ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Փաշինյանը խոսել է նաև Թուրքիայի՝ որպես Հայաստանի անվտանգության սպառնալիք և Ռուսաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ մասին " />

«Ադրբեջանը ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորում է ուզում, այլ վրեժխնդրություն»․ Հայաստանի վարչապետ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Փաշինյանը խոսել է նաև Թուրքիայի՝ որպես Հայաստանի անվտանգության սպառնալիք և Ռուսաստանի՝ որպես ռազմավարական գործընկերոջ մասին

Նիկոլ Փաշինյան, ՄԱԿ Գլխավոր ասամբլեա, Նիկոլ Փաինյանի ելույթ

Հայաստանի վարչապետը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին, որն անցկացվել է Նյու Յորքում։ Նիկոլ Փաշինյանի կեսժամյա ելույթում առանցքային տեղ էր զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նրա դիրքորոշումը։ Նա մանրամասն խոսել է նաև Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների և ներքին քաղաքական խնդիրների մասին, որոնք, ըստ նրա, ստեղծում են նախորդ իշխանությունները։ Թուրքիան նա որակել է որպես «սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությանը», իսկ Ռուսաստանը՝ որպես գլխավոր ռազմավարական գործընկեր։

Ելույթի առավել կարևոր թեզերի մանրամասները՝ ստորև։

Ղարաբաղյան հակամարտություն և Ադրբեջանի հետ հարաբերություններ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պայմաններ ստեղծել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթացի համար։

«Ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Մենք պետք է միասին աշխատենք՝ այս բանաձևը իրականություն դարձնելու համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանի իշխանությունները չեն ուզում Ղարաբաղի հարցում փոխզիջման գնալ, կարծում է Հայաստանի վարչապետը։ Իրենց գործողություններով և հայտարարություններով նրանք, ըստ Փաշինյանի, ապացուցում են, որ չեն ցանկանում հակամարտությունը կարգավորել: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է «1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար»:

«Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին․․․ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները մնացին իրենց դիրքորոշմանը՝ ձգտելով ղարաբաղյան հիմնախնդրի այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի միայն Ադրբեջանի ժողովրդի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը:

Նրանք ցանկանում են հետ բերել Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների կարգավիճակը: Բայց դա ապարդյուն ջանք է, քանի որ խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովուրդը հռչակել է իր անկախությունը և ինքնորոշում իրականացրել այնպես, ինչպես դա արեց Ադրբեջանը՝ դուրս գալով Խորհրդային միության կազմից: Ադրբեջանի այս դիրքորոշումը հավասարազոր է Խորհրդային միության վերականգնման գաղափարին»։

Ըստ Փաշինյանի՝ Բաքուն ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնում է որպես տարածքային խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Մենք բնավ համաձայն չենք հակամարտության այդպիսի մեկնաբանության հետ: Այս վեճը տարածքային պահանջների մասին չէ: Խոսքը մարդկանց մասին է, տղամարդկանց, կանանց և իրենց հայրենիքում ապրելու նրանց իրավունքի մասին, այնպես, ինչպես ապրել են իրենց նախնիները դարերի ընթացքում: Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ մարդկանց հետ, քանի որ նրանք ցանկանում են ունենալ տարածքներ, բայց ոչ ժողովուրդ: Ավելի ճիշտ` տարածքներ առանց ժողովրդի»։

Հայաստանի նոր կառավարություն vs Ռուսաստան և Արևմուտք

Հարևանների՝ ռազմավարական գործընկերների և սպառնալիքների մասին

Իշխանության գալուց առաջ Փաշինյանը ճիշտ էր համարում դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, որը գործում է Ռուսաստանի առաջնորդությամբ։ Սակայն արդեն 2018թ-ի գարնանը, երբ Փաշինյանի ու նրա համախոհների ջանքերով երկրում «թավշյա» հեղափոխություն սկսվեց, նա փոխեց իր դիրքորոշումն այս հարցի շուրջ։ Ընդ որում, ներկայիս վարչապետը, ինչպես և նախորդ իշխանությունները, անհրաժեշտ է համարում  համագործակցել և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ․

«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, Վրաստանը և Իրանը մեր ռազմավարական հարևաններն են: ԱՄՆ-ի, Եվրամիության և վերջինիս անդամ պետությունների հետ մենք ունենք ռազմավարական օրակարգ և գործընկերային հարաբերություններ: Մեզ համար լուրջ մարտահրավեր է մեր գործընկերների միջև տարաձայնությունների թնջուկում հայտնվելը, քանի որ մենք անընդհատ ենթարկվում ենք նրանց մի մասի, կամ որ ավելի վատ է՝ բոլորի կողմից ճիշտ չընկալվելու ռիսկին», – նշել է Փաշինյանը։

Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները «թավշյա» հեղափոխությունից հետո։ Ինչո՞ւ բեկում տեղի չունեցավ

Եվ այս համատեքստում Հայաստանի կառավարության ղեկավարը մեկնաբանել է հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները։ Նրա կարծիքով՝ Թուրքիան ներկա պահին «շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք Հայաստանի և հայ ժողովրդի համար»։

Երկրի ներսում առկա խնդիրների մասին

Իր ելույթում Հայաստանի վարչապետն անդրադարձել է նաև երկրի ներսում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, որոնց զարգացմանը խոչընդոտում է նախորդ քաղաքական էլիտան․

«Մենք ունենք անկոտրում վճռականություն՝ առաջ մղելու ժողովրդավարությունն ու բարեփոխումները մեր երկրում: Այն հիմնված է մեր ժողովրդի ծանրակշիռ մանդատի վրա, որին մենք պատասխանատու ենք բարեփոխումներ իրականացնելու, արդարության ապահովման, տնտեսական և սոցիալական պայմանների բարելավման և մեր ազգի զարգացման գործում․․․

Իսկ նրանք [նախորդ իշխանության ներկայացուցիչները] փորձում են խուսափել արդարադատությունից՝ օգտագործելով իրենց ֆինանսական ռեսուրսները եւ մարտահրավեր նետելով մեր ժողովրդավարական նվաճումներին և ժողովրդավարական եղանակով ընտրված Հայաստանի կառավարությանը, որը չի իրականացրել գույքի և սեփականության վերաբաշխում»։

Կոռուպցիայի դեմ պայքար Հայաստանում․ նոր կառավարության առաջին քայլերի մասին JAMnews-ի շարքից

Երկրի նոր կառավարությունը բազմիցս անհանգստություն է հայտնել կեղծ լուրերի և ապատեղեկատվության վերաբերյալ, որը տարածում են նախորդ իշխանությունների հովանավորությամբ գործող լրատվամիջոցները։ Եվ Փաշինյանն իր այս ելույթում կրկին անդրադարձել է այս թեմային՝ նախապես հայտարարելով, որ իր կառավարությունը չի միջամտում լրատվամիջոցների աշխատանքին, չի փորձում վերահսկել դրանց գործունեությունը․

«Այնուամենայնիվ, նրանցից ոմանք ենթարկվում են նախկին կառավարության նույն հին շրջանակներին՝ կեղծ լուրեր հորինելով և հասարակության մեջ անվստահություն սերմանելով թավշյա հեղափոխության ծագման և նպատակների վերաբերյալ: Չնայած այս մարտահրավերին, ԶԼՄ-ների ազատությունը խթանելու և պաշտպանելու մեր վճռականությունն անխախտ է»։


Կարդալ ավելին JAMnews-ում