Պետական սահմանային ծառայությունն ու գլխավոր դատախազությունը պնդում են, որ լրագրողը ոչ թե առևանգվել է, այլ ապօրինի հատել սահմանը " />

Ադրբեջանի իշխանությունները պաշտոնական հայտարարություն են տարածել Աֆղան Մուխտարլիի կալանքի հետ կապված

Պետական սահմանային ծառայությունն ու գլխավոր դատախազությունը պնդում են, որ լրագրողը ոչ թե առևանգվել է, այլ ապօրինի հատել սահմանը

Պետական սահմանային ծառայությունն ու Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հունիսի 1-ին՝ Վրաստանի ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի ենթադրյալ առևանգումից 3 օր անց, համատեղ հայտարարություն են արել այդ գործով:

Դրանում ասված է, որ Մուխտարլին ձերբակալվել է Պետական սահմանային ծառայության կողմից մայիսի 29-ին ժամը 22:40-ին Ադրբեջանի Բալաքենի շրջանում այն բանից հետո, երբ «ապօրինի առանց անձը հաստատող փաստաթղթի Վրաստանի կողմից հատել է ադրբեջանական սահմանը: Չենթարկվելով պետական սահմանային ծառայության օրինական պահանջներին՝ ձերբակալության ընթացքում Մուխտարլին փորձել է փախչել»:

«Խուզարկության ժամանակ Ա. Մուխտարլիի մոտ 10 հազար եվրո կանխիկ դրամ և «Bank of Georgia ekspress» բանկային քարտ է հայտնաբերվել:

Մայիսի 30-ին Ա. Մուխտարլիին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով (սահմանի ապօրինի հատում և մաքսանենգություն): Մեկ օր անց այդ հոդվածներին գումարվել է նաև երրորդը՝ դիմադրություն ցուցաբերելը կամ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն կիրառելը: Այդ նույն օրը դատարանը որոշում է կայացրել նրան քննության ընթացքում 3 ամսով նախնական կալանքի տակ պահելու մասին: Իսկ ընդհանուր առմամբ, այդ հոդվածների խախտման համար Մուխտարլիին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում:

«Մենք միջնորդել ենք փորձագետ հրավիրել և զննել Աֆղանին հենց դահլիճում Վրաստանից Ադրբեջան ճանապարհին նրա ստացած մարմնական վնասվածքների հետ կապված: Դատարանը մերժել է միջնորդությունը՝ չհիմնավորելով իր որոշումը», – Թուրան գործակալությանն ասել է լրագրողի փաստաբան Էլչին Սադիգովը:

«Մուխտարլիի խոսքով՝ մայիսի 29-ին նրան Թբիլիսիում բռնել են անձինք, որոնք եղել են Վրաստանի քրեական ոստիկանության համազգեստի նման հագուստով: Նրանք չեն ներկայացել և բռնի ուժով լրագրողին մեքենա են նստեցրել: Թբիլիսիից դուրս գալուց հետո նրան մի քանի անգամ տեղափոխել են այլ մեքենաներ», – փաստաբանի խոսքն է մեջբերում «Կավկազսկի ուզելը»:

 

Լրագրող Աֆղան Մուխտարլին Ադրբեջանից մեկնել է 2014թ-ին և կեցության իրավունք ստացել Վրաստանում: Մուխտարլին բազմիցս ճնշման է ենթարկվել Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նրա մի քանի հայց գտնվում է Մարդու իրավուքնների եվրոպական դատարանի կապի գործընթացում: Վերջին ժամանակներս նա համագործակցում էր IWPR և Meydan.tv միջազգային մեդիակազմակերպությունների հետ:


Կարդալ ավելին JAMnews-ում