Շարժառիթը 2019թ-ի նախագահական ընտրություններին միասին հաղթանակ տանելն է " />

Աբխազիայում իրադարձությունների անսպասելի զարգացում է. իշխանությունն ու ընդդիմությունը որոշել են միավորվել

Շարժառիթը 2019թ-ի նախագահական ընտրություններին միասին հաղթանակ տանելն է

Աբխազական քաղաքական լանդշաֆտը մոտ ապագայում վերաձևավորման կենթարկվի: Համենայնդեպս, որոշ առաջատար խաղացողներ այդ առթիվ լուրջ մտադրություններ ունեն 2019թ-ին նախատեսված նախագահական ընտրությունների նախաշեմին:

Ընտրություններին նոր ձևաչափով մոտենալու գաղափարը, երբ իշխանությունն ու ընդդիմությունը պայմանավորվում են և նախագահի միասնական թեկնածու են առաջադրում, բարձրաձայնել է Աբխազիայի նախկին նախագահ, ներկայիս ընդդիմադիր, խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Անկվաբը:

«Միայն ընդդիմադիր ուժերի միջև կոնսենսուսը չի նշանակում ընդհանուր առմամբ հասարակությունում համաձայնության հասնել: Խելացի և բոլորի համար օգտակար կլինի, եթե համաձայնության գան նաև ընդդիմությունն ու իշխանամետ ուժերը», – «Աբխազիա ինֆորմ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Անկվաբը:

Նրա կարծիքով՝ հաջողության պարագայում կոնսենսուսը «ոչ թե թվացյալ, այլ իրական» քաղաքական մշակույթի զարգացման սկիզբ կդառնա:

Բավականին մեծ հարցազրույցում ոչ մի անգամ չի հիշատակվել գործող նախագահ Ռաուլ Հաջիմբայի անունը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն տեղեկատվությունը, որն այժմ ակտիվորեն շրջանառվում է սուխումյան սրճարաններում, հենց նրա հետ է մտադիր միավորվել Ալեքսանդր Անկվաբը:

Հայտնի է, որ հարցազրույցից մի քանի օր առաջ այդ երկու քաղաքական գործիչների միջև կուլիսներում բանակցություններ են կայացել, և, դատելով Ալեքսանդր Անկվաբի տոնայնությունից (թեև նա այդ հանդիպման մասին խոսք անգամ չի ասել), բավականին հաջող:

 

 

2014թ-ի մայիսին միասնական ընդդիմությունը գլխավորող հենց Ռաուլ Հաջիմբան է ստիպել նախագահ Ալեքսանդր Անկվաբին վաղաժամ հրաժարական տալ: Եվ երեք ամիս անց ինքն է դարձել Աբխազիային նախագահը:

 

 

Այն ժամանակ թվում էր, թե այդ երկու քաղաքական գործիչները հավերժ թշնամի դարձան: Սակայն աբխազական քաղաքական միջավայրում երբեմն կարողանում են մի կողմ դենլ անձնական անբարյացակամությունն ու վիրավորվածությունն ու միություն կազմել:

Աբխազիայում ընտրազանգվածը սովոր է խրամատներին, և այս բավականին խայտաբղետ միությունը կարող է նրան իրական մոտիվացիա առաջարկել. դադարեցնել պառակտումը հասարակությունում, որը տեղի է ունենում ընտրությունից ընտրություն, և հասարակական համաձայնության գալ:

 

«Խոսքը չի գնում որոշակի ժամանակահատվածում հանգստություն և կայունություն պահպանելու մասին… Ես խոսում եմ այն մասին, որ այդ իրավիճակը մեր հասարակության համար բնորոշ դառնա որպես մշտական արժեք», – ասում է Անկվաբը:

 

Վերջինս, տարիքային ցենզին պատճառով, այլևս չի կարող նախագահի իր թեկնածությունն առաջադրել գալիք ընտրություններին: Այս տարվա դեկտեմբերին կլրանա նրա 65 տարին: Ընտրութունների մասին օրենքի համաձայն, հենց այդ տարիքից են սկսվում հանրապետությունը գլխավորելու հավակնորդ քաղաքական գործիչների համար սահմանափակումները:

Սակայն աբխազական իշխանությունում բավականաչափ այլ կարևոր պաշտոններ կան, և Ալեքսանդր Անկվաբն, իր բարձրաձայնած գաղափարի հաջողության դեպքում, ամենայն հավանականությամբ, հույս ունի դրանցից մեկը զբաղեցնել:

Եթե ավեի հստակ խոսենք, խոսքն, ըստ ամենայնի, գնում է վարչապետի պաշտոնի մասին այն թիմում, որով Ռաուլ Հաջիմբան գնում է նոր նախագահական ժամկետի: Որպես փոխնախագահ այդ թիմից կառաջդրվի ներկայիս վարչապետ Բեսլան Բարցիցի թեկնածությունը:

Նախընտրական արշավի ղեկավարումն իր ձեռքը կվերցնի Անկվաբը: Այդ դերը նա հազիվ թե մեկին զիջի: Եվ նշված հարցազրույցում նա այդ մասին բացահայտ ակնարկեց:

Եթե միավորվելու շարժառիթը պարզ է, խոսքը գնում է ներքաղաքական կայունության հասնելու մասին, ապա թե ինչ մեթոդներով է նոր թիմը պատրաստվում հասարակությունը դուրս բերել այլ, ոչ քաղաքական ճգնաժամերից, այնքան էլ պարզ չէ:

«Ես ամենաքիչը կցանկանայի բարեփոխումների մասին խոսել… Քանի որ ես իրատես եմ և լավ եմ հասկանում, որ ցանկացած զգալի բարեփոխման իրականացում պահանջում է ոչ միայն քաղաքական կամք և օրենսդրական լուծում: Բարեփոխումների իրականացումն անհնար է առանց ֆինանսական ապահովման: Իսկ… «ոտքերի տակ» փողը հանկարծակի չի հայտնվում»,ասում է Անկվաբը:

Սակայն ամբողջությամբ հակաբարեփոխիչ ներկայանալ նա չի հանդգնում.

«Կան միջոցներ, կլինեն լուրջ բարեփոխումներ: Չկան միջոցներ, կլինեն դատարկ խոսակցություններ»:

Սակայն եթե ոչինչ չփոխել ոչ կառավարման մոտեցումներում, ոչ տնտեսությունում, ոչ իրավապահ համակարգում, այլ պարզապես շարունակել շարժվել տարիներ շարունակ հարթված ճանապարհով, ինչպես հիմա, ըստ ամենայնի, առաջարկում է Անկվաբը, նոր քաղաքական ճգնաժամից չի լինի խուսափել: Քանի որ քաղաքական իրավիճակն ուղղակիորեն կապված է պետության և նրա քաղաքացիների սոցիալ-տնտեսական դրության հետ:

Էլիտան կարող է միմյանց միջև պայմանավորվել, նախագահի միասնական թեկնածու առաջադրել, այնուհետև առանց առանձնահատուկ դիմադրության հաղթել այդ ընտրություններում: Սակայն հետո, եթե չլուծել խնդիրները, փոխհամաձայնությունն արագ կտարրալուծվի խաբված քաղաքացիների ճնշման տակ: Եվ այդ ժամանակ մենք կրկին կոտրած տաշտի առջև կհայտնվենք:

Մյուս կողմից, Հաջիմբա-Անկվաբ կամ Անկվաբ-Հաջիմբա (ով ինչպես ուզում է) միության, եթե այն իհարկե կայանա, հաջորդ նախագահական ընտրություններին հաղթանակ տանելու հեռանկարն այնքան էլ անվերապահ չէ, ինչպես կարող է թվալ: Եվ կրկին պատճառներից մեկը հանրապետության կառավարման հարցում որևէ կտրուկ քայլ անելու ցանկության բացակայությունն է:

Գոյություն ունի ևս մեկ ոչ պակաս կարևոր բան: Ընդդիմություն + իշխանամետ ուժ սխեմայով միանգամայն կարող են նաև այլ միություններ առաջանալ: 2019թ-ի ընտրություններին լրջորեն պատրաստվող հավակնոտ քաղաքական գործիչներն աբխազական քաղաքական միջավայրում բավականին շատ են:

Նրանք, իհարկե, այդպիսի փորձ չունեն, ինչպես արդեն ալեհեր Ալեքսանդր Անկվաբն ու Ռաուլ Հաջիմբան, բայց փոխարենը կա սեփական պահվածքի գիծ կառուցելու էներգիա և ցանկություն՝ առանց հեղինակությունների վրա հայացք գցելու: Այդ ավելի երիտասարդ սերունդը կարող է նույն սխեման օգտագործել միավորման համար և այդ միությունը զուգակցել հանրապետությունը սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու հստակ պլանով: Եվ այդ ժամանակ Ալեքսանդր Անկվաբին իր նախագծի իրականացման համար ավելի մեծ բան հարկավոր կլինի, քան վաղանցիկ «քաղաքական կայունության» հասնելն է:

Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի

Կարդալ ավելին JAMnews-ում