Ծնելիությունը չի փոխվել, ռիսկերն ավելացել են" />

Աբխազիա. տարին առանց աբորտների

Ծնելիությունը չի փոխվել, ռիսկերն ավելացել են

Լուսանկարը՝ Իբրահիմ Չկադուայի

Աբխազիայում տարին առանց գեթ մեկ աբորտի է անցել:

2015թ-ի դեկտեմբերին Աբխազիայում աբորտների ամբողջական արգելքի մասին օրենք է ընդունվել հանրապետության Ժողովրդական ժողովի կողմից: 26 պատգամավոր այդ ժամանակ կողմ է քվեարկել, երեքը՝ դեմ:

2016թ-ի փետրվարին օրենքը ողջ ուժով սկսեց գործել:

Որպես գլխավոր պատճառ նշվում էր հանրապետությունում սուր ժողովրդագրական խնդրի լուծման անհրաժեշտությունը: Որպես փաստարկ այսպիսի հաշվարկ էր բերվում.

  • Տարվա ընթացքում պաշտոնապես գրանցված միջինը 700 աբորտ է արվում, դրանցից միայն 15-ը՝ բժշկական ցուցումով:
  • Տարվա ընթացքում ծնվում են միջինը երկու հազար երեխա:

Ըստ պատգամավորների տրամաբանության, բավական կլիներ, որ աբորտները քրեական հանցագործություն համարվեին՝ և Աբխազիան կստանար հավելյալ մինչև մեկ հազար երեխա մեկ տարվա ընթացքում:

Եվ ահա անցել է այդ մի տարին: Ինչպիսի՞ն են արդյունքները:

Ծնելիությունը նույնն է

Եթե ավելի հակիրճ, ապա աբորտների արգելքը ոչ մի կերպ չի ազդել ծնելիության վրա: 2016թ-ի վերջնական տվյալներ դեռևս չկան, սակայն ոչ վերջնականներն ասում են, որ ամեն ինչ մնացել է, ինչպես եղել է:

Ամեն ինչի համար պետք է կանայք պատասխան տան

լուսանկարը՝ Իբրահիմ Չկադուայի

Սակայն եթե թվերի ոլորտում փոփոխություններ տեղի չեն ունեցել, ապա մարդկանց կյանքում բավականին լուրջ փոփոխություններ են եղել:

Մադինան (անունը փոխված է) երեք երեխա ունի՝ երկու աղջիկ և մեկ տղա: Նա ամուսնու հետ գյուղից քաղաք է տեղափոխվել և փորձում է ոտքի կանգնել: Մադինան տնային տնտեսուհի է, նրա ամուսինն աշխատում է բենզալցակայանում, աշխատավարձը մեծ չէ, չի հերքում:

«Այնպես ստացվեց, որ հենց այդ օրենքից հետո ես հղիացա: Ես երեխաներ սիրում եմ, և այդ երեխային էլ էի ուզում: Սակայն փողը չեր հերիքում այս երեքին լիովին կերակրելու համար, մենք գիտեինք, որ չորսին ոչ մի կերպ չենք ձգի», – պատմում է Մադինան:

Աբորտի համար նույնպես մեծ գումար է անհրաժեշտ. չէ՞ որ կանայք դրա համար հիմա ստիպված են Աբխազիայից դուրս գալ:

Աբխազիայից Վրաստան աբորտի համար չեն մեկնում

Չնայած կոնֆլիկտային համատեքստին և հասարակությունում առկա ընդհանուր քննադատությանը, Աբխազիայից շատ մարդիկ են Վրաստան մեկնում բժշկական օգնություն ստանալու համար, JAMnews-ն այդ թեմայով առանձին հետազոտություն է անցկացրել:

Սակայն, ըստ ամենայնի, դա ոչ մի կերպ չի վերաբերում աբորտներին:

Աբխազիային ամենամոտ վրացական Զուգդիդի քաղաքի բուժհաստատություններում ոչ ոք չի հաստատել այն տեղեկատվությունը, թե կանայք Աբխազիայից աբորտի են գալիս:

Ինչպես JAMnews-ին հայտնել է պոլիկլինիկայի ղեկավար Թամազ Ջանանշիան, հղի կանայք Աբխազիայից այդտեղ երբեք չեն գրանցվել:

Զուգդիդիի «Լայֆ» կլինիկայի բժիշկ-գինեկոլոգ Թեա Լաշխիայի խոսքով՝ նրանց հղիության ընթացքում կանայք են դիմում Աբխազիայից, հիմնականում՝ Գալի շրջանից (հիմնականում վրացիներով բնակեցված – JAMnews): Սակայն պատճառն այստեղ նույնպես ծննդաբերությունն է կամ գինեկոլոգիական հիվանդությունների բուժումը: «Հղիության ընդհատման համար Աբխազիայից ոչ ոք ոչ մի անգամ չի դիմել», – ասել է Թեա Լաշխիան:

Զուգդիդիի շրջանային հիվանդանոցում JAMnews-ին ասացին, որ վերջին մի քանի տարվա ընթացքում աբորտների վիճակագրությունը զգալիորեն չի փոխվել:

Երկու միլիոն բնակչություն ունեցող Թբիլիսիում այդպիսի վիճակագրություն ստուգելն անհնարին բան է:

Դա սպասված արդյունք էր: Ինչպես նաև այն, որ բոլորովին այլ իրավիճակ կներկայացնի Սոչին:

Փաստարկներ օրենքի դեմ

Աբխազիայի առողջապահության նախարար Անզոր Գոովայի վերաբերմունքն այդ օրենքին ի սկզբանե բացասական էր:

«Ընդհանրապես ես, իհարկե, դեմ եմ աբորտներին: Սակայն որպես բժիշկ ասեմ, որ բժշկական ցուցումներ կան, ինչպես նաև սոցիալական պայմաններ, որոնք պետք է հաշվի առնվեն: Սկզբում պետք է գոնե Մանկան տուն ստեղծել, քանի որ հասկանալի է, որ երեխաներից հրաժարվողներ կլինեն, երեխաներ, որոնց ծննդատանը կթողնեն», – ասում է Անզոր Գոովան:

 

Նախարարի խոսքով՝ նա ու իր գործընկերները փորձել են օրինագծի դիտարկման ընթացքում պատգամավորներին համոզել, ասել են այդ թվում, որ բժշկական ցուցումներ կան, բարդություններ, որոնք կարող են մոր և մանկան կյանքին վտանգ սպառնալ:

 

«Սրանք բոլորը բարդ հարցեր են: Ողջ աշարհն է այսօր պայքարում մայրերի մահացության դեմ, իսկ նրանք մեզ ասում են. «Ոչ, նոր կյանք է հարկավոր»: Եկեղեցին նույն բանն է ասում: Սակայն մենք աշխարհիկ պետություն ենք: Ես աստվածանարգ մարդ չեմ, սակայն երբ այդպիսի հարցեր են առաջանում, եկեղեցին մեզ ուզում է միջնադար տեղափոխել»:

«Միջնադարյան» բառն օգտագործում է նաև Սուխումի բնակիչ Քրիստինա Բազբան.

«Ես երկու երեխաների մայր եմ: Ամուսնուս հետ մենք պլանավորում ենք երրորդ երեխային: Սակայն դա դեռ անհնար է, քանի որ համապատասխան աշխատանք, աշխատավարձ չկա, իսկ պետությունը չի օգնում: Բազմազավակ ընտանիքները նպաստի, բնակարանի կարիք ունեն, և շատ բան էր պետք անել նախքան այդ օրենքն ընդունելը»:

Այսօր Աբխազիայի բյուջեից ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում միայն երեք և ավելի երեխաներ ունեցող մայրերին: Այն կազմում է միջինում ամսական 1000 ռուբլի [մոտ $15] մեկ երեխայի համար:

Վերջերս Աբխազիայում «Ազխարա» բարեգործական հիմնադրամ է ստեղծվել, որը 100 հազար ռուբլի [մոտ $1,700] է վճարելու երրորդ և ամեն հաջորդ երեխայի համար, սակայն միայն էթնիկ աբխազների ընտանիքներին: Համենայն դեպս հենց այդպես է հիմնադրամի նպատակները նախանշել 2016թ-ին դրա հիմնադիրներից մեկը՝ այն ժամանակ խորհրդարանի պատգամավոր Լեոնիդ Չամագուան:

JAMnews-ը բլից-հարցում է անցկացրել Սուխում՝ փորձելով կարծիքների լայն պատկեր ստանալ այն բանից հետո, երբ մեկ տարի է անցել աբորտների ամբողջական արգելքի մասին օրենքն ընդունելուց հետո: Տղամարդկանցից ոչ ոք չհամաձայնեց հարցմանը մասնակցել: Այդ պատճառով էլ հարցվածները միայն կանայք են:

Հարցումը նկարահանել է Անահիտ Գոգորյանը

Կյանքի համար վտանգ պարունակող աբորտներ

Ասլան Ագրբան՝ երկու երեխաների հայրն՝ ասում է, որ աբորտների արգելքն անիմաստ է:

«Նա, ով ուզում է աբորտ անել, դրա համար բազմաթիվ միջոցներ կգտնի: Եթե զույգը որոշել է, որ չի ուզում երեխա ունենալ, ոչ մի օրենք նրան չի կանգնեցնի»:

Ինչպես ցույց է տալիս պրակտիկան՝ չի կանգնեցնի նաև այն լուրջ գումարի բացակայությունը, որն այժմ անհրաժեշտ է այդ վիրահատության համար:

«Բազմաթիվ միջոցներ կան տնային պայմաններում աբորտ անելու համար, – ասում է բժիշկ-գինեկոլոգ Իլոնա Ագրբա-Կոբախիան: – Տեխնիկապես ամեն ինչ շատ պարզ է: Դա երեք օրվա և պրոստագլանդին պարունակող 5 կոճակ դեղի հարց է»:

Դեղորայքային աբորտի պրակտիկան շատ տարածված է Ռուսաստանում վերջին տարիներին: Ռուսական դեղորայքային շուկան վերլուծող DSM Group գործակալության տվյալներով՝ աբորտի համար դեղամիջոցները ոչ միայն օգտագործվում են կլինիկաներում, այլ նաև վաճառվում են սովորական դեղատներում և բավականին շատ:

Սոչիի դեղատների ցանցի տեղեկատուն դեղատների մի քանի հասցեներ տվեց, որտեղ կարելի է դեղորայք գնել, ճիշտ է, մակնշմամաբ, որ դրանք վաճառվում են միայն բժշկի դեղատոմսով:

Սակայն հաբերը հեշտությամբ կարելի է պատվիրել համացանցով՝ շրջանցելով այդ պայմանը: Սոչիում առաքումը տևում է 2-3 օր, աբորտի համար անհրաժեշտ չափաբաժնի արժեքը մոտ 4000 ռուբլի է [մոտ $70]:

Նրանց փաստարկները, որոնք շարունակում են աջակցել աբորտների ամբողջական արգելքի մասին որոշումը

Հայր Իգնատիուսի կարծիքով՝ ժամանակակից բժշկության շնորհիվ կանայք լավ են հասկանում, թե ինչի են գնում:

«Բոլորը ծանոթ են ներարգանդային տեսագրություններին, որոնք ցույց են տալիս երեխայի զարգացումը: Որպես կանոն, կինը նախընտրում է այդ մասին չմտածել, նա ուզում է այսպես կոչված «հասարակական կարծիքի» ետևից գնալ: Իսկ հասարակական կարծիքը նրան ասում է, որ նա իրավունք ունի ինքն ընտրություն կատարելու: Եկեղեցին շեշտադրում չի անում այն բանի վրա, որ աբորտը մեղք է: Մենք կանանց բերում ենք այն մտքին, որ հղիության անգամ առաջին շաբաթների ընթացքում դա արդեն կենդանի մարդ է», – ասում է հայր Իգնատիուսը:

Անցանկալի հղիության մասին լուրն, իհարկե, ոչ միշտ և ոչ բոլորի մոտ է աբորտով ավարտվում: Ասիդան՝ մեկ այլ սուխումցին, որը չցանկացավ նշել իր իսկական անունը, ասում է, որ պատրաստ էր արդեն Ռուսաստան աբորտի մեկնելու.

«Ես երկու երեխա ունեի, և հանկարծ՝ նոր անսպասելի հղիություն, արդեն օրենքից հետո: Սակայն ամուսինս պնդեց՝ ոչ մի աբորտ, որտեղ երկու բերան, այնտեղ էլ՝ երրորդը: Իհարկե, մեզ համար ֆինանսապես շատ բարդ է, սակայն աղջիկս արդեն 8 ամսական է, նրա անունը Սոֆիա է, և մենք նրան շատ ենք սիրում, և այժմ տարօրինակ է մտածել, որ նրան ինչ-որ մեկը չէր ցանկանում»:

Իրավապաշտպանները շարունակում են բողոքել

լուսանկարը՝ Իբրահիմ Չկադուայի

Աբխազական իրավապաշտպան շարժման մի քանի ներկայացուցիչներ շարունակում են պնդել, որ աբորտների արգելքի մասին օրենքի ընդունումը մարդու հիմնարար իրավունքների խախտում է եղել:

«Դա կանանց իրավունքների ամբողջական խախտում է, – ասում է իրավապաշտպան Լեյլա Լուշբան: – Հղիության ընդհատման ամբողջական արգելքի ներմուծումը խնդրի թվացյալ լուծում է, որը բազմաթիվ կանանց ստիպում է ընդհատակյա աբորտներ անել: Մարդիկ, որոնք քրիստոնեական արժեքներ են դավանում, իրավունք չունեն մյուսներին հերոսության դրդելու»:

  • Աբորտներն ամբողջությամբ արգելող օրենքի ընդունմամբ Աբխազիան միացավ հետևյալ երկրներին՝ Անգոլա, Աֆղանստան, Բանգլադեշ, Վենեսուելա, Գվատեմալա, Հոնդուրաս, Եգիպտոս, Ինդոնեզիա, Իրաք, Իրան, Իռլանդիա, Յեմեն, Կոլումբիա, Լիբանան, Լիբիա, Մալի, Մավրիտանիա, Նեպալ, Նիկարագուա, ԱՄԷ, Օման, Պարագվայ, Պապուա Նոր Գվինեա, Սալվադոր, Սիրիա, Չիլի և Ֆիլիպիններ:
  • 2015թ-ին Ռուսաստանի կառավարությունը հրաժարվել է աջակցել օրինագծին, որն առաջարկում էր երկրում քրեական պատասխանատվություն մտցնել ոչ բժշկական ցուցումներով աբորտներ անելու համար: Աբորտների քանակը Ռուսաստանում կազմում է տարեկան 5-8 մլն:
  • 2013թ-ին Վրաստանի խորհրդարանում նույնպես աբորտներն արգելելու առաջարկ է դիտարկվել՝ կապված ծանր ժողովրդագրական իրավիճակի հետ: Սակայն դա հասարակությունում պառակտում է առաջացրել, և առաջարկը մերժվել է: Այսօր Վրաստանում աբորտ կարելի է անել մինչև 12 շաբաթական հղիության դեպքում:
  • Աշխարհում միջինում հղիությունների 21%-ը արհեստականորեն ընդհատվում է: Դրա 25%-ն արվում է մոր կյանքին սպառնացող վտանգի, 12%-ը՝ պտղի ոչ նորմալ զարգացման պատճառով:

Իբրահիմ Չկադուայի “Կանայք գարնանաը Աբխազիայում” ֆոտոշարքից

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:

Կարդալ ավելին JAMnews-ում