Եվգենի Պրիմակովի անունն ասոցացվում է 1990թ-ի հունվարի 20-ին Բաքվի հարյուրից ավելի խաղաղ բնակիչների մահվան հետ " />

Ադրբեջանի բնակիչները վրդովված են խորհրդային կուսակցական առաջնորդներից մեկին նվիրված ցուցահանդեսով

Եվգենի Պրիմակովի անունն ասոցացվում է 1990թ-ի հունվարի 20-ին Բաքվի հարյուրից ավելի խաղաղ բնակիչների մահվան հետ

Բաքվում ցուցահանդես է բացվել, որը նվիրված է խորհրդային և ռուս քաղաքական գործիչ Եվգենի Պրիմակովի 90-ամյակին։ Ադրբեջանում դա շատերին է զայրացրել, քանի որ Պրիմակովին մասնակից են համարում 1990թ-ի հունվարի 20-ին տեղի ունեցած ողբերգության հետ։ Այդ գիշեր ԽՍՀՄ ղեկավարության հրահանգով Բաքու է մտել բանակային կորպուսն՝ անկախության համար շարժումը ճնշելու համար։ Ավելի քան հարյուր խաղաղ բնակիչ է զոհվել։ Ադրբեջանում հունվարի 20-ն ազգային սգո օր է։

• Աբխազական հակամարտության միջանցքներում։ Թբիլիսիում բացվել է «հավաքական հիշողության արխիվի» ցուցահանդես

• Ռուս-ադրբեջանական հարաբերությունների մեղրամիսը

• 13 միլիոն․ նախկին Խորհրդային Միությունը հիշում է ստալինյան քաղաքական բռնաճնշումների զոհերին

ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Եվգենի Պրիմակովը գլխավորում էր միության Հետախուզության կենտրոնական ծառայությունը։ Նա էր պաշտոնավարում, երբ տեղի ունեցավ հունվարի 20-ի ողբերությունը։ Ադրբեջանում կարծում են, որ նա է եղել այն դեպքերի կազմակերպիչներից մեկը։

ԽՍՀՄ փլուզումից հետո Պրիմակովը շարունակել է իր քաղաքական գործունեությունը, զբաղեցրել Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնը։ Նա մահացել է 2015թ-ին։

Սկանդալային ցուցահանդես

Եվգենի Պրիմակովի 90-ամյակին նվիրված ցուցահանդեսը կազմակերպել է Բաքվի սլավոնական համալսարանն Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հետ միասին։

Ցուցահանդեսը բացվել է հոկտեմբերի 29-ին Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնում։ Իսկ դրանից առաջ շարադրությունների մրցույթ է անցկացվել, որը նվիրված էր Պրիմակովի գործունեությանն ու նրա դերին XX և XXI դարերի միջազգային հարաբերություններում։ Այդ մրցույթին մասնակցել են նաև Սլավոնական համալսարանի ուսանողները։

Ադրբեջանում շատերին այս ամենը բնավ դուր չի եկել։ Ցուցահանդեսին դեմ են արտահայտվել նաև հասարակական միավորումները, փորձագետները, սոցցանցերի սովորական օգտատերերը։

Մի քանի հասարակական կազմակերպություններ, ներառյալ «Հունվարի 20»-ն ու Ղարաբաղի վետերանների համայնքը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում ցուցահանդեսն անվանել են «Ադրբեջանի ժողովրդին հասցված վիրավորանք»։ Նրանք պահանջել են փակել ցուցահանդեսն ու աշխատանքից ազատել Բաքվի սլավոնական համալսարանի ղեկավարությանը։

Ադրբեջանի լրագրողների «Ենի Նեսիլ» միավորման ղեկավար Արիֆ Ալիևը Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է համարել ցուցահանդեսն, իսկ մրցույթը՝ սադրանք։

Վեճեր սոցցանցերում

Սոցցանցերում ցուցահանդեսը նույնպես բուռն արձագանք է առաջացրել։

Ընդ որում, ինչպես պարզվել է, ոչ բոլորն են Պրիմակովին այդքան մեղավոր համարում ողբերգության համար։

Ահա մի քանի մեկնաբանություն․

«Ո՞վ է նա ընդհանրապես, որ նրա պատվին ցուցահանդեսներ կազմակերպվեր։ Պարզապես Կրեմլի ստոր մտահղացումների կատարածու։ Սակայն, ինչ վերաբերում է հենց հունվարի 20-ին, ապա պետք չէ գերագնահատել նրա դերն այդ ողբերգությունում»։

«Պրիմակովը լավ դիվանագետ էր»։

«Նման միջոցառումների անցկացումը մեր երկրում սրբապղծություն է»։

«Իսկ վրացիները մի քանի ամիս առաջ թույլ չտվեցին ռուս դիվանագետին զբաղեցնել խորհրդարանի խոսնակի աթոռը և դրանով ցույց տվին, թե ով է երկրի տերը։ Մեզ քծնանքի և ցուցամոլության փոխարեն մի փոքր վրացական հպարտություն է պետք»։

«Եվ ո՞ւր են հիմա ադրբեջանցի ուռա-հայրենասերները, որոնք այդքան սիրում են դատարկ տեղը տանջել հասարակ անպաշտպան մարդկանց։ Ինչո՞ւ այդ հայրենասերները չեն գնացել այդ ցուցահանդեսին և չեն արտահայտել իրենց դիրքորոշումը»։

«Մեղադրյալների» արձագանքը

Ի պատասխան քննադատությանը՝ Սլավոնական համալսարանի աշխատակիցները նշել են, որ ցուցահանդեսը հենց համալսարանում չի անցկացվել։

Ինչ վերաբերում է շարադրությունների մրցույցթին, նրանք հայտարարել են, որ դա Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան նախագիծն է եղել, իսկ դրան մասնակցած ուսանողները Ռուսաստանի քաղաքացիներ են։ Թեև տեղական լրատվամիջոցներն ապացուցում են, որ դրանց թվում եղել են նաև Ադրբեջանի քաղաքացիներ։

Ադրբեջանի իշխանությունն իրավիճակը ոչ մի կերպ չի մեկնաբանել։

Ճիշտ է, մի քանի պատգամավոր է արտահայտվել, որոնք նույնպես կտրուկ քննադատել են ցուցահանդեսն ու մրցույթը։

Այսպես, օրինակ, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն ասել է․

«Այս միջոցառումը հունվարի 20-ի զոհերի հիշատակի և ընդհանրապես ադրբեջանցիների նկատմամբ վիրավորանք է։ Կարծում եմ, որ կազմակերպիչները պետք է ներողություն խնդրեն»։


Կարդալ ավելին JAMnews-ում