Վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ ընդդիմությունը բողոքի համատեղ ակցիա է անցկացրել " />

Ադրբեջանական ընդդիմությունը պահանջել է չեղարկել վաղաժամկետ նախագահական ընտրությունները

Վերջին հինգ տարվա մեջ առաջին անգամ ընդդիմությունը բողոքի համատեղ ակցիա է անցկացրել

Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել վաղաժամկետ նախագահական ընտրությունների դեմ: Այս հանրահավաքն Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կազմակերպությունների՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի, Ժողովրդական ճակատ և «Մուսավաթ» կուսակցությունների առաջին համատեղ ակցիան էր վերջին հինգ տարվա ընթացքում:

Չնայած, որ Բաքվի քաղաքային իշխանությունները համաձայնել են, որ հանրահավաքն անցկացվի Բաքվի ծայրամասում, ակցիայից մեկ օր առաջ դրա կազմակերպիչներին կանչել են Բաքվի ոստիկանության գլխավոր վարչություն: Այնտեղ նրանց զգուշացրել են, որ անթույլատրելի է ցանկացած կարգախոս, որը նշված չէ քաղաքապետարանին ուղղված նամակում:

Ինչպես միշտ, տարբեր աղբյուրներ տարբեր տվյալներ են նշել հանրահավաքի մասնակիցների թվի վերաբերյալ: Բաքվի ոստիկանությունը հաղորդել է, որ հանրահավաքին մասնակցել է 1500 մարդ, մինչդեռ կազմակերպիչները պնդում են, որ մասնակիցները թիվը հասնում էր տասը հազարի: JAMnews-ի թղթակցի վիզուալ գնահատականով՝ ավելի ճիշտ է խոսել երեքից երեքուկես հազար մասնակիցների մասին:

Ահա մի քանի բնորոշ մեջբերում հանրահավաքին ելույթ ունեցած հռետորների խոսքից.

  • «15 տարվա կառավարման ընթացքում Իլհամ Ալիևի իշխանությունը չի կարողացել լուծել երկրի ոչ մի խնդիր: Եթե ժողովուրդը լռի, ներկայիս իշխանությունն անփոփոխ կմնա: Սակայն այս ռեժիմը պետք է մտածի ոչ թե իր կառավարումը երկարաձգելու, այլ այն մասին, թե ինչպես հավաքել ճամպրուկներն ու հեռանալ բեմից» (Ալի Քերիմլի, Ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ):
  • «Ընտրությունները չեն արտացոլելու ժողովրդի ազատ կամարտահայտումը: Երկրում արդար քաղաքական մրցակցության վիճակ չկա, ընտրական հանձնաժողովներն իշխանությունների վերահսկողության տակ են» («Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլի):
  • «Կոռուպցիան իշխանությունների հակաժողովրդական բնույթի գլխավոր նախանշանն է: Նրանց նպատակը ոչ թե արտահերթ, այլ այլընտրանք չունեցող ընտրություններ անցկացնելն է: Մենք կշարունակենք բողոքի ակցիաները» (Ջամիլ Հասանլի, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ):

Հանրահավաքն անցել է էմոցիոնալ մթնոլորտում, մասնակիցները պարբերաբար վանկարկում էին «Ազատություն», «Հրաժարական տվե՛ք» կարգախոսները:

Ինչպես և նախորդ հանրահավաքին, այս անգամ նույնպես մարզադաշտի տարածքում, որտեղ անցկացվում էր ակցիան, անջատած էր ինտերնետ-կապը, և լրագրողները ստիպված էին ամեն անգամ հարևան թաղամասեր գնալ խմբագրություն թարմ տեղեկատվություն, լուսանկարներ և տեսանյութեր ուղարկելու համար:

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության գործադիր փոխքարտուղար Սիավուշ Նովրուզովն ընդդիմության հանրահավաքը գնահատել է որպես «ձախողված»:

«Ակցիային նույն մարդիկ էին մասնակցում, որոնք նույն մտքերն էին արտահայտում: Մասնակիցների առումով նույնպես ոչ մի փոփոխություն չկար: Զանգվածային հանրահավաք տեղի չունեցավ, քանի որ ժողովուրդը հետաքրքրված չէ դրանում», – Նովրուզովի խոսքերն է մեջբերում Report.az-ը:

Ադրբեջանի նախագահի ընտրությունները նշանակվել էին 2018թ-ի հոկտեմբերի 17-ին, սակայն փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղաժամկետ ընտրություններ է նշանակել ապրիլի 11-ին: Ադրբեջանի ԿԸՀ-ն արդեն գրանցել է նախագահի 4 թեկնածուի: Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, «Մուսավաթ» և «Ումիդ» կուսակցությունները հրաժարվել են մասնակցել ընտրություններին, իսկ «Հանրապետական այլընտրանք» (ReAl) և Nida շարժումները հայտարարել են, որ չեն ճանաչում դրանց արդյունքները:


Կարդալ ավելին JAMnews-ում