Նրանք պահանջում են պատժել ուժայիններին, որոնք բանտում կտտանքների են ենթարկել նրանց հարազատներին " />

Ադրբեջանական Գյանջա քաղաքի բնակիչները ցույց են անում Բաքվում

Նրանք պահանջում են պատժել ուժայիններին, որոնք բանտում կտտանքների են ենթարկել նրանց հարազատներին

Ադրբեջանական Գյանջա քաղաքում անկարգությունների պատճառով կալանավորված երիտասարդների հարազատները մայրաքաղաք են եկել՝ բողոքի ցույց անցկացնելու նախագահի վարչակազմի շենքի մոտ։ Նրանք պահանջում էին պատժել ուժայիններին, որոնք կտտանքների են ենթարկել կալանավորներին։

Ոստիկանությունը ցրել էր բողոքի ակցիան և ձերբակալել դրա մասնակիցներից մի քանիսին և չորս լրագրողի։ Այս մասին է գրում Turan գործակալությունը՝ վկայակոչելով իրավապաշտպան Օգթայ Գյուլալիևի խոսքերը։ Մի քանի ժամ անց երեք լրագրողներն ազատ էին արձակվել։

Ի՞նչ է տեղի ունեցել Գյանջայում

2018թ-ի հուլիսի 3-ին Ադրբեջանի արևմուտքում գտնվող Գյանջա քաղաքում մահափորձ էր կատարվել գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի նկատմամբ։ Տեղի բնակիչ Յունիս Սաֆարովը կրակել էր Վելիևի և նրա թիկնապահի վրա։ Երկուսն էլ կենդանի էին մնացել, իսկ կրակողին ձերբակալել էին։

 

• Մանրամասներ Գյանջայի մահափորձի և դրա հետևանքների մասին

• Քաղբանտարկյալների ներում Ադրբեջանում․ ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ  է փոխում

 

Հուլիսի 10-ին Գյանջայի գործադիր իշխանության շենքի մոտ բողոքի ցույց էր սկսվել՝ ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի։ Ակցիային մոտ 200 մարդ էր հավաքվել։ Ոստիկանության և ակցիայի մասնակիցների միջև բախում էր տեղի ունեցել, երկու ոստիկան էր սպանվել։

Ոստիկանի սպանության կասկածյալներից մեկը մահացել էր մի քանի օր անց ձերբակալության ժամանակ, երկրորդը կալանավորվել էր։

Ակցիային մասնակցելու կասկածանքով ավելի քան տասը մարդ էր կալանավորվել։ 2019թ-ի մարտին նրանցից ոմանք դատապարտվել էին 5-8 տարվա ազատազրկման զանգվածային անկարգությունների կազմակերպման և ոստիկանությանը դիմադրելու մեղադրանքով։

2019թ-ի ապրիլի 22-ին կալանավորների հարազատները բողոքի ցույց էին անցկացրել Գյանջայում, սակայն ոստիկանությունը նրանց խանգարել էր՝ ասելով, որ ակցիան «ապօրինի է և խախտում է հանրային կարգը»։

Ի՞նչ են պահանջում կալանավորների հարազատները

Ակցիայի մասնակիցները կարծում են, որ իրենց հարազատներին անարդար են կալանավորել և խոշտանգել են։ Բաքվի բողոքի ցույցին նրանք բերել էին «Գյանջայի գործով» քննչական խմբի ղեկավարի և մյուս ուժայինների լուսանկարները, որոնք, նրանց կարծիքով, մասնակից են եղել կտտանքներին։


Կարդալ ավելին JAMnews-ում