Քննարկվում է տնտեսական և հումանիտար համագործակցության հնարավորությունը " />

Աբխազիան կապեր է հաստատում Սիրիայի հետ, Վրաստանը բողոքում է

Քննարկվում է տնտեսական և հումանիտար համագործակցության հնարավորությունը

Աբխազիայի պատվիրակությունը եղել է Սիրիայում, որտեղ մասնակցել է Դամասկոսում տեղի ունեցած միջազգային առևտրային տոնավաճառի և հանդիպել երկրի մի քանի բարձրաստիճան ղեկավարների հետ:

Աբխազիայի արտգործնախարար Դաուր Կովեն, էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբան և Աբխազիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գենադի Գագուլիան բանակցություններ են անցկացրել Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ:

«Մենք խոսել ենք երկկողմ տնտեսական և հումանիտար համագործակցության ձևավորման և զարգացման հնարավորության մասին»,- լրագրողներին ասել է արտգործնախարար Դաուր Կովեն:

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբան պատմել է համագործակցության տեխնիկական կողմի մասին՝ ասելով, որ Աբխազիան կարող էր դառնալ Ռուսաստանը Սիրիային կապող տրանսպորտային-լոգիստիկ շղթայի մաս:

Արձինբան ասել է, որ, օրինակ, կարելի է նաև Աբխազիա հումք տեղափոխել Սիրիայից, դրանից այնտեղ կազմակերպել արտադրություն և մատակարարել ռուսական շուկա: «Դրան կօգնի Աբխազիայի համաձայնագիրը Ռուսաստանի Դաշնության հետ առանց մաքսի առևտրի վերաբերյալ»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:

Ըստ նրա՝ քննարկվել է նաև Սիրիայում Աբխազիայի և Աբխազիայում Սիրիայի առևտրային ներկայացուցչություն բացելու հնարավորությունը, ինչպես նաև պատրաստել փաստաթուղթ, որը առաջիկայում հնարավորություն կտա առանց մաքսի երկկողմ առևտուր իրականացնել: Նման փաստաթղթի սկզբնական տարբերակն առաջիկայում կպատրաստվի  և կուղարկվի Սիրիայի ղեկավարությանը, ասել է Ադգուր Արձինբան:

Նա նաև նկատել է, որ Սուխումի և Սիրիայի նավահանգիստների հեռավորությունը կազմում է 1400 ծովային մղոն, բեռնավորված նավն այն հաղթահարում է 5 օրում: «Իսկ դա երկար ճանապարհ չէ»,- ասել է Արձինբան:

Ինչպես լրագրողներին հայտնել է Աբխազիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Գենադի Գագուլիան, պալատի պատվիրակությունն առաջին անգամ Սիրիայում եղել է 10 տարի առաջ: Սակայն այդ ժամանակ չէր հաջողվել համաձայնագիր ստորագրել Սիրիայի Առևտրային պալատի հետ:

«Դրան հաջորդած պայմանագրերը ստորագրվել են արդեն պատերազմի ժամանակ, իսկ 2015թ. մենք համաձայնագիր ստորագրեցինք Սիրիայի փորձագետների ասոցիացիայի և Դամասկոսի արդյունաբերական պալատի հետ: Եվ նրանք Լիբանանից հատուկ ժամանել էին համաձայնագրի ստորագրման համար»,- ասել է Գենադի Գագուլիան:

Սիրիայում տեղի ունեցած պաշտոնական հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև Սիրիայի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման հարցը, լրագրողներին ասել է արտգործնախարարը:

«Մենք չենք շտապեցնում իրադարձությունների ընթացքը, … այս պահին մենք խոսում ենք տնտեսական և հումանիտար կապերի զարգացման հնարավորության մասին: Սիրիայում ապրում է մեծ չերքեզական համանք, որը կմիավորի ադիգ ժողովրդի ներկայացուցիչներին, և դա Աբխազիայի և Սիրիայի միջև համագործակցության կարևոր գործոն է»,- ասել է Դաուր Կովեն:

Վրաստանի իշխնաությունները բողոքի նոտա են հղել Դամասկոսին՝ աբխազական պատվիրակության այցի առնչությամբ: Աբխազիայի իշխանությունների ներկայացուցիչները Թբիլիսիի այդ արձագանքը մեկնաբանել են հետևյալ կերպ.

Արտգործնախարար Դաուր Կովե.

«Ինքնիշխան պետության իրավունքն է նոտա հղել, բողոք արտահայտել, ճիշտ այնպես, ինչպես և մեր ինքինշխան իրավունքն է կապեր հաստատել այլ պետությունների հետ: Այսօր Վրաստանի ղեկավարությունը, ըստ ամենայնի, շարունակում է մեր հանրապետության մեկուսացմանն ուղղված քաղաքականությունը»:

Էկոնոմիկայի նախարար Ադգուր Արձինբա.

«Ես վերջերս կարդացել եմ Վրաստանի վարչապետի ելույթը, որը մտահոգություն էր հայտնում Աբխազիայի բնակչության ծանր տնտեսական վիճակի կապակցությամբ: Բայց երբ մենք առևտրատնտեսական հարաբերություններ ենք հաստատում, և Վրաստանի կառավարությունն արգելափակում է դրանք, չէ՞ որ դրանով նրանք նպաստում են Աբխազիայի տնտեսական դրության վատթարացմանը»:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի 


Կարդալ ավելին JAMnews-ում