Աբխազիայի ընդդիմության և իշխանությունների դիմակայության արդյունքը փոխզիջումն է" />

Աբխազիա. հեղափոխությունը հետաձգվում է

Աբխազիայի ընդդիմության և իշխանությունների դիմակայության արդյունքը փոխզիջումն է

Աբխազիայում իշխանությունների և ընդդիմության բազմաժամ դիմակայությունը փոխզիջմամբ ավարտվեց: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկվեց զբաղեցնել առաջին փոխվարչապետի, գլխավոր դատախազի պաշտոնները, երկու թեկնածություն Սահմանադրական դատարանում աշխատելու և ԿԸՀ նոր կազմի 4 անդամ լինել:

Սակայն ճգնաժամի նման խաղաղ ելքը մինչև վերջին րոպեն երաշխավորված չէր:

Ամանորին ընդառաջ

Դեռևս նոյեմբերի 30-ին Աբխազիայի ընդդիմադիր ուժերի բլոգի ներկայացուցիչները հայտարարեցին Ամանորից 16 օր առաջ համաժողովրդական հավաք անցկացնելու մտադրության մասին: Հայտարարեցին՝ նախապես կրկին պահանջելով նախագահ Ռաուլ Հաջիմբայի անհապաղ հրաժարականը:

Դեկտեմբերի 2-ին գլխավոր խաղաղապահի դերը որոշեց իր վրա վերցնել երկրի խորհրդարանը:

Դեկտեմբերի 13-ին իր մասին հայտարարեց Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը: Այն հայտարարություն տարածեց, որում հաղորդվում էր, որ «ընդդիմության ծայրահեղ տրամադրություններ ունեցող կողմնակիցները մտադիր են դեկտեմբերի 15-ին ուժային ճանապարհով իշխանությունը զավթել և ֆիզիկապես հեռացնել օրինական ընտրված նախագահին»:

Դրան ի պատասխան նույն օրն Ընդդիմադիր ուժերի բլոկն ու «Ամցախարա» կուսակցության քաղխորհուրդը կոչ արեցին «անհապաղ տեղեկատվություն տրամադրել այն անձանց մասին, ովքեր մտադրվում են սպանել նախագահին»: Համապատասխան տեղեկատվության տրամադրման դեպքում ընդդիմության ղեկավարությունը երաշխավորում էր, որ անձամբ այդ չարագործներին իրավապահ մարմիններին կհանձնի:

Դեկտեմբերի 14-ի երկրորդ կեսին Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նախագահ Զուրաբ Մարգանիայի զեկույցը խորհրդարանում լսեցին միանգամից երկու կոմիտեների արտահերթ նիստերին՝ իրավական քաղաքականության, պետական շինարարության, մարդու իրավունքների և պաշտպանության, ազգային անվտանգության: Ժողովի սկզբում ՊԱԾ նախագահը գործընթացի բաց լինելու հարցը բարձրացրեց: Միաձայն որոշվեց ԶԼՄ ներկայացուցիչների ներկայությամբ լսել այն նյութերը, որոնք ապացուցում են ՊԱԾ ներկայացրած տեղեկատվության իսկությունը: (Ձայնագրություններն անպարկեշտ բառապաշար են պարունակում):

Երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկմանն էին հրավիրվել «Ապսնի», «Աինար», «Աբխազիայի ժողովրդական ճակատ» քաղաքական կուսակցությունների, «Քյարազաա» հանրապետական հասարակական կազմակերպության, Աբխազիայի ՊԱԾ և դատախազության ներկայացուցիչները: Նիստը բացելիս ՊԱԾ նախագահ Զուրաբ Մարգանիան նշեց. «Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու ընթացքում տեղեկատվություն է ստացվել հակաիրավական գործողությունների նախապատրաստման և Աբխազիայի Հանրապետության նախագահի ֆիզիկական ոչնչացման վտանգի վերաբերյալ»: Ընդ որում, նա ընդգծեց, որ անցկացվող գործողությունների համար դատարանի թույտվությունը կա:

Դրանից հետո լսվեց «Ամցախարա» կուսակցության քաղխորհրդի անդամ Ռամազ Ջոփուայի հեռախոսազրույցների երկու գաղտնազերծված ձայնագրություն: Զուրաբ Մարգանիայի տվյալներով՝ հենց նա է վերահսկողության տակ առնվել դատարանի թույլտվությամբ:

Մասնավորապես հետևյալ մեջբերումները հնչեցին. «Ամեն ինչ ընթանում է՝ ըստ ծրագրի: Նախագահը պետք է ստանա այն, ինչին արժանի է, այսուհետ աքսորի մեջ է գտնվելու: Պինդ կացեք», «Յանուկովիչից վատ վիճակում է լինելու: Այրելու ենք ամեն ինչ: Նրանց արյունն է թափվելու», «Նա երրորդ հարկից չի իջնի, նրան այնտեղ կայրենք: Մարմինը կիջեցնենք», «Գալում մեր կողմնակիցները… ոչ թե կողմնակիցներն, այլ նրանք, ովքեր մեզ սատարում են և պատրաստ են մարտի դուրս գալ, 350 հոգի են, Սուխումում՝ 70: Բռնկվող խառնուրդները պատրաստ են»:

Սադրանք, հերյուրանք, ալկոհո՞լ

Բոլոր նյութերը գլխավոր դատախազին են փոխանցվել խորհրդարանական նիստի ընթացքում: Նուրի Տանիան նշեց. «Այս նյութերն անհապաղ հետազոտման և ուսումնասիրման ենթակա են: Սա վերաբերում է մեզ բոլորիս»:

Քննարկելով ներկայացրած նյութերը՝ պատգամավոր Սերգեյ Շամբան կոչ արեց պատրաստ լինել դժվար իրադարձություններին, սակայն չբացառել այն բանի հնարավորությունը, որ տվյալ հեռախոսազրույցները սադրանք են կամ պարզապես հերյուրանք:

Իր ելույթում պատգամավոր Լեոնիդ Չամագուան հիշեցրեց խորհրդարանի պատերի ներսում չընդունված հեղափոխական օրինագծերի մասին: Այդ թվում նաև՝ հանրային հեռուստատեսության, խառը կուսակցական համակարգի և այլնի մասին:

Քննարկման ընթացքում ժողովրդի ընտրյալները տարբեր առաջարկներ էին առաջ քաշում իրավիճակի կայունացման և ընդդիմության ու իշխանությունների հետ հետագա աշխատանք տանելու վերաբերյալ: Որոշվեց որոշակի միջոցներ ձեռնարկել նիստից անմիջապես հետո, հերթական բանակցությունները սկսել:

ՊԱԾ ներկայացրած նյութերի վերաբերյալ իր հայտարարությունն «Ամցախարան» տարածեց Ժողովրդական ժողովում տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո: Կուսակցությունը Պետական անվտանգության ծառայությունից պահանջեց «դադարեցնել քաղաքական մանիպուլյացիաները Ռ. Ջոփուայի և ալկոհոլի թեթև ազդեցության տակ եղած Ա. Միկվաբիայի միջև հեռախոսային խոսակցության շուրջ, իսկ հասարակությանն արժանահավատ տեղեկատվություն տրամադրելու նպատակով այդ խոսակցության ամբողջական տարբերակը հրապարակել, առանց կրճատումների»:

Հարևանությամբ անցկացվող հանրահավաքները

Հավաքի հայտարարագրված օրվա կեսգիշերին մոտ խորհրդարանը բրիֆինգ հրավիրեց: Խոսնակ Վալերի Բգանբան պատմեց, որ բանակցությունների հերթական փուլը կայացել է, սակայն «չի կարելի ասել, որ մենք հաջողության ենք հասել»: Ժողովրդական ժողովի խոսնակն ընդգծեց, որ հավաքը հնարավոր չի եղել կանխել, սակայն հերթական փորձն է ձեռնարկվել բացատրելու, որ «քաղաքական բեմում խաղացողների տեղափոխությունից ճգնաժամը չի լուծվի»:

Իր կողմից պատգամավոր Ախրա Բժանիան պարզաբանեց. «Խորհրդարանը շարունակելու է աշխատել, գործընթացը շարունակվում է: Մենք պայմանավորվածության ենք եկել, որ ընդհանուր կոմյունիկե կկարողանանք կազմել, որը կստորագրեն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Փաստաթղթում ամրագրվելու է, որ բոլորը պետք է իրավական նորմերին հետևեն»:

Դեկտեմբերի 15-ին խորհրդարանը հայտարարեց ըմբռնման մասին հուշագրի կամ համաձայնության մասին արձանագրության ստորագրման մասին:

Երկրի Ժողովրդական ժողովում այս գիշեր մշակված և երկրի բոլոր քաղաքական կուսակցություններին ու հասարակական կազմակերպությունների ստորագրմանն առաջարկված փաստաթղթում կոչ է արվում հետևել ժողովրդավարության սկզբունքներին և զարգացնել քաղաքական կյանքը սահմանադրության շրջանակում: Հուշագրի տակ ընդհանուր առմամբ 12 ստորագրություն է դրվել՝ երկրի ղեկավարի, խորհրդարանի խոսնակի, Հանրային պալատի քարտուղարի, մի շարք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և Ընդդիմադիր ուժերի բլոկի համանախագահ Ասլան Բժանիայի:

Այդ ընթացքում դրամատիկական թատրոնի հրապարակն ու նախագահի ադմինիստրացիայի դիմացի հրապարակը պատրաստվում էին հերթական հանրահավաքներն ընդունել:

Նախագահի ադմինիստրացիայի մոտ հանրահավաքի նախաձեռնողը «Արուաա» հանրային վետերանական կազմակերպությունն էր, իսկ դրամատիկական թատրոնի մոտ ժողովրդին հրավիրել էին Ընդդիմադիր ուժերի բլոկի ներկայացուցիչները: Ելույթներից առաջ երկու կազմակերպություններն էլ հայտարարեցին ժողովների բացառապես խաղաղ մտադրությունների մասին, և եթե «Արուաան»  հայտարարում էր «պետականությանն ու սահմանադրական կարգին աջակցելու» մասին, ապա «Ամցախարայի» ներկայացուցիչները խոսում էին «դեկտեմբերի 15-ն աբխազական պառակտման վերջին օրը դարձնելու» ցանկության մասին:

Երկու հրապարակներում էլ ելույթ էին ունենում մերթ կազմակերպիչները, մերթ շարքային քաղաքացիները: Դրամատիկական թատրոնի մոտ, ընդդիմության բազմաթիվ ամիսների աշխատանքը տրամաբանորեն ավարտելով կամ ամփոփելով, հավաքվածները շարունակում էին պահանջել նախագահի անհապաղ հրաժարականը:

Ընդդիմադիր ուժերի բլոկի հավաքին ընդունված բանաձևը հանրահավաքի պատվիրակները տարան նախագահի ադմինիստրացիա:

Ընդդիմության հետ բանակցությունների առաջին փուլի արդյունքների վերաբերյալ բողոքի ակցիաների առաջին օրը ելույթով հանդես եկավ ինքը՝ պետության ղեկավարը:

«Նրանք եկել էին նախագահի հրաժարականի մասին պահանջով: Ուզում եմ, որ բոլորը հասկանան. նախագահի հրաժարական չի կարող տեղի ունենալ: Մենք շարունակելու ենք երկխոսությունը, մենք պատրաստ ենք խոսել: Սակայն ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրավասու չեն խոսելու նախագահի հրաժարականից բացի որևէ այլ հարցերի մասին», – ասել է Ռաուլ Հաջիմբան:

Այդ ընթացքում սուխումյան դեկտեմբերի ցածր ջերմաստիճանն ընդիմադիր հանրահավաքի մասնակցիներին ստիպեց խարույկներ վառել: Այդ պահի դրությամբ արդեն 6 ժամ շարունակվում էր ընդդիմության և իշխանության խաղաղ դիմակայությունը: Երկու միջոցառումները միմյանցից 50 մ հեռավորության վրա էին տեղի ունենում: Մի հանրահավաքին ասվածը լսվում էր մյուս հանրահավաքին:

Բանակցային գործընթացին միջնորդի կարգավիճակում միացավ պաշտպանության նախարար Միրաբ Քիշմարիան:

Միաժամանակ Ռաուլ Հաջիմբան կոչ արեց հանգստություն պահպանել. «Ժամանակ տվեք, մենք հույս ունենք, որ միասնական որոշման կգանք: Եթե ոչ, ուրեմն մենք կորցրել ենք մեր երկիրը»:

Բանակցությունների ավարտից հետո ընդդիմադիրներն ուղևորվեցին դեպի իրենց կողմնակիցները: Ասլան Բժանիան ասաց, որ պետության ղեկավարն ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկել է զբաղեցնել առաջին փոխվարչապետի, գլխավոր դատախազի պաշտոնները, Սահմանադրական դատարանում աշխատելու երկու թեկնածություն, և ԿԸՀ անդամ լինելու 4 տեղ:

Գիշերվա 3-ին, փոխզիջման գալով և իշխանության առաջարկներին համաձայնելով, մարդիկ դրամատիկական թատրոնի հրապարակից սկսեցին ցրվել:

Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ


Կարդալ ավելին JAMnews-ում