Դա թույլ կտա Ադրբեջանից գազ մատակարարել Եվրոպային՝ շրջանցելով Ռուսաստանը " />

Ադրբեջանական գազը՝ դեպի Եվրոպա տանող ճանապարհին. բացվել է Տրանսանատոլիական գազատարը

Դա թույլ կտա Ադրբեջանից գազ մատակարարել Եվրոպային՝ շրջանցելով Ռուսաստանը

Տրանսանատոլիական գազատարի (TANAP) բացումը կայացել է հունիսի 12-ին թուրքական Էսքիշեհեր քաղաքում: Այդ գազատարով ադրբեջանական գազը «Շահդենիզ-2» ծովային հանքից կուղղվի դեպի եվրոպական շուկաներ:

Խողովակաշարը վրաց-թուրքական սահմանով անցնում է ողջ Թուրքիայի տարածքով մինչև Հունաստանի հետ սահմանը՝ շարունակելով արդեն գործող Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարը: Այնուհետև Տրանսադրիատիկ գազատարով գազը պետք է Եվրոպա հասնի՝ Հունաստանից Իտալիա: Խողովակաշարի բոլոր երեք հատվածները գազի Շահդենիզ հանքավայրի հետ միասին կազմում են Հարավային գազային միջանցքը:

Թուրքիա գազ կսկսեն մատակարարել արդեն 2018թ-ին, իսկ Եվրոպայի մատակարարումները պլանավորվում են՝ սկսած 2020թ-ից:

Բացման արարողությանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, թեև հրավիրված է եղել Թուրքիայի նախագահի կողմից, արարողությանը չի ժամանել, և Վրաստանը ներկայացնում էր Թուրքիայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեն:

Խողովակաշարի նախնական թողունակությունը տարեկան 16 մլրդ կուբամետր գազ է, որից 6 մլրդ կուբամետրը բաժին կընկնի Թուրքիային, մնացածը՝ Եվրոպային: Ապագայում այդ ծավալը ենթադրվում է ավելացնել մինչև 24մլրդ կուբամետր, իսկ հետո՝ նույնիսկ մինչև 31 մլրդ:

Ո՞ւմ են պատկանում TANAP-ի արժեթղթերը.

30%՝ թուրքական Botaş ընկերությանը;

58%՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը;

12%՝ BP-ին:

TANAP-ի շինարարությունը 8.5մլրդ ԱՄՆ դոլար է արժեցել:

Հարավային գազային միջանցքը թույլ կտա ադրբեջանական գազը Եվրոպա ուղարկել՝ շրջանցելով Ռուսաստանը: Ենթադրվում է, որ դա թույլ չի տա Ռուսաստանին խողովակաշարն օգտագործել քաղաքական ճնշման նպատակով:

Ենթադրվում է նաև Եվրոպայի հետ տնտեսական կապերի ամրապնդում:

Խողովակաշարի երթուղին անցնելու է Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Բուլղարիայի և Ալբանիայի տարածքով՝ հասնելով մինչև Իտալիա:

TANAP-ի հիմնարկեքն արվել է 2015թ-ի մարտին թուրքական Կարս շրջանում, սակայն նախագծի իրականացման ճանապարհին ժամանակ առ ժամանակ տարբեր խնդիրներ էին առաջանում, այդ թվում՝ ֆինանսական. նավթի գների կտրուկ անկում, արժեզրկում և տնտեսության անկում Ադրբեջանում:


Կարդալ ավելին JAMnews-ում