Սակայն նրանք վստահ են, որ ամեն ինչ հակառակն է. հենց իրենց ջանքերի շնորհիվ է Աբխազիան ավելի ուժեղ դառնում" />

Աբխազիայում ոչ կառավարական կազմակերպություններին և լրագրողներին մեղադրում են հայրենիքի դավաճանության համար

Սակայն նրանք վստահ են, որ ամեն ինչ հակառակն է. հենց իրենց ջանքերի շնորհիվ է Աբխազիան ավելի ուժեղ դառնում

Աբխազիայի սոցցանցերում կրկին դավաճանների են փնտրում, և այդ դերում սովորականի պես կրկին հայտնվել են ոչ կառավարական կազմակերպություններն ու լրագրողները:

Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ անանուն մեկը գրառում է կատարել «Բիզնե՞ս, թե՞ Ապսնիի դավաճանություն» վերտառությամբ: Այդ գրառմանը կցված էին նյութեր 2016 թ-ի սկզբից իրականացվող «Աբխազների և վրացիների կողմից աբխազերեն լեզվի պահպանություն» անվամբ նախագծի մասին, ընդ որում, այնպիսի նյութեր, որոնք վաղուց համացանցում բաց հասանելիությամբ տեղադրված են:

Այդ փաստաթղթերից մեկում թվարկվում են նախագծի մասնակիցների անունները, որոնց թվում են հայտնի աբխազ գրողներ և լեզվաբաններ:

Կցված էր նաև նախագծի մանրամասն բյուջեն ու հանդիպումներից մեկի ժամանակ արված լուսանկարները:

Իսկ վերջում այսպիսի եզրակացություն էր արվում.

«PALAG նախագծի գլխավոր խնդիրն աբխազական հանրությանը ներքաշելն է Վրաստանի հետ փոխհարաբերությունների մեջ, վրացիներին և անդրօվկիանոսյան տերերին ձեռնտու ազդեցություն ունենալն աբխազական երիտասարդության վրա, որն ապագայում կանխորոշելու է մեր ու ձեր երկրի ապագան»:

Սոցցանցերում միանգամից ազգային շահերի դավաճանության մեղադրանքներ սկսեցին հնչել հանդիպման մասնակցիների հասցեին: Այնուհետև մեղադրյալների շրջանակն ընդլայնվեց, և դրանում հայտնվեցին Աբխազիայի բոլոր ոչ կառավարական կազմակերպությունները:

Մերկացնողների շրջանում մեծամասնություն են կազմում անոնիմները: Սակայն կան նաև այնպիսիք, որ դա բացահայտ են անում:

Մասնավորապես, աբխազական բանակի նախկին գեներալ Զաքան Նանբան գրել է.

«Ցնցված եմ, թե որքան խորն են այդ ոչ կառավարական կազմակերպություններն արմատներ գցել մեր հասարակությունում… Այսօր ապացուցում են մեր ողջ հանրությանը, որ ինչ-որ կորպուս զբաղվում է աբխազերեն լեզվի զարգացմամբ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԻ փողերով: Եվ ովքե՞ր են դրանով զբաղվում: Վրաստանն ու կորպուսի հրամանատար Յուլյա Գումբան»:

Լեզվի վերականգնման նախագծին մասնակցող լեզվաբաններին Նանբան առաջարկել է հիշատակել չակերտներով և հայտարարել «ոչ կառավարական կազմակերպությունների սաներին համապարփակ գնահատական տալու» անհրաժեշտության մասին:

Առցանց քննարկման այլ մասնակիցներն ակտիվորեն կոչ են անում աբխազական հատուկ ծառայություններին լրջորեն զբաղվել ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությամբ: Մեկնաբանություններում նույնպես գաղափար է առաջ քաշվում Աբխազիայում «Արտասահմանցի գործակալների մասին օրենք» ընդունելու վերաբերյալ՝ Ռուսաստանում գործող օրենքի նմանությամբ:

Ս ակայն սոցցանցերի քննարկումներին միացել է նաև հակըննդեմ «կուսակցությունը»՝ նրանք, ովքեր վստահ են, որ «մամլիչի» տակ հայտնված գրողները, լեզվաբաններն ու ոչ կառավարական կազմակերպություններն Աբխազիայի համար շատ ավելին են արել, քան նրանք, ովքեր մեղադրում են նրանց դավաճանության համար:

«Եթե մենք մի քանի տարի էլ լսենք մեր «ուլտրահայրենասերներին», մեր հարուստ աբխազերեն լեզուն արդեն չի կարողանա կատարել ժամանակակից շփման միջոցի անհրաժեշտ գործառույթները», – ասում է «Աբխազերեն լեզվի պահմանությունն աբխազների և վրացիների կողմից» նախագծի ղեկավարներից մեկն աբխազական կողմից, «Աբխազիայի մանկական հիմնադրամի» ղեկավար Ասիդա Լոմիան:

«Եվ այսպես, Վրաստանում մարդիկ կան, որոնք ոչ միայն չեն խոչընդոտում առաջատար տեխնոլոգիաների հասանելությանն աբխազ փորձագետներին, այլ նաև աջակցում են այդ կարևոր նախաձեռնություններին: Առանց նրանց աջակցության միջազգային հիմնադրամները երբեք չէին ֆինանսավորի աբխազերեն լեզվի հետ աշխատանքը: Տխուր իրականություն է, սակայն պետք է դրան բաց աչքերով նայել»:

Այն քննադատներին, որոնք վրդովվում են, որ նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ կողմից, Ասիդա Լոմիան առաջարկել է ուշադրություն դարձնել նրա վրա, որ իրենց մեղադրանքների համար նրանք օգտագործում են ամերիկյան Ֆեյսբուք ռեսուրսը:

Ա բխազիայում ներքին թշնամու որոնումները լավ պլանավորված և լավ ղեկավարվող ակցիա է, համարում է աբխազական ամենաազդեցիկ ոչ կառավարական կազմակերպություններից մեկի՝ «Հումանիտար ծրագրերի կենտրոնի» փորձագետ Լիանա Կվարչելիան:

Նա հասարակությանն առաջարկում է մտածել և պատասխանել հետևյալ հարցերին.

  • «Ինչո՞ւ են հենց ոչ կառավարական կազմակերպություներն անվանվում «ներքին թշնամի»»:
  • Ում շահեկան չէ այն, որ ոչ կառավարական կազմակերպություններն իրենց գործունեությունում հետևողականորեն կողմ են հանդես գալիս Աբխազիայի անկախությանն ու նրա ժողովրդավարական զարգացմանը:
  • Ո՞ւմ դուր չի գալիս, որ ոչ կառավարական կազմակերպությունները փորձում են հաղթահարել Աբխազիայի միջազգային մեկուսացումն ու ընդլայնել նրա կապերն արտաքին աշխարհի հետ՝ ի դեպ, կոտրելով Աբխազիայի «օկուպացիայի» մասին թեզիսը:
  • Ո՞ւմ դուր չի գալիս, որ ոչ կառավարական կազմակերպությունները հնարավորություն են բացում աբխազ ուսանողների համար ուսումը Եվրոպայի համալսարաններում շարունակելու համար:

Գրողների, լեզվաբանների և ոչ կառավարական կազմակերպությունների վրա գրոհ են իրականցնում նրանք, ովքեր կողմ են այն գաղափարին, թե Աբխազիան որպես անկախ պետություն չի կարող գոյատևել, համարում է Կվարչելիան:

«Աբխազիայի անկախության դեմ բացահայտ հանդես գալ անոնիմներն ու նրանց ծառաները ոչ միշտ են իրենց թույլ տալիս: Իսկ քանի որ ոչ կառավարական կազմակերպություններին մեղադրել արտաքին աշխարհի հետ կապերի ընդլայնման համար այնքան էլ խելամիտ չէր լինի՝ մարտավարական նկատառումներից ելնելով, ապա որպես ՈԿԿ դեմ գլխավոր «զենք» օգտագործվում են վրացիների մասնակցությամբ հանդիպումները», – գրում է Լիանա Կվարչելիան:

«Աբխազիայի համար անհրաժեշտ է օգտագործել բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները միջազգային հարթակներ դուրս գալու համար: Կարևոր է, իհարկե, արտաքին աշխարհի հետ ուղղակի կապեր հաստատելը: Իսկ ուղղակիորեն դա անել միշտ չի ստացվում, հետևաբար պետք է օգտագործել այն հարթակները, որոնք ստեղծվել են վրաց-աբխազական հակամարտության շուրջ, որոնց շնորհիվ, ի դեպ, դռներ են բացվում, որոնք անհասանելի են այլ հանգամանքներում:

Բացի այդ, եթե մենք ուզում ենք ապագայում բացառել պատերազմի կրկնությունը, եթե մենք ձգտում ենք կայուն խաղաղության դինամիկ փոխվող աշխարհաքաղաքական հանգամանքներում, ապա այսօր պետք է անել ամեն ինչ, որպեսզի ոչ ոքի մտքով չանցնի ուժ օգտագործել: Իսկ դրա համար պետք է երկխոսության մեջ մտնել վրացական հասարակության հետ», – համարում է Լիանա Կվարչելիան:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի


Կարդալ ավելին JAMnews-ում