Այժմ Ադրբեջանում չկա հարկերի նախարարություն, փոխարենը կա էկոնոմիկայի նոր նախարար " />

Ադրբեջանական իշխանությունները «վերադասավորում են» պաշտոնյաներին և նախարարությունները

Այժմ Ադրբեջանում չկա հարկերի նախարարություն, փոխարենը կա էկոնոմիկայի նոր նախարար

Երկու օրում Ադրբեջանում մի քանի լուրջ կադրային և կառուցվածքային փոփոխություն է տեղի ունեցել՝ նախագահի վարչակազմի ղեկավարի հրաժարականից մինչև հարկերի նախարարության լուծարում։ 

Ի՞նչ է տեղի ունեցել

  • 81-ամյա Ռամիզ Մեհթիևի հրաժարականը, որը նախագահի աշխատակազմի անփոփոխ ղեկավարն էր 1995թ-ից ի վեր։ Իսկ դրանից առաջ՝ ԽՍՀՄ տարիներին նա նմանատիպ պաշտոն էր զբաղեցնում ներկայիս նախագահի հոր կառավարման ժամանակ։ Այժմ Ռամիզ Մեհթիևը գլխավորել է Գիտությունների ակադեմիան։ Թե ով է լինելու վարչակազմի ղեկավարը, դեռ հայտնի չէ։
  • Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի հրաժարականը, որը վարչապետի տեղակալ է նշանակվել։ Նրանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր Հաջիբալա Աբութալիբովը (Բաքվի գործադիր իշխանության նախկին ղեկավար), որը թոշակի է անցել;
  • Էկոնոմիկայի նախարար է դարձել հարկերի նախկին նախարար Միքայիլ Ջաբարովը, որը դրանից առաջ հասցրել է լինել կրթության և հարկերի նախարար՝ երկու պաշտոններում էլ իրականացնելով հասարակության հավանությանը չարժանացած բարեփոխումներ;
  • Հարկերի նախարարությունը լուծարվել է և բոլոր աշխատակիցների հետ միասին միացվել էկոնոմիկայի նախարարությանը։ Դրան է միացվել նաև Գույքի պետական կոմիտեն և Սպառողական շուկայի վերահսկողության հակամոնոպոլիայի գործակալությունը;
  • Փոխվարչապետ Ալի Հասանովի հրաժարականը։ Միաժամանակ նա շարունակում է դեռ մի քանի պաշտոններ զբաղեցնել՝ Միջազգային մարդասիրական օգնության հանրապետական հանձնաժողովի նախագահի, Թմրանյութերի դեմ պայքարի պետական հանձնաժողովի նախագահի և «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահի պաշտոնները։

 

Զարմանալի ի՞նչ կա կատարվածի մեջ

Այս բոլոր տեղափոխությունները տեղի են ունեցել սրընթաց և անսպասելիորեն։ Մարդկանց զրկում էին մի պաշտոնից և նշանակում մյուսին մի քանի ժամվա ընթացքում։ Շփոթության մեջ են ոչ միայն հասարակ քաղաքացիներն, այլև փորձագետներն ու մասնագետները։

Գրեթե բոլոր «տեղափոխվածները» տարեց մարդիկ են։ Այդ պատճառով էլ շատերը փոփոխություններն ընկալում են որպես կառավարությունը «երիտասարդացնելու» նախագահի ցանկություն։

Փորձեր են արվում նաև կապ գտնելու այս իրադարձությունների և բողոքի երկու ակցիաների միջև (ընդդիմության հանրահավաքն ու ֆեմինիստական երթը), որոնք տեղի են ունեցել հանգստյան օրերին։ Սակայն ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես կփոխվի իշխանության վարքագիծն ու կփոխվի արդյոք ընդհանրապես։

Նախագահն ասել է, որ «կադրային բարեփոխումներն անխուսափելի են»։ 

Հասարակության արձագանքը

Դեռևս չհասկանալով, թե ինչ է տեղի ունենում, մարդիկ պարզապես կատակում են այս ամենի վերաբերյալ։

Տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին, օրինակ, առաջարկում է․

«Թող ընդհանրապես բոլոր նախարարությունները միավորեն մեկում և անվանեն այն «ՀարկերիՄաքսայինԷկոնոմիկայիԱրտաքինԳործերիԳյուղիՔաղաքիՇինարարությանՏեխնոլոգիաներիԱռողջապահությանԿրթությանԲնապահպանության նախարարություն»։ Իսկ Միքայիլ Ջաբարովին դրա նախարարը նշանակեն։ Կարծում եմ, որ երկրին լիովին բավարար է մեկ նախարարությունն ու մեկ նախարարը»։ 

Ոմանք ուրախանում են, որ Ռամիզ Մեհթիևը հրաժարական է տվել, մյուսները չեն հասկանում այդ ուրախության պատճառները։ 

«Մի՞թե պարզ չէ, որ այդ ամենն արվում է մեր աչքերին թոզ փչելու, «բարեփոխումների» պատրանք ստեղծելու համար։ Նման ռեժիմի դեպքում ընդհանրապես նշանակություն չունի, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում», – գրում է ակտիվիստ և նախկին քաղբանտարկյալ Գիաս Իբրահիմովը։ 


Կարդալ ավելին JAMnews-ում