Հակամարտող կողմերը Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ թայմաութ են վերցրել " />

Ադրբեջանի արտգործնախարարը Մոսկվայում հայտարարել է. «Հայաստանի հետ բանակցությունները դադարեցված են»

Հակամարտող կողմերը Հայաստանում կայանալիք ընտրություններից առաջ թայմաութ են վերցրել

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստան կատարած իր այցի ընթացքում, ելույթ ունենալով Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում, հայտարարել է, որ «ներկա պահին Հայաստանի հետ բանակցությունները կասեցվել են»:
Նրա խոսքով, հայկական կողմը բանակցությունների չի գնում. «Մենք առաջարկել ենք շարունակել սուբստանտիվ բանակցությունները, սակայն հայկական կողմը չի համաձայնել» – Մամեդյարովի խոսքն է փոխանցում ԱՊԱ տեղեկատվական գործակալությունը:

Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցություններն այդ ամսաթվից հետո:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մարտի 6-7-ը Ռուսաստանում է գտնվում պաշտոնական այցով և հանդիպումներ է անցկացրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, Դաշնության խորհրդի փոխխոսնակ Իլիաս Ումախանովի հետ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցություններից հետո լրագրողներին հաղորդել է, որ կողմերը դեռ հեռու են առանցքային հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց: Սակայն որոշ հարցերի շուրջ, Լավրովի խոսքով, հաջողվել է ընդհանուր ընկալման հասնել: «Դա և անվտանգության հարցերն են, և, առաջին հերթին, հումանիտար հարցերը, և այժմ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը, որոնք Ադրբեջանի կողմից չեն վերահսկվում: Դա նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցն է՝ անկասկած այնտեղ ապրող մարդկանց հաշվի առնելով: Դա միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցումն է նաև», փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նախարարը նշել է, որ այդ հարցերից մեծ մասի շուրջ համաձայնություն կա. «Սակայն երկու-երեք հստակ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար, դեռևս քննարկվում են: Եվ, անկեղծ լինեմ, մենք դեռևս շատ հեռու ենք նրանից, որ տեսնենք մի իրավիճակ, երբ կողմերը միասնական մոտեցում ձևակերպեն այդ հարցերին» – ավելացրել է Լավրովը:
Ռուսաստանն ու Ադրբեջանն այս տարի մի շարք պաշտոնական այցերով կփոխանակվեն, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակում:

«Մենք կարծում ենք, որ կլինի այց կառավարության ղեկավարի մակարդակով (ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Բաքու)», – ասել է Մամեդյարովը երեքշաբթի Դաշնության խորհրդի փոխնախագահ Իլիաս Ումախանովի հետ հանդիպմանը: Հավանաբար սպասվում է մեր նախագահի (Իլհամ Ալիևի) այցը Մոսկվա», — փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում