Պայմանագիրը կնքվել է մինչև 2050թ-ը Ադրբեջանի համար ավելի ձեռնտու պայմաններով " />

Ադրբեջանական SOCAR-ն ու British Petroleum-ը նոր նավթային պայմանագիր են ստորագրել

Պայմանագիրը կնքվել է մինչև 2050թ-ը Ադրբեջանի համար ավելի ձեռնտու պայմաններով

Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունն ու բրիտանական ВР-ն նոր համաձայնագիր են ստորագրել «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» (ACG) նավթահանքի շահագործման վերաբերյալ:

Պայմանագիրը կնքվել է մինչև 2050թ-ը: ACGն Կասպից ծովում արդյունահանվող ամենախոշոր նավթահանքն է: Այն 432 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցնում: Ադրբեջանական կողմի կանխատեսումներով՝ նավթահանքը պարունակում է ևս 500մլն տոննա չարդյունահանված նավթ: 

Առաջին նավթային պայմանագիրն Ադրբեջանը ստորագրել է 1994թ-ին 30 տարի ժամկետով: ACG նավթահանքի նավթի արդյունահանումը սկսվել է 1997թ-ի նոյեմբերին: Մինչև ներկա պահը ACGից ավելի քան 3 մլրդ բարել նավթ է արդյունահանվել, իսկ նախագծում արված ներդրումները կազմել են մոտ 33 մլրդ դոլար:

Նավթահանքում գործում է 6 արդյունահանող պլատֆորմ: ACGից ստացվող նավթն արտահանվում է համաշխարհային շուկաներ հիմնականում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի միջոցով և Արևմտյան արտահանման խողովակաշարով մինչև վրացական Սուպսա նավահանգիստ:

Ստորագրման արարողությանը ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այսօր Ադրբեջանի պատմության մեջ կարևոր օր է, ACG նավթահանքի արդյունահանման համար նոր դարաշրջան է սկսվում», — ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ նոր պայմանագիրը սորագրվելու է Ադրբեջանի համար ավելի ընդունելի պայմաններով:

«Մասնավորապես, նոր պայմանագրում SOCAR ընկերության մասնաբաժինը կազմելու է 25% (գործող պայմանագրի համաձայն՝ 11,65% է): Բացի այդ, պայմանագրի ստորագրումից հետո արտասահմանյան ներդրողներն Ադրբեջանին կվճարեն 3,6մլրդ դոլար տարբեր բոնուսների տեսքով, եկամտաբեր նավթի մասնաբաժինը կկազմի 75%», – նախագահի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շնորհավորական նամակ էր ուղարկել համաձայնագրի ստորագրման արարողության մասնակիցներին:

Նամակը կարդաց Եվրոպայի և Ամերիկայի հարցերով Մեծ Բրիտանիայի պետնախարար Ալան Դունկանը: «Ես հայցում եմ ձեր ներողամտությունը, որ չեմ կարող Բաքվում ներկա գտնվել արարողությանը: Սակայն վստահ եմ, որ նոր պայմանագիրը էլ ավելի կուժեղացնի համագործակցությունը Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև», – ասված էր նամակում:

Փորձագետ-տնտեսագետ, «Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր շարժման գործադիր քարտուղար Նաթիկ Ջաֆարլին նոր նավթային պայմանագրի ստորագրումը «երկրի համար շատ կարևոր դրական երևույթ» է անվանել: «ВР-ն Ադրբեջան է բերել նոր տեխնոլոգիաներ, կառավարման նոր մեթոդներ: Աշխատատեղեր են բացվել, տեղացի մասնագետներ են պատրաստվել»: Սակայն միաժամանակ Ջաֆարլին քննադատության է արժանացրել պայմանագրի շուրջ գաղտնիության մթնոլորտը:

«Ոչ ոք չի տեսել պայմանագրի տեքստը: Ոչ ոք տեղյակ չէ պայմաններից: Նորմալ, ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարաններով երկրներում ВР-ն ստիպված կլիներ պայմանագրի պայմանները համաձայնեցնել յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցության հետ: Իսկ մեզ մոտ խորհրդարանը միաձայն կհաստատի պայմանագիրն ու դրան սահմանադրական կարգավիճակ կշնորհի: Անկասկած, դա շահեկան է նաև ВР-ին, մեկ մարդու շահերն ավելի հեշտ և երևի ավելի էժան է ապահովել», – ասել է Ջաֆարլին:


Կարդալ ավելին JAMnews-ում