Ընդդիմությունը պահանջում է նախագահական ընտրությունների օրը տեղափոխել, որովհետև թունավորել են դրա թեկնածու Ասլան Բժանիային" />

Աբխազիայի նախագահն ընդդիմությանը մեղադրել է իշխանությունը զավթելու փորձերի համար

Ընդդիմությունը պահանջում է նախագահական ընտրությունների օրը տեղափոխել, որովհետև թունավորել են դրա թեկնածու Ասլան Բժանիային

Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան հատուկ ուղերձ է հղել ժողովրդին, որում ընդդիմությանը մեղադրել է իշխանությունը զավթելու փորձերի մեջ։

Ուղերձը անժամկետ բողոքի ակցիայի պատասխանն է, որի մասին միացյալ ընդդիմությունը հայտարարել է մայիսի 20-ին։ Ցույցի մասնակիցները նաև խոսում են այն մասին, որ Հաջիմբան պետք է հրաժարական տա։

• Կարծիք․ ինչո՞ւ Աբխազիայի ոչ մի նոր նախագահ ոչինչ չի կարող դեպի լավը փոխել

Ընդիմության գլխավոր պահանջը նախագահական ընտրությունները հետաձգելն է դրանք նշանակված են 2019թ-ի հուլիսի 21-ին։ Այս պահանջի պատճառն այն է, որ նախագահի՝ ընդդիմության թեկնածու Ասլան Բժանիային փորձել են թունավորել և, ինչպես պնդում է ընդդիմությունը, այդպիսով թույլ չտալ մասնակցել ընտրություններին։

Բժանիան արդեն մեկ ամիս է, ինչ ծանր վիճակում հիվանդանոցում է։ Ընդդիմության կողմնակիցներն իրենց առաջնորդի թունվորման համար մեղադրում են գործող իշխանություններին։

Ասլան Բժանիան ծանր վիճակում մոսկովյան հիվանդանոց է տեղափոխվել ապրիլի 19-ին։ Նա շնչառական խնդիրներ ունի և չի կարողանում խոսել։ Նրա արյան մեջ մետաղների՝ սնդիկի և ալյումինի մեծ չափաբաժին է հայտնաբերվել, որոնք այդտեղ կարող էին հայտնվել միայն արտաքին ազդեցության պայմաններում։ Բժանիայի հոսպիտալացումից երկու օր անց նույն հիվանդանոց են տեղափոխվել նրա երկու թինկապահները՝ նույն ախտանիշներով, թեև ոչ այդքան ծանր վիճակում։ Թիկնապահներին հիվանդանոցից դուրս են գրել, սակայն նրանք շարունակում են բուժվել։ Ոչ մի կանխատեսում չկա, թե երբ կարող է Բժանիան հիվանդանոցից դուրս գրվել։

«Այս օրերին մենք բոլորս ականատես եղանք ընդդիմադիր ուժերի ապակառուցողական գործողություններին, որոնք արտաքուստ պատշաճ առիթ ունեն, թե իբր մտածում են պատգամավոր Ասլան Բժանիայի առողջական վիճակի կամ գալիք նախագահական ընտրություններին նրա մասնակցության մասին, իրականում նրանք մերկացրին իրենց գլխավոր մտադրությունները՝ պետության ղեկավարի վաղաժամ հրաժարականի պահանջը», – ասված է նախագահ Հաջիմբայի ուղերձում։

Նա ընդգծել է, որ «ռուս գործընկերների հետ համատեղ մեր իրավապահ մարմինները լրջորեն հետաքննում են Բժանիայի թունավորման գործը», հայտարարել է նաև, որ իշխանությունները «ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները սադրանքները կանխելու համար», և կոչ է արել ժոովրդին «սադրանքի չտրվել, զսպվածություն և զգոնություն պահպանել»։

Մայիսի 21-ի առավոտյան բանակցությունների ճանապարհով աբխազական միլիցիան կարողացել է ապաարգելափակել Պսոու-Ինգուր ավտոմայրուղին, որը երկու հատվածում նախորդ երեկոյից պարալիզացվել էր ընդդիմության կողմնակիցների կողմից։

Աբխազիայում գործադուլ են սկսել հանրային տրանսպորտի շատ վարորդներ, և իշխանությունները բանակցություններ են վարում՝ փորձելով դադարեցնել գործադուլը։

Անհնազանդության անժամկետ ակցիա ընդդիմությունը հայտարարել է այն բանից հետո, երբ Աբխազիայի խորհրդարանը մայիսի 20-ի նիստին ձայների մեծամասնությամբ չի համաձայնել նախագահական ընտրությունները հուլիսի 21-ից 2019թ-ի նոյեմբեր տեղափոխելու ընդդիմության առաջարկին, քանի որ թունավորել են ընդդիմության առաջնորդին և նախանշված ընտրարշավի ֆավորիտներից մեկին՝ Ասլան Բժանիային։

Այսպիսով, Աբխազիայի նախագահական ընտրարշավը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 21-ին։

Աբխազիայում հայտնի հասարակական գործիչ և գրող Նադեժդա Վենեդիկտովայի մեկնաբանությունը

«Այս օրերին ներկայիս իշխանությունը փորձում է այն ամենի տակից դուրս գալ, ինչ արել է չորս տարի առաջ։ Կրկին պահանջում են նախագահի հրաժարական, կրկին՝ հանգստի սեզոնի նախաշեմին։

Ստացվում է, որ հինգ տարում մենք ոչինչ չենք սովորել։ Թեև առաջին պետական հեղաշրջումից հետո ընդդիմությունը երդվում էր, որ գործելու է բացառապես սահմանադրության շրջանակում։

Հիմա պատկերացնենք, թե Հաջիմբան զիջել է պահանջներին և հրաժարական տվել նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ։ Երկրորդ պետական հեղաշրջում կլինի․ արդյո՞ք մեր երկրին նման հեղինակություն պետք է։

Այո, նախագահական ընտրությունների օրը տեղափոխելը հիմնված է արդարության զգացմունքի վրա։ Սակայն նախագահի անհապաղ հրաժարականի պահանջը չի բխում երկրի երկարաժամկետ շահերից։

Եթե ընտրությունները չհետաձգվեն, գործող իշխանությունների հեղինակությանն այնպիսի վնաս կհասցվի, որ այն վերջնականապես կկորցնի լեգիտիմությունը նույնիսկ իր կողմնակիցներից շատերի համար։ Ընտրություններում նա չի կարողանա հաղթել։ Այո, դժվար է կանգ առնել հանրահավաքային տենդի թեժ պահին, սակայն դա պետք է անել հանուն սահմանադրության և օրենքի գերակայության ամրապնդման։ Ձիուն վարգի պահին սանձելն ավելի մեծ ունակություն է, քան սրընթաց արշավելը»։

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում