նույն կուսակցության անդամներից։ Այսինքն՝ խորհրդարանը փաստացի ուզում է ցրել ինքն իրեն։

Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային մեկ տարի անց՝ 2020թ-ի նոյեմբերին։

Որքանո՞վ է դա օրինական

Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ նախագահը կարող է ցրել խորհրդարանը, եթե այն «մեկ տարվա մեջ երկու անգամ անվստահություն հայտնի նախարարների կաբինետին կամ օրենքով սահմանված ժամկետներում նախագահի կողմից երկու անգամ ներկայացնելուց հետո չնշանակի Սահմանադրական դատարանի, Գերագույն դատարանի կոլեգիալ գործունեության և Կենտրոնական բանկի կառավարման համար անհրաժեշտ թվով թեկնածուների, ինչպես նաև եթե անհաղթահարելի պատճառներով չի կատարում իր պարտավորությունները»։

Սա նշանակում է, որ խորհրդարանը կարող է ցրել միայն նախագահը և միայն նշված դեպքերում։ «Պետության ղեկավարի ընթացիկ քաղաքականությանը չհամապատասխանելու» մասին սահմանադրությունում ոչինչ նշված չէ։ Այդ պատճառով էլ շատ իրավաբաններ և փորձագետներ այս նախաձեռնությունը հակաօրինական են համարում։ 


Կարդալ ավելին JAMnews-ում