Արդյո՞ք ուղիղ բանակցություններ են անհրաժեշտ․ այս հարցը Վրաստանում քննարկման թեմա է դարձել" />

Աբխազ ընդդիմադիր գործիչն արտահայտվել է վրացական կողմի հետ երկխոսության օգտին։ Ի՞նչ են նրան պատասխանում Թբիլիսիում

Արդյո՞ք ուղիղ բանակցություններ են անհրաժեշտ․ այս հարցը Վրաստանում քննարկման թեմա է դարձել

Աբխազիայում վերջին իրադարձությունների՝ ընդդիմության ելույթների և դե ֆակտո նախագահի հրաժարականի ֆոնին աբխազ քաղաքական գործիչները սկսել են ավելի հաճախ հայտնվել վրացական մեդիատիրույթում․ նրանք հարցազրույցներ են տալիս վրացի լրագրողներին և խոսում վրաց-աբխազական ուղիղ երկխոսության հնարավորության մասին։

Աբխազ ընդդիմադիր գործիչ և դե ֆակտո նախագահի թեկնածու Ասլան Բժանիայի հարցազրույցը, որում նա խոսել է Թբիլիսիի հետ երկխոսության անհրաժեշտության մասին, Վրաստանում քննարկման թեմա է դարձել։

Նույնը կրկնել է մեկ այլ հայտնի աբխազ քաղաքական գործիչ Սերգեյ Շամբան։ Նրա խոսքով՝ ինքը «վրացական կողմի հետ հարաբերությունների նորմալացման» կողմնակից է։

Ինչպե՞ս են այդ հայտարարությունները ընկալվում Թբիլիսիում։ Արդյո՞ք Վրաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչները կողմ են Սուխումի հետ ուղիղ երիխոսությանը։

Ի՞նչ են ասել աբխազ քաղաքական գործիչները

Թբիլիսիի և Սուխումի միջև երկխոսությունը հնարավոր է, կարծում է Աբխազիայի ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան։ Այս մասին նա հայտարարել է վրացական InterpressNews գործակալությանը տված հարցազրույցում։

Ըստ Բժանիայի՝ Թբիլիսիի և Սուխումի միջև հարաբերությունները պետք է սկսվեն վստահության և տնտեսական համագործակցության ամրապնդումից։

«Երկխոսություն պետք է լինի։ Թե ինչ տեսքով, ինչ ձևաչափով, ինչ ձևով, նշանակություն չունի։

Կարևոր չէ, թե քանի կողմ է մասնակցում այդ երկխոսությանը։ Ես այս թեմայի վերաբերյալ իմ սեփական կարծիքն ունեմ և պատրաստ եմ այն կիսել ցանկացած լսարանի հետ, եթե իմ կարծիքն ընդհանրապես որևէ նշանակություն ունենա», – ասել է նա։

Աբխազ քաղաքական գործիչը կարծում է, որ վերջին հաշվով «երկու պետությունների միջև պետք է բարիդրացիական, արդար և լավ հարաբերություններ հաստատվեն»։

Ինչ վերաբերում է մոտ ապագային, ապա, ըստ Բժանիայի, պետք է, նախևառաջ, վերականգնվի կողմերի միջև վստահությունը։

«Անհրաժեշտ է այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել, և ես վստահ եմ, որ դա մեզ կօգնի մոտենալ մեր դիրքորոշումներում։ Այդպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն տնտեսական ոլորտում», – ասել է Ասլան Բժանիան։

Նրա խոսքով՝ կողմերի միջև տնտեսական կապեր կան նաև այժմ։ Նա ասել է, որ կողմ է վրացական և աբխազական մասնավոր ընկերությունների միջև համագործակցությանը։

Մեկ այլ աբխազ ընդդիմադիր գործիչ, նախկին դե ֆակտո վարչապետ և արտգործնախարար Սերգեյ Շամբան «Մտավարի Արխի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեմ է Թբիլիսիի և Սուխումի միջև առճակատմանը։ Ըստ Շամբայի՝ Թբիլիսին և Սուխումը պետք է բանակցություններ սկսեն առանց միջնորդների։

«Մենք պետք է նստենք և սկսենք խոսել։ Դրա համար տարբեր ձևեր կան», – ասել է նա։

Սերգեյ Շամբան աբխազ այն քաղաքական գործիչն է, որը հաճախ է խոսում վրացական կողմի հետ ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին։

•2008 թ-ի օգոստոսյան պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, Թբիլիսին հրաժարվել է ուղիղ երկխոսություն վարել աբխազական և օսական կողմերի հետ, քանի որ այդ տարածքները համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված, իսկ Ռուսաստանը՝ հակամարտության միակ կողմ, որը կարող է պատասխանատու լինել միջազգային հանրության առջև։ 

 

•2008 թ-ի օգոստոսյան պատերազմից հետո ստեղծվել է ժնևյան քննարկումների ձևաչափը։ Այն միակ ձևաչափն է, որի միջոցով Ռուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են վարում հակամարտության շրջանների վերաբերյալ միջազգային միջնորդների մասնակցությամբ։ Վրաստանից և Ռուսաստանից զատ ժնևյան բանակցություններին մասնակցում են ԱՄՆ, Եվրամիության և ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ու ԵԱՀԿ համանախագահները։ Քննարկումներին մասնակցում են նաև Ցխինվալի և Սուխումի ներկայացուցիչները։

Թբիլիսիի գնահատականը

Աբխազ քաղաքական գործիչ Բժանիայի հայտարարությունները, որը կարող է դառնալ Աբխազիայի դե ֆակտո նախագահ մարտի 22-ի ընտրություներից հետո, հետաքրքրությամբ են ընկալվել Թբիլիսիում։

Մեկնաբանելով նրա հայտարարությունը՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան չի հստակեցրել, թե արդյոք կողմ է Սուխումի հետ ուղիղ երկխոսությանը։

«Օկուպացիոն գծի երկու կողմերում Վրաստանի քաղաքացիների դրությունը մեզ համար չափազանց մեծ կարևորություն ունի, և, իհարկե, այլ ուղի չկա, քան բանակցություններ վարելը», – ասել է Գախարիան։

Բժանիայի հայտարարություններին առաջիններից մեկն արձագանքել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Խոջևանիշվիլին։ Նա փաստացի բացառել է Սուխումի հետ ուղիղ երկխոսությունը՝ նշելով, որ Սուխումի նախաձեռնությունները պետք է ոչ թե դեմ առ դեմ քննարկվեն, այլ Ժնևի բանակցություններին միջազգային միջնորդների մասնակցությամբ։

«Մենք ունենք ժնևյան ձևաչափ, որի ժամանակ խոսում ենք բոլոր խնդիրների մասին, և, իհարկե, եթե նրա նախաձեռնությունները ներկայացվեն նման ձևաչափով, մենք բոլոր այդ հարցերը կքննարկենք ավելի ինտենսիվ», – ասել է Խոջևանիշվիլին։

Այլ կերպ են կարծում «Լելո» ընդդիմադիր նոր շարժման անդամները։ Նրանց հատուկ հայտարարությունում ասվում է, որ «վրաց-աբխազական ուղիղ երկխոսությունը ճիշտ և գրեթե միակ միջոցն է կողմերի միջև վստահության վերականգնման համար»։

«Լելոն» նշում է, որ Թբիլիսիում «վաղուց չեն լսել այդպիսի ազդակներ» երկխոսության վերաբերյալ աբխազական կողմի պատրաստակամության մասին, այդ պատճառով էլ այդ հայտարարություններն արժանի են ուշադրության։

Քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն Բժանիայի հայտարարությունը հուսադրող է անվանել։

«Նա ասում է, որ ցանկացած ձևաչափով պատրաստ է երկխոսության։ Մեր կողմից կոտրատվելու և պայմաններ դնելու իմաստ չկա։ Ժամանակը գնում է, և այն մեր դեմ է աշխատում, ինչպես և նրանց դեմ։ Նրանք (աբխազները) դրանից ավելի մեծ վնաս են կրում, քանի որ նրանք գտնվում են բացարձակ ինքնամեկուսացման ճանապարհին, սակայն մեր շահերից է բխում սկսել այդ (բանակցությունների) գործընթացը», – ասել է Շարաշենիձեն։

Նրա խոսքով՝ այդ գործընթացը կախված է Թբիլիսիից։

«Վախենում եմ մեր հասարակության որոշակի հատվածի հիսթերիայից, որը հետևելու է այդ հայտարարությանը։ Եթե մենք վախենանք [ուղիղ] ձևաչափից, ևս 28 տարի կանցնի։ Մենք դեռ հիշում ենք Աբխազիան, հաջորդ սերունդն ընդհանրապես չի հիշելու․․․ Եվ մենք չենք կարող թողնել սա [խնդիրը] հաջորդ սերնդին։ Այն դրա համար չի ունենալու ոչ կամք, ոչ միջոց», – նշել է Շարաշենիձեն։

Հակամարտություների փորձագետ Պաատա Զաքարեիշվիլին ասել է JAMnews-ին, որ նա առանձնահատուկ ոչինչ չի տեսնում աբխազ քաղաքական գործիչների հայտարարություններում, և որ նրանք բազմիցս խոսել են Թբիլիսիի հետ երկխոսության անհրաժեշտության մասին․

«Դրանք պրոակտիվ հայտարարություններ էին, այլ ոչ թե նրանց նախաձեռնությունը․ վրացի լրագրողները զանգահարում և հարցեր են տալիս, նրանք պատասխանում են։ Վրացիներն ուրախացել են, թե աբխազները մեզ մոտ են վերադառնալու։ Դա այդպես չէ․․․ Չեմ կարծում, որ Վրաստանի իշխանությունները կօգտվեն այդ հնարավորությունից․․․ Նրանց ասելը, թե կխոսենք Ժնևում, արդեն սխալ պատասխան է։

Եթե մենք ուզում ենք աբխազների հետ որևէ հարաբերություն վերականգնել, չպետք է գոռոզ պատասխաններ տանք և ցույց տանք, որ աբխազական կողմին հավասար չենք համարում․․․ Մեզ համար անընդունելի են Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ուղիղ բանակցությունները, քանի որ դա է պնդում Ռուսաստանը։ Սակայն մեզ ինչո՞ւ է հետաքրքրում, թե ինչ է ասում Ռուսաստանը։ Երբեմն Ռուսաստանն ասում է այն, ինչ չի ուզում․ ուղիղ երկխոսության մեկնարկը Ռուսաստանի շահերից չի բխում, Ռուսաստանի իրական ցանկությունն Աբխազիայի մեկուսացումն է։ Եվ մենք նրան օգնում ենք այդ հարցում», — ասել է Զաքարեիշվիլին։

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:

Կարդալ ավելին JAMnews-ում