Շատերը չեն կարողանում իրենց բնակարանը վերադարձնել անգամ դատարանի վճռից հետո։ Իսկ վրացիների հարցումները շուտով ընդհանրապես չեն դիտարկվելու " />

Աբխազիա․ բնակարանները որպես «ռազմական ավար»․ արդյո՞ք դրանք տերերին կվերադարձվեն

Շատերը չեն կարողանում իրենց բնակարանը վերադարձնել անգամ դատարանի վճռից հետո։ Իսկ վրացիների հարցումները շուտով ընդհանրապես չեն դիտարկվելու

Խարլամպի Պոլիտիդիսը 79 տարեկան է։ Նա ծնվել է Աբխազիայում, ազգությամբ հույն է։ Արդեն երկար տարիներ է՝ ապարդյուն պայքարում է Սուխումի իր բնակարանը վերադարձնելու իրավունքի համար, այն նրան է պատկանում աբխազական դատարանի որոշմամբ։

Նա արդեն դիմել է գրեթե բոլոր ռուսական և աբխազական ատյաններ և շարունակում է հույս ունենալ, որ ինչ-որ մի ժամանակ իր տուն կվերադառնա։

Աբխազիայում զբաղեցված «ավար»-բնակարանների վերադարձի խնդիրը 1990-ականների սկզբի վրաց-աբխազական պատերազմից հետո դեռ լուծված չէ։

Արդեն 25 տարի է՝ այս թեման ժամանակ առ ժամանակ հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանի որ անշարժ գույքի վերադարձի դատական գործընթացներն ընթանում են մինչև այսօր։

Սակայն դեռ քչերին է հաջողվել վերադարձնել իրենց գույքը։

Հաճախ զբաղված և վերաձևակերպված «հետպատերազմյան» բնակարաններն ու տները ոչ ոք չի պատրաստվում վերադարձնել՝ անգամ չնայած դատարանների որոշումներին։

Խարլամպի Պոլիտիդիսի պատմությունը նման է Աբխազիայի շատ բնակիչների պատմություններին, որոնց անշարժ գույքը հետպատերազմական ժամանակահատվածում սկզբից գրավվել է, այնուհետև՝ դատարանով հանձնվել տիրոջը, սակայն այդպես էլ չի վերադարձվել նրան։

• Տարօրինակ վայր Վրաստանի կրկնակի փախստականների համար

Աբխազիա․ տարին առանց աբորտների

 Լեհաստան․ երկիր, որտեղ աշխատանք կա Վրաստանի քաղաքացիների համար

Պոլիտիդիսն Աբխազիայում է ապրել մինչև 1991թ-ն, այնուհետև նրան փոխադրել են Մոսկվա աշխատելու։ Այնուհետև պատերազմ է սկսվել, և Աբխազիայի իր բնակարան նա էլ չի կարողացել վերադառնալ այն զավթվել է։

Իսկ նոր տերը «մեքենայությունների ճանապարհով» փոխանակել է բնակարանը, պատմում է դրա նախկին տերը։

«2005թ-ին դատարանի վճռով բնակարանն իրավաբանորեն ինձ է վերադարձվել, որից հետո սկսվել է դրա վերադարձի համար բազմամյա ապարդյուն պայքար, այն արդյունք չի տվել՝ նույնիսկ չնայած այս կամ այն պահին այն վերադարձնելու բազմաթիվ, այդ թվում՝ գրավոր խոստումներին», – ասում է Պոլիտիդիսը։

Ավելին, 2010թ-ին ի հայտ է եկել «դատարանի մեկ այլ որոշում», որում ասվում է, որ, քանի որ տան սեփականատերը դեռ 1992 թ-ին «մեկնել է անհայտ ուղղությամբ», բնակարանն անտեր է ճանաչվել և այլ մարդու փոխանցվել, որը մինչև այսօր հենց այստեղ էլ բնակվում է։

Այսպիսով, Պոլիտիդիսի բնակարանն այս տարիների ընթացքում մի քանի «օրինական» տեր է փոխել։

Այժմ Խարլամպին իր դստեր տանն է Հունաստանում, որտեղ քաղցկեղից է բուժվում։ Նա հույս ունի, որ կկարողանա վերադարձնել զբաղեցված բնակարանը։

Սուխում, 2019թ-ի հուլիս։ Լուսանկարը՝ JAMnews

Զավթում, սպառնալիքներ և իշխանությունների լռություն

Ռոստովցի Ելենա Գալիցկայան 56 տարեկան է։ Նրա ընտանիքն Աբխազիայում էր բնակվում 1966թ-ից։ Երկար տարիներ է՝ Ելենան փորձում է վերադարձնել ծնողների՝ Պիցունդայում գտնվող բնակարանը, որը զավթվել է 1994թ-ին, երբ մայրը երկու տարով Ռոստով է մեկնել՝ օգնելու դստերը ծանր ծննդաբերությունից հետո։ Մոտ ութ տարի կինը վճարել է կոմունալ ծառայությունների դիմաց, չնայած որ այնտեղ չի բնակվել նա ստիպված է եղել տեղափոխվել հին ծառայողական բնակարան։ 

«1996թ-ին Պիցունդա վերադառնալուց հետո մայրս իմացել է, որ մեր բնակարանն ուրիշները զավթել են։ Մեկը ներխուժել է բնակարան պատուհանով՝ հրշեջ մեքենայի միջոցով և, բացելով մուտքի դուռը, այդտեղ բնակություն հաստատել ընտանիքի հետ։ Այս մասին մեզ պատմել են հարևանները, սակայն պաշտոնապես ցուցմունք տալ նրանք վախեցել են։ Մայրս դիմել է միլիցիա և ադմինիստրացիա։ Սակայն պաշտոնյաները խուսափել են հարցը դիտարկել և անգամ դիմումը գրանցել»։

Իշխանությունների նեկայացուցիչները Ելենայի մորն ասել են, որ «նրա խնդիրների ժամանակը չունեն» և ոչինչ չեն կարող անել։

Իսկ տունը զավթածն այդ ընթացքում սկսել է սպառնալ Ելենայի մորը։ Մի անգամ  նրան մեքենայով «խոսելու» են տարել անհայտ անձինք։ Արդյունքում նա դադարել է օգնության դիմել իշխանություններին։

2016թ-ին հոր մահից հետո Ելենա Գալիցկայան ու նրա քույր Օլգան բնակարանը որպես ժառանգություն են ստացել և փորձել ձևակերպել այն։ Սակայն Պիցունդայի տեղի ադմինիստրացիան սկզբից տարբեր պատճառաբանություններով կոմունալ պարտքերի մասին տեղեկանք չէր տրամադրում, առանց որի հնարավոր չէ բնակարանը ձևակերպել։ Այնուհետև կազմակերպել է Ելենայի հանդիպումն այն մարդու որդու հետ, որը զավթել է նրանց բնակարանը, որպեսզի այդ կերպ ոչ ֆորմալ ձևով «լուծվի» իրավիճակը։

Սուխում, 2019թ-ի հուլիս։ Լուսանկարը՝ JAMnews

Հանդիպմանը զավթիչի որդին եկել է ադմինիստրացիայի տրամադրած իրավաբանի հետ։ Երկուսն էլ պնդել են, թե Ելենայի հայրը «վրացիների հանցակիցն է և նրանց գործակալը», իսկ բնակարանը հենց նա է զիջել, որտեղ որոշ ժամանակ չեչեն կամավորներ են ապրել։ Ավելի ուշ, ըստ զավթիչի, բնակարանն անպիտան է դարձել, այն չի ունեցել պատուհաններ և դռներ, նա իբր վերանորոգել է այն և սկսել այնտեղ օրինական բնակվել։ Ընդհանուր առմամբ, «տերը» կտրականապես հրաժարվել է բնակարանը վերադարձնել։

Արդյունքում՝ իր իրավունքների վերականգնման համար Ելենան ստիպված է եղել դատարան դիմել։

Օրենք «վրացիների համար»

«Այսօրվա դրությամբ Աբխազիայի Հանրապետության հանրային պալատ ավելի քան հարյուր դիմում է ստացվել նման խնդիրների բախված մարդկանցից։ Դրանց թվում է մոտ հիսուն դիմում Վրաստանի այն քաղաքացիների ազգականներից, որոնք Աբխազիայի դեմ կռվել են 1992-1993թթ-ին», – ասում է Հանրային պալատի (Աբխազիայի նախագահի վարչակազմին կից խորհրդատվական մարմին) բնակարանային հարցերի հանձնաժողովի նախագահ Դանիիլ Ուբիրիան։

Նա ասել է, որ ազգականները վկայակոչում են աբխազական օրենքը, որը չի արգելում նրանց վերադարձնել անշարժ գույքը։

Նրանք բոլորն ապրում են հանրապետությունից դուրս։

Սեփականության իրավունքի արգելքը վերաբերում է այն քաղաքացիներին, «որոնք պայքարել են Աբխազիայի Հանրապետության անկախության և պետական ինքնիշխանության դեմ, մասնակցել Աբխազիայի դեմ մարտական գործողություններին կամ աջակցել օկուպացիոն զորքերին», – ասված է օրենքում։ Ազգականներին դա չի վերաբերում։

«Այսինքն, օրենքի համաձայն, նրանք դրա իրավունքն ունեն։ Սակայն այստեղ դժվարություններ կան։

Այն անձանց բնակարանները, ովքեր կռվել են Աբխազիայի դեմ և լքել հանրապետությունը, բաշխվել են մեր քաղաքացիների միջև։ Պատերազմից հետո դատարանները բողոքներ չեն ընդունել վրացի քաղաքացիներից, սակայն վերջերս մի քանի գործ են քննել։ Որոշումները հօգուտ հայցվորների չեն», – ասում է Դանիիլ Ուբիրիան։

Որպես կանոն, բոլոր հայցվորները բնակվում են Ռուսաստանում կամ Վրաստանում, այնտեղ էլ ձևակերպում են անհրաժեշտ փաստաթղթերը՝ ժառանգություն, լիազորագրեր, նվիրատվություններ։

«Սակայն ոչ Աբխազիայում ստացված փաստաթղթերը մեզ մոտ չեն անցնում։ Այդ մասին հրամանը ստորագրել է դեռ առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբան», – հավելում է հանձնաժողովի նախագահը։

Սուխում, 2019թ-ի հուլիս, Լուսանկարը՝ JAMnews

Դեպք է եղել, պատմում է Ուբիրիան, երբ Վրաստանի մի բնակիչ, որի ամուսինը կռվել է Աբխազիայում, ամուսնու մահվան մասին փաստաթղթեր է բերել և խնդրել օգնել վերադարձնել իր տունը։

«Ասում էր, թե դա իր սեփականությունն է։ Ինչո՞ւմ եք ինձ մեղադրում։ Մենք միանգամից այդ մարդու մասին հարցում արեցինք Թբիլիսի։ Պարզվեց, նա ողջ-առողջ է։ Այդպիսով, ռիսկեր հայտնվեցին, որոնք հաշվի են առնվելու», – հավելում է նա։

Հենց նման դեպքերի համար մի քանի ամիս առաջ Աբխազիայի խորհրդարանը դեռ առաջին ընթերցմամբ փոփոխություններ է ընդունել սեփականության տնօրինման մասին օրենքում, որոնք կարգելեն սեփականությունը վերադարձնել ոչ միայն նրանց, ովքեր կռվել են վրացական կողմից, այլև նրանց բոլոր ազգականներին։ Այսինքն՝ ժառանգորդներն իրենց սեփականությունը չեն կարողանա վերադարձնել։

«Այստեղ մենք ազգության հարց չենք դնում, – ասում է փոփոխությունները նախաձեռնողներից մեկը՝ խորհրդարանի պատգամավոր Ռաուլ Լոլուան։ – Խոսքը նրանց մասին է, ովքեր պայքարում կամ պայքարել են Աբխազիայի անկախության և տարածքային ամբողջականության դեմ։ Իհարկե, հիմնականում դա վերաբերում է ազգությամբ վրացիներին։ Փաստացի, դա ավելի քան 90%-ն է, սակայն օրենքում ազգության մասին հիշատակում չկա», – ընդգծում է նա։

Ընդ որում, նրա խոսքով, վրացիների համար սեփականությունը վերադարձնելն ավելի դժվար կլինի նույնիսկ այն դեպքում, եթե օրենքով սահմանված արգելքները նրանց չեն վերաբերի։

«Վրացական բնակարաններն այսպես թե այնպես բաշխված են, դատարկ բնակարաններ և տներ գրեթե չկան։ Անգամ երբ մարդը ժառանգության թղթերով է գալիս, նա խնդիրների է բախվում», – ասում է Լոլուան։

Եթե տանը ոչ ոք չի ապրում, և անշարժ գույքը ոչ ոքի վրա ձևակերպված չէ, խնդիրը լուծվող է, կարծում է նա։ Այլ հարց է, թե արդյո՞ք նման տներ կամ բնակարաններ կան։

Անշարժ գույքի կադաստրի բացակայության պարագայում այս հարցին դժվար է պատասխանել։ Սակայն յուրաքանչյուր դեպք պետք է առանձին դիտարկել, քանի որ մարդիկ կան, որոնք Աբխազիա են վերադառնում 20 տարի անց և հավակնում իրենց բնակարանի վերադարձին։

«Այս ընթացքում բազմաթիվ օրենքներ են ընդունվել, որոնք վերաբերում են անշարժ գույքին, այդ թվում՝ վաղեմության ժամկետին։ Մարդիկ չեն վճարել բնակարանի գումարները, հարկերը։ Այսինքն՝ նրանց կողմից գոյության ոչ մի նշույլ չի եղել։ Մարդը մեկնել է։ Կենդանի է-կենդանի չէ։ Չէ՞ որ դա պետք է հաշվի առնել», – ասում է Ռաուլ Լոլուան։

Չնայած ազգությամբ կապի դուրս գալու բազում փորձերին այն վրացիների հետ, որոնք դիմել են Աբխազիայի իշխանություններին բնակարանի վերադարձի առթիվ, դրանք չեն հաջողել։

Սուխում, 2019թ-ի հուլիս։ Լուսանկարը՝ JAMnews

«Մենք այլևս կորցնելու բան չունենք»

Իրավաբան Վալենտինա Կորնիենկոն, որը զբաղվում է սեփականատերերին նրանց բնակարանների վերադարձի հարցերով, վստահ է, որ խնդիրը ոչ միայն օրենքին չհետևելն է, այլ նաև ոչ տիտղոսային ազգերի ներկայացուցիչների, մասնավորապես, Աբխազիայում բնակված ռուսների հանդեպ վերաբերմունքը։

«Օրենքներ կան, սակայն դրանք ռուսների հանդեպ չեն կատարվում։ Մենք կարողանում ենք բնակարան վերադարձնել միայն շնորհիվ այն բանի, որ ես այստեղ եմ ծնվել, եղբայրներս պատերազմի մասնակից են, Աբխազիայի հերոսներ։ Սակայն գործընթացները շատ բարդ են, տարիներ են տևում։ Ոմանք կարողանում են վերադարձնել իրենց տունը կամ բնակարանը, ոմանց փոխհատուցում են՝ այլ վայրում բնակարան են տալիս։ Սակայն այսպես թե այնպես մենք բոլոր գործերը շահում ենք», – պնդում է նա։

Վալենտինան ասում է, որ իրեն հաջողվել է նման կերպ օգնել բնակարանը վերադարձնել 44 դեպքերում։

Ստանիսլավ Բելոուսովը մեկն է այն անձանցից, ում բախտը բերել է։ 2016թ-ին նա Վալենտինա Կորնիենկոյին է դիմել՝ խնդրելով օգնել վերադարձնել իր Սուխումի բնակարանը, որը լկտի կերպով զբաղեցրել են չարագործները բնակարան են մտել պատուհանով և, սպառնալով տարել հոգեբուժարան, որտեղ նա փակի տակ է մնացել գրեթե կես տարի։ Ինչ որ կերպ նա կարողացել է այնտեղից դուրս գալ։

«Նրանք ուզում էին նրան հոգեկան հիվանդ դարձնել՝ հետո բնակարանը խլելու համար, – ասում է Կորնիենկոն։ – Մի անգամ հիվանդանոցում նա մի ծանոթի է հանդիպել և պատմել դեպքի մասին։ Ծանոթը դիմել է ինձ, ես միլիցիա եմ դիմել և ասել, որ, ըստ օրենքի, մարդուն չի կարելի հիվանդանոց տանել առանց նրա ազգականների համաձայնության։ Ստանիսլավին միանգամից բաց են թողել, և հիմա նա հանգիստ ապրում է», – ասում է Կորնիենկոն։

Սուխում, 2019թ-ի հուլիս։ Լուսանկարը՝ JAMnews

Ելենա Գալիցկայայի ընտանիքը դեռ չի կարողացել արդարության հասնել։ Նա դիմել է բոլոր ատյաններ, սակայն «շատ բարձր մակարդակով» հայցվորներին հաղորդել են, որ օրինական դատաքննություն ապահովելը բարդ է, և նույնիսկ դատարանի դրական վճռի դեպքում, նրանք չեն կարողանա վերադարձնել բնակարանը։

Այդպես էլ եղել է․ դատարանները խուսափել են հայցն ընդունել և քննել դրանք օրենքով սահմանված ժամկետում։

«Գագրայի դատարանում տասներեք անգամ նիստ է նշանակվել, մենք եկել ենք Ռոստովից, մեր փաստաբանը՝ Սուխումից, սակայն մեծ մասը ձախողվել է։ Բացի այդ, մենք փորձում ենք քրեական գործ հարուցել դատարանում վկաների տված կեղծ ցուցմունքների և շինծու ապացույցների հիման կապակցությամբ, որոնք ներկայացվել են զավթիչի կողմից և նպաստել են ապօրինի որոշումների կայացմանը։ Եվ մենք մինչև վերջ պայքարելու ենք։ Մենք էլ կորցնելու բան չունենք։ Դա մեր բնակարանն է», – ասում է Ելենան։

Նրա խոսքով՝ այն ողջ ընթացքում, ինչ ընտանիքը զբաղվում է բնակարանի վերադարձով, զավթիչներից սպառնալիքներ են ստացվել, իսկ դատական նիստերը հետաձգվում են։

Սպառնալիքները դադարել են այն բանից հետո, երբ Ելենան դիմել է դատախազություն, որը հարցաքննել է զավթիչին, սակայն հանցակազմ չի գտել։ Սակայն դատավարության ավարտը դեռ չի երևում։

Գերագույն դատարանի վերջին նիստը պետք է կայանար հուլիսին։ Ելենան ամուսնու հետ Աբխազիա է եկել, սակայն նրանց ասել են, որ նիստը հետաձգվել է օգոստոսի վերջ։

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի։

Կարդալ ավելին JAMnews-ում